HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիների մեկուսացումն ապահովում է 35 հյուրանոցային տնտեսություն. Զբոսաշրջության կոմիտեն գաղտնի է պահում դրանց անունները

Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց հետ շփման շրջանակի մեկուսացումն ապահովում է 35 հյուրանոցային տնտեսություն: Վերջիններիս հետ կնքվել են պայմանագրեր: 2 հյուրանոց տարածքը տրամադրել է անվճար հիմունքներով:

Հյուրանոցային մեկ համարի միջին արժեքը կազմում է օրական 10 հազար դրամ` անկախ համարում մեկուսացված անձանց քանակից:

Այս տվյալները, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: Սուսաննա Սաֆարյանը, սակայն, հրաժարվել է տրամադրել այդ հյուրանոցային տնտեսությունների ցանկը, ասել է, թե` ընկերությունների անուններն ու նրանց հետ կնքված պայմանագրերի գումարին վերաբերող տեղեկությունները:

 «Հայտնում ենք, որ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերը` որպես կացարան ծառայող ՀՏՕ-ներում բնականոն աշխատանքն ապահովելու, մեկուսացված քաղաքացիների, գործընթացում ներգրավված անձանց անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը պաշտպանելու և անվտանգության այլ նկատառումներով պայմանավորված` ընկերությունների անունները ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից տրամադրվել չեն կարող»,- գրել է Սուսաննա Սաֆարյանը: 

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նշված հոդվածն ու կետերն առհասարակ կապ չունեն տիկին Սաֆարյանի հիմնավորման հետ: Այդ հոդվածով սահմանվում է, որ տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա`

2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.

4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք):

Մենք որևէ անձի կամ նրա ընտանիքի մասին տեղեկություններ չէինք հայցել, ոչ էլ խնդրել էինք բացահայտել բժշկական, նոտարական կամ փաստաբանական գաղտնիք: Տեղեկությունները վերաբերում են ՀՀ հարկատուների հաշվին հյուրանոցային օբյեկտների հետ կնքված պայմանագրերին, դրանց արժեքին: Հետևաբար, Սուսաննա Սաֆարյանն այս տեղեկությունները մերժելու իրավասություն չուներ:

Այդուհանդերձ, պետգնումների կայքում` մեկ անձից կատարված հրատապ գնում ձևակերպված պայմանագրերի շարքում կարողացանք զտել շուրջ 3 տասնյակ պայմանագիր հյուրանոցային ծառայություններ մատուցող 22 ընկերությունների հետ` մարտ-ապրիլ ամիսներին: Հավանաբար, վերջին կնքվածները դեռևս չեն տեղադրվել:

Այդպիսով` Կառավարությունը Երևանի 15 հյուրանոցում անձանց մեկուսացման համար համարներ է պատվիրել և պայմանագրեր կնքել դրանց հետ: Այդ հյուրանոցների թվում են նաև հանրահայտ հյուրանոցները, ինչպիսիք են` «Մարիոթը», «Փարիզը», «Իմպերիալը» և շատ այլ հյուրանոցներ:

Կնքված պայմանագրի ամենամեծ արժեքը 42,5 մլն դրամ է: Այն կնքվել է «Մինօտել Բարսամ Սյութս» հյուրանոցը շահագործող «Ռումի» ՍՊԸ-ի հետ: Հաջորդում են «Արմենիա Մարիոթ» և «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցները:

Հյուրանոցներն ու նրանց հետ կնքված պայմանագրերի արժեքը
Infogram

Մնացած հյուրանոցները Կառավարությունը վարձակալել է մարզերում: Մասնավորապես, մեկական հյուրանոց Գյումրիում, Էջմիածնում, Վանաձորում, Ծաղկաձորում, Տավուշի մարզի Թեղուտ գյուղում, երեք հյուրանոց` Դիլիջանում:

Այստեղ ամենաբարձր արժեքով հիմնական 4 հյուրանոցի հետ կնքված պայմանագրերն են, այդ թվում` Գյումրու, Էջմիածնի, Ծաղկաձորի և Դիլիջանի հյուրանոցները:

Untitled infographic
Infogram

Անդրադառնալով մեր մյուս հարցադրումներին, Զբոսաշրջության կոմիտեի նախագահը հայտնել է, որ ապրիլի 27-ի դրությամբ հյուրանոցային ծառայությունների մատուցման պատրաստակամություն է հայտնել հյուրանոցային տնտեսության 99 օբյեկտ, որոնցից`

  • 51 կազմակերպություն` Երևանից
  • 48 կազմակերպություն մարզերից (Արարատի մարզ՝ 2 կազմակերպություն, Արմավիրի մարզ՝ 2 կազմակերպություն, Գեղարքունիքի մարզ՝ 5 կազմակերպություն, Շիրակի մարզ՝ 3 կազմակերպություն, Կոտայքի մարզ՝ 13 կազմակերպություն, Սյունիքի մարզ՝ 6 կազմակերպություն, Վայոց ձորի մարզ՝ 2 կազմակերպություն, Տավուշի մարզ՝ 15 կազմակերպություն)

Զբոսաշրջության կոմիտեն հայտնել է, որ իրենց կողմից քայլեր են ձեռնարկվել նաև հայտ չներկայացրած, սակայն ստեղծված իրավիճակում նախընտրելի հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ` վերջիններիս ևս ներգրավելու նպատակով: Որոշ հյուրանոցներ պատրաստակամություն են հայտնել հյուրանոցը տրամադրել անվճար սկզբունքով: Մնացած բոլոր հյուրանոցային տնտեսության օբյեկտներն առաջարկել են հյուրանոցային համարների սովորական արժեքից անհամեմատ ցածր արժեքներ:

Ըստ Զբոսաշրձության կոմիտեի տվյալների` հյուրանոցային օբյեկտներն ընտրվել են հետևյալ գործոններով`

  • համարների քանակով,
  • գտնվելու վայրով, հաշվի առնելով մեկուսացման գոտիների կենտրոնացվածությունը և բուժսպասարկման լոգիստիկ հնարավորությունները
  • հյուրանոցներում նվազագույն պայմանների առկայությամբ` ջրամատակարարում, ջեռուցում, հյուրանոցային համարների կահավորանք, յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն,
  • հյուրանոցների ներկայացրած գնառաջարկով,
  • հրատապ տեղաբաշխելու անհրաժեշտությամբ պայմանավորված հյուրանոցային օբյեկտը գործարկելու արագությամբ:

Կոմիտեն նաև տեղեկացրել է, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտների և կազմակերպությունների ընտրությունը շարունակական բնույթ է կրում` կախված պահանջարկից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter