
Խորհրդարանը քննարկեց «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը
Խորհրդարանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` փոփոխությունները հեղափոխական են լինելու ոլորտի համար:
«Քանի որ գործող օրենքը շատ սահմանափակ է թե´ իր բովանդակությամբ, թե´ վերահսկման մեխանիզմներով: Այս օրենքը բավական լուրջ փոփոխություններ է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում»,- ասաց նախարարը:
Հարությունյանի խոսքով` ամրագրվել է նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերի շրջանակը` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի երեխաներ:
«Նկարագրվել է ՆՈՒՀ-երի բաղադրիչները, երեխաների բժշկական սպասարկման մասով ավելացվել է դրույթ, համաձայն որի ՆՈԻՀ-ը ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը, վերանայվել է ՆՈՒՀ-ում սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքներ դրույթներ, սահմանվել է մանկավարաժական աշխատողների պարտադիր վերապատրաստումը»,- ասաց նախարարը:
Նախագծի հարակից զեկուցող Սոֆիա Հովսեփյանը խոսեց օրենքով ամրագրվող զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորման պահանջի մասին:
«Որովհետև մինչ օրս յուրաքանչյուրը կարող էր ԱՁ բացել և պարզապես ծառայություններ մատուցել, և որևէ մեկը չէր կարող վերահսկողություն իրականացնել, թե ինչպիսի ծառայություն է մատուցվում այնտեղ: Իսկ այս պարագայում պարտադիր լիցենզավորման պահանջ կա»,- ասաց նա:
Հովսեփյանի խոսքով` գործող օրենքով նախադպրոցական ծրագիրը չի համարվում հանրակրթության սկիզբ, սակայն փոփոխություններով նախադպրոցական ծրագիրը հարմարեցվում է հանրակրթությանը, նաև տեղի է ունենալու ներքին և արտաքին գնահատում:
Նախագծով երաշխավորվում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարեւոր երաշխիք: Կրթական ծրագրի շրջանակներում ընտրվելու և կիրառվելու են ուսուցման այնպիuի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը:
Ըստ փոփոխությունների` նախադպրոցական տարիքային փուլերն են` 0-ից մինչև 2 տարեկան (վաղ մանկության տարիք), կրտսեր նախադպրոցական տարիք` 2-ից մինչև 4 տարեկան, միջին նախադպրոցական տարիք՝ 4-ից մինչև 5 տարեկան, ավագ նախադպրոցական տարիք` 5-ից մինչև 6 տարեկան:
Լուսանկարը` Անի Սարգսյանի
Մեկնաբանել