
Լիլիթ Պիպոյան. «Պետք չէր, որ մեր երաժիշտները ներկա գտնվեին այդ երկրում, այդ բեմում»
Երգչուհի Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից այսքան մեծ թվով սահմանային խախտումների դեպքում չի կարելի Հայաստանից ներկայացուցիչ ուղարկել Բաքու՝ մասնակցելու «Եվրատեսիլ 2012»-ին: Նա գտնում է, որ, չնայած շատերի կարծիքով, պետք է այդ մասնակցությունը, բայց ո՞վ իր զավակին այնտեղ կուղարկեր:
Երգչուի, երգահան Լիլիթ Պիպոյանը «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելը չի կապում անվտանգության հետ, որովհետև դա կապահովվեր: Սակայն նա չի հասկանում, թե դրանով մենք ինչ հաղորդագրությամբ ենք ներկայանում, ստացվում է, որ ասում ենք՝ «տեսեք ինչ լավ ենք երգում, մեզ ընդունեք»:
«Բայց ինչի՞ համար գնան, երբ դա թշնամու երկիր է: Պետք չէր, որ մեր երաժիշտները ներկա գտնվեին այդ երկրում, այդ բեմում»,- հավելեց Լ. Պիպոյանը:
Հակառակ կարծիքին էր «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով գտնում է, որ տարիներ շարունակ Ադրբեջան են գնացել տաբեր ոլորտների ներկայացուցիչներ, որևէ խնդիր չի առաջացել, և այնտեղ ոչինչ տեղի չէր ունենա: Նա գտնում է, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը մի օր պետք է լուծվի, բայց եթե 2012 թ.-ին անգամ նման խնդիր է առաջանում, ապա այդ կոնֆլիկտը դեռ կձգվի երկար տարիներ, ինչը Ա. Օհանյանին վախեցնում է:
Վերջինիս կարծիքով՝ «Եվրատեսիլը» շարունակում է մնալ նույն մրցույթն ու համերգը, և շատ բան չէր փոխվում, եթե դա անց է կացվում Բաքվում: Առավել ևս, որ «Դորիանս» խումբը պատրաստակամ էր մասնակցել մրցույթին:
Շ. Պետրոսյանը հավելեց, որ չի սիրում այդ մրցույթը, անգամ երդվել էր դրա մասի չխոսել, բայց «դատապարտվածի նման նայում է, որովհետև մերոնք են գնում»:
Մեկնաբանել