HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ազգային անվտանգության ծառայության մեկ օրը՝ Խաչատրյանների հետ

Ազգային անվտանգության ծառայության  քննիչները երեկվա ընթացքում մի քանի քննչական գործողություն են իրականացրել, որոնք վերաբերում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, նրա ընտանիքին, որդիների՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների բիզնեսին։ Երեկ ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի կինն ու մայրը, խուզարկություններ են իրականացվել Ucom ընկերության գրասենյակում, որտեղ Խաչատրյանները բաժնեմաս ունեն, ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում ։ Բացի այդ՝ դատարանը քննել է Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը։

Խաչատրյանների շահերը ներկայացնող փաստաբան Ամրամ Մակինյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝  Գուրգեն Խաչատրյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու։ Պաշտպանը նշեց, որ Գուրգեն Խաչատրյանը դատական նիստին չի մասնակցել։

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանին նախկինում  առանձնապես խոշոր չափով յուրացմանն օժանդակելու մեղադրանք է առաջադրված եղել, ԱԱԾ-ն մեղադրանքը լրացրել է փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածներով ու նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Անդրադառնալով Գուրգեն Խաչատրյանի կնոջն ու մորն ԱԱԾ կանչելու հանգամանքին՝ Մակինյանը նշեց, որ նրանց կանչվել են Խաչատրյանին առնչվող գործի շրջանակներում, սակայն ցուցմունք չեն տվել։

«Քանի որ մերձավոր ազգականներն իրավունք ունեն ցուցմունք չտալ, նրանք օգտվել են այդ իրավունքից»,- ասաց Ամրամ Մակինյանը։

Անդրադառանալով  Ucom ընկերության գրասենյակում կատարված խուզարկությանը՝ Մակինյանը նշեց, որ դատարանը թույլատրել էր խուզարկություն իրականացնել ընկերության նորանշանակ տնօրենի՝ Արա Խաչատրյանի աշխատասենյակում, ով դեռևս չի տեղափոխվել նախկին տնօրենի՝ Հայկ Եսայանի աշխատասենյակ։

«Արա Խաչատրյանը որպես այդպիսին աշխատասենյակ չունի, չի անցել նախկին տնօրենի աշխատասենյակում իր պարտականությունների կատարմանը, աշխատում է ընկերության այլ սենյակում։ Երբ Ազգային անվտանգության ծառայությունը հասկացավ, որ այդ սենյակում ոչ մի բան չկա, որոշվեց,  որ պիտի խուզարկություն իրականացնի նախկին գլխավոր տնօրենի աշխատասենյակում»,- ասաց Ամրամ Մակինյանը։ Պաշտպանը նշեց, որ իրենք այդ խուզարկությանը չեն մասնակցել, քանի որ, փաստացի, դատարանի որոշմամբ թույլատրված չէր այդ սենյակում խուզարկություն իրականացնել։

«Խուզարկությունը չէր առնչվում Արա Խաչատրյանի շահերին, մենք չենք ցանկացել այդ ապօրինի կատարվող քննչական գործողությանը մասնակցել։ Անկեղծ ասած՝ չգիտենք էլ՝ կատարեցին այդ խուզարկությունը, թե՞ ոչ, ինչ հայտնաբերեցին։ Մենք ուղղակի դուրս ենք եկել գրասենյակից ու գնացել»,- ասաց Ամրամ Մակինյանը։

Պաշտպանը  նշեց, որ Արա Խաչատրյանի բնակարանի խուզարկությամբ ԱԱԾ աշխատակիցները առգրավել են Ucom  ընկերության գործունեությանն առնչվող փաստաթղթեր, Խաչատրյանի համակարգիչը։

Հարցին՝ Ucom  ընկերության վերաբերյալ քննվող որևէ գործ կա՞ ԱԱԾ-ում, պաշտպանը պատասխանեց, որ որպես այդպիսին առանձին գործ չկա։ Պաշտպանի համոզմամբ՝ իրավապահներն իրավունք չունեին Ucom-ի գործունեությանն առնչվող փաստաթղթեր առգրավելու։

«Շատ անորոշ շրջանակի փաստաթղթեր են փնտրում։ Առհասարակ վերջին շրջանում կան դատական ակտեր, որոնցով շատ անորոշ շրջանակի փաստաթղթեր են  թույլատրում առգրավել»,- ասաց Մակինյանն ու հավելեց, որ երբ անորոշ շրջանակով թույլատրվում է առգրավել գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ պատրվակով կարելի է ամեն փաստաթուղթ վերցնել։

Պաշտպանը նշեց, որ պպատրաստվում են բողոքարկել խուզարկությունների վերաբերյալ դատարանի թույլտվությունն ու երեկվա ընթացքում ԱԱԾ-ի իրականացրած գործողությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter