HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռուբեն Վարդազարյանը՝ կորոնավիրուսի պայմաններում դատարանների գործունեության, անկախ եւ վստահելի դատական իշխանության մասին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում դատական իշխանության գործունեության, դատական համակարգում  «վնգստացող դատավորներից» ազատվելու տեսլականի, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրներ ունենալու պայմաններում այլ դատավորի մակագրելու վերաբերյալ հարցերին։

Պարոն Վարդազարյանին գրավոր հարցում ենք ուղարկել՝ միաժամանակ կից գրությամբ առաջարկելով հնարավորության  դեպքում տրված հարցերին պատասխանել բանավոր հարցազրույցի ձեւաչափով՝ նկատի ունենալով, որ գրությամբ ոչ միայն տեղեկություններ էինք հայցել, այլև որոշ հարցերի վերաբերյալ՝ ԲԴԽ նախագահի կարծիքը։ Ռուբեն Վարդազարյանից, սակայն, գրավոր ենք ստացել տրված հարցերի  պատասխանները։

Այսպես, գրավոր հարցմամբ ԲԴԽ նախագահին խնդրել ենք հայտնել, թե

  1. Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է մեկ ամսով։ Այս պայմաններում հաջողվո՞ւմ է ապահովել դատարանների  բնականոն գործունեությունը, թե՞ կայանում են միայն անհետաձգելի դատական նիստերը։
  2. Արդյոք առկա՞ են տվյալներ, թե արտակարգ դրության պայմաններում քանի քաղաքացիական, վարչական, քրեական գործ է հետաձգվել, դատավարության ո՞ր կողմի նախաձեռնությամբ են ավելի շատ հետաձգվում նիստերը։
  3. Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվում դատարաններ՝ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ սկզունքով պետք է դատարաններն առաջնորդվեն խափանման միջոցի հարցը քննարկելիս։
  4. ԲԴԽ-ն ստացե՞լ է դժգոհություններ, որ դատավորներն առերևույթ օգտվել են կորոնավիրուսի համավարակի հանգամանքից և ազատ արձակել կալանքի տակ գտնվող անձանց, որոնց ազատելու հիմքեր չեն եղել։
  5. Հեռավար դատավարությունները որքանո՞վ են արդյունավետ գործում։ Կորոնավիրուսի համավարակը հաղթահարելուց հետո ներդրված այս համակարգը կշարունակի՞ գործել։
  6. Դատական համակարգում այս պահին կա՞ն կորոնավիրուսով ախտորոշված դատավորներ և դատարանների այլ աշխատակիցներ։

Ռուբեն Վարդազարյանը, հղում կատարելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին՝ նշել է, որ արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը:

«Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, կարևորելով արտակարգ դրության պայմաններում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը, Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները՝ Դատական իշխանության համակարգի մարմինների բնականոն գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելով Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքի անարգել իրացման հնարավորությունը: Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ` ՀՀ բոլոր դատարաններում (դատարանների ոչ բոլոր դահլիճներում) ներդրվել է տեսաձայնային հաղորդակցության հնարավորություն ապահովող համակարգ, ինչը հնարավորություն է տալիս  դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով»,- հայտնել է Ռուբեն Վարդազարյանը՝ հավելելով, որ այս գործիքի կիրառման արդյունավետությունը կգնահատվի ժամանակի ընթացքում և դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում այն կգործի նաև արտակարգ դրությունը դադարելուց հետո:

ԲԴԽ նախագահը նաև տեղեկացնում է, որ, նկատի ունենալով Հայաստանում  հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները, ինչպես նաև ելնելով քաղաքացիների շփումները սահմանափակելու անհրաժեշտությունից՝ Դատական դեպարտամենտի և ՀՀ դատարանների գրասենյակներն առավելապես աշխատում են էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, Դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ուղարկելու համար հրապարակվել են էլեկտրոնային հասցեներ և այլ կոնտակտային տվյալներ:

«Վերոգրյալի լույսի ներքո ցանկանում ենք հստակորեն արձանագրել, որ արտակարգ դրության այս ամբողջ ժամանակահատվածում դատարանները բնականոն գործել են, իսկ բոլոր այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցները չեն ներկայացել դատական նիստերին կամ դատական նիստերը հետաձգելու մասին միջնորդություններ են ներկայացրել՝ դատարանների կողմից կայացվել են որոշումներ՝ նրանց բացակայությամբ դատական նիստերը շարունակելու կամ դատական նիստերը հետաձգելու մասին (հետաձգված դատական նիստերի քանակի և թե դատավարության որ կողմի միջնորդությամբ են դատական նիստերը հետաձգվել՝ տեղեկություններ առկա չեն)»,- գրել է ԲԴԽ նախագահը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք ԲԴԽ-ն ստացե՞լ է դժգոհություններ, որ դատավորներն, առերևույթ օգտվել են կորոնավիրուսի համավարակի հանգամանքից և ազատ արձակել կալանքի տակ գտնվող անձանց, որոնց ազատելու հիմքեր չեն եղել, Ռուբեն Վարդազարյանը նշել է, որ  խափանման միջոցների ընտրության և փոփոխության հիմքերը հստակորեն սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, և Բարձրագույն դատական խորհրդում չեն ստացվել դիմում-բողոքներ՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու և այլ խափանման միջոց ընտրելու կամ այն փոփոխելու և առհասարակ որևէ խափանման միջոց չընտրելու հետ կապված:

Ինչ վերաբերում է դատական համակարգում կորոնավիրուսով ախտորոշված դատավորների և դատարանների այլ աշխատակիցների առկայության վերաբերյալ հարցին՝ Վարդազարյանը պատասխանել է, որ կորոնավիրուսով վարակման միայն մեկ դեպք է  գրանցվել։ Խոսքը, հիշեցնենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի տեխնիկական սպասարկման անձնակազմի  մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուս ախտորոշելու դեպքի մասին է։

«Ամփոփելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդը հույս է հայտնում, որ ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետության դատավորները կցուցաբերեն անհրաժեշտ և բավարար կազմակերպչական հմտություններ՝ իրենց վարույթներում գտնվող դատական գործերով հնարավորինս սեղմ ժամկետներում որակյալ արդարադատություն իրականացնելու համար»,- ասում է ԲԴԽ նախագահը։

Հարցման 7-րդ կետով նշել ենք, որ դատավորները խոսում են այն մասին, որ առանց այն էլ ծանրաբեռնված դատական համակարգին կրկնակի թվով դատավորներ են անհրաժեշտ լինելու, որպեսզի կորոնավիրուսից հետո դատական համակարգը կարողանա բնականոն գործել։ Ռուբեն Վարդազարյանին խնդրել ենք կարծիք հայտնել՝ դատական համակարգի  գերծանրաբեռնվածության հարցն իսկապե՞ս այսքան լուրջ է, թե, այնուամենայիվ, չափազանցված է։

«Նախ՝ հարկ է արձանագրել դատարաններում առկա ծանրաբեռնվածության փաստը, ինչի մասին խոսում են դատական վիճակագրության վերջին տարիների տվյալները: Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունների ստանձնման պահից սկսած՝ ձեռնամուխ է եղել Դատական իշխանության համակարգում առկա խնդիրների գույքագրման աշխատանքների իրականացմանը, որի ընթացքում, ի թիվս այլ ուսումնասիրությունների, կատարվել և հրապարակվել են Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման  հայեցակարգը և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության տարեկան հաղորդումը։ Հիշյալ փաստաթղթերում, ի թիվս դատական իշխանության համակարգում առկա մի շարք այլ խնդիրների, մանրամասնորեն ուսումնասիրության է ենթարկվել դատարաններում առկա ծանրաբեռնվածության հիմնախնդիրը, մասնավորապես՝ ծանրաբեռնվածության ձևավորման հիմքում ընկած հանգամանքները: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ձևակերպվել է Բարձրագույն դատական խորհրդի տեսլականը՝ դատարաններում առկա ծանրաբեռնվածության խնդրի հաղթահարման և կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև առաջնահերթության կարգով ձեռնարկման ենթակա գործողությունների ռազմավարական ուղղությունները: Հայեցակարգը և հաղորդումն ուղարկվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը»,- գրել է Ռուբեն Վարդազարյանը։

 ԲԴԽ նախագահը հայտնում է, որ Արդարադատության նախարարության հետ համատեղ կատարվող աշխատանքների շրջանակներում նախաձեռնվել է նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի փուլային ներդրումը, քանի որ թվայնացվածության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության ներկայիս պայմաններում դժվար է ապահովել դատական համակարգի գործունեության արդյունավետությունն ու մատչելիությունն առանց ժամանակակից էլեկտրոնային արդարադատության և դատական գործունեության կառավարման ավտոմատացված ծրագրերի և գործիքների ներդրման։

«Էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման շնորհիվ  ոչ միայն պետությունն է խնայում իր միջոցները՝ դյուրին դարձնելով դատարաններից օգտվողների կյանքը, այլ նաև կարող է նվազել դատարանների ծանրաբեռնվածությունը և ազդել դատարանների արագագործության վրա: Էլեկտրոնային արդարադատության ներդրման համատեքստում հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային հայցեր ներկայացնել դատարան: Էլեկտրոնային հայցեր ներկայացնելու հնարավորություն ընձեռող գործիքը փորձնական ներդրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝«Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով»,- գրել է ԲԴԽ նախագահը։

Հարցման 8-րդ կետով մեջբերել ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի պնդումն այն մասին, որ ԲԴԽ-ի 2018 թվականի հուլիսի 9-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը պարտավոր էր դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրներ ունենալու իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը փոխանցել նույն դատարանի մեկ այլ դատավորի, ու խնդրել Ռուբեն Վարդազարյանին այս հարցի վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումը։

«Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման վերաբերյալ իրավակարգավորումները սահմանված են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ: Հետևաբար, քննարկման առարկա հարցի կապակցությամբ գործողություններ կատարելը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակից»,- պատասխանել է Ռուբեն Վարդազարյանը։

Ինչպես հայտնի է, մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատական համակարգի մասին, ասել է, որ «դատական համակարգն անտեր է, կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ ու նոր տերեր փնտրում»։ Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհուրդը չի արձագանքել վարչապետի այս հայտարարությանը, Վարդազարյանը հայտնել է, որ արձագանքելու հարցը շատ է քննարկվել, բայց հետո որոշվել է քաղաքական հայտարարություններին չարձագանքել:

«Ես գտնում եմ, որ միգուցե բառակապակցությունը փոքր-ինչ կոպիտ էր: Պարզ ասեմ՝ դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին հրապարակային կարծիք հայտնել, բայց երբ իրար հետ են զրուցում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ և ինչի մասին էր խոսքը»,- ասել է Ռուբեն Վարդազարյանը:

Վարչապետի վերը նշված հայտարարությունից մոտ մեկ տարի անց նա նորից խոսել է «վնգստացող դատավորների մասին՝ հայտնելով, որ գալու է նրանցից ազատվելու ժամանակը։ Փաստացի, ստացվում է, որ վարչապետի որակմամբ՝ «վնգստացող դատավորները», որոնց, ԲԴԽ նախագահի խոսքով, դատական համակարգում բոլորը ճանաչում են, շարունակում են արդարադատություն իրականացնել։

Ռուբեն Վարդազարյանին խնդրել էինք հայտնել նաեւ, թե ինչպե՞ս է պատկերացնում վարչապետի որակմամբ «վնգտացող  դատավորներից» դատական համակարգն ազատելու գործընթացը և, ըստ Վարդազարյանի, ի՞նչ ժամանակահատվածում է դա հնարավոր։

«Բարձրագույն դատական խորհուրդը վերահաստատում է իր կամքը և որդեգրած քաղաքականությունը դատական իշխանության անկախ, անաչառ, պրոֆեսիոնալ, վստահելի և գրավիչ համակարգ ունենալու հարցում: Ինչպես վերը նշվեց՝ Բարձրագույն դատական խորհրդի տեսլականը ձևակերպված է, այդ թվում՝ Հայեցակարգում և Հաղորդման մեջ: Դրանից բացի, հարկ է նշել, որ բացի կատարված և ընթացող ուսումնասիրություններից՝ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության միջև առկա արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել անհրաժեշտ գործողություններն ընդգրկել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի՝ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման մեջ: Վերոգրյալ գործողությունների արդյունքում արդեն իսկ տեղի են ունեցել և շարունակելու են տեղի ունենալ օրենսդրական փոփոխություններ: Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունների շրջանակներում իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ վերը նշված նպատակներն իրականություն դարձնելու համար»,- պատասխանել է Ռուբեն Վարդազարյանը։

Ռուբեն Վարդազարյանի լուսանկարը՝ Բարձրագույն դատական խորհրդի Ֆեյսբուքի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter