HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գըվուգ Ինտերնացիոնալ» գաստրո տան հիմնադիրները ճգնաժամից դուրս գալու ելքեր են փնտրում 

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո տնական, համեղ սննդի սիրահարների համար մարտի 20-ից փակվեցին նաեւ Գյումրիում գործող «Գըվուգ Ինտերնացիոնալ» գաստրո տան դռները` ավանդական ճաշատեսակների համտեսումը թողնելով ավելի բարենպաստ ժամանակների: Իսկ մինչեւ այդ, կորոնավիրուսի մասին խոսակցություններին եւ առաջին հիվանդների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին զուգահեռ՝ գաստրո տան հաճախորդների պատվերներում սկսել էին գերակշռել «վիրուսասպան» կերակուրները:

«Ավելի հաճախ պատվիրում էին խաշ, պոչով ապուր, ավելուկով ապուր, այսինքն` էնպիսի ճաշատեսակներ, որ սխտորով են ուտում՝ գերակշռում էր խաշը,- ասում է «Գըվուգ Ինտերնացիոնալ» գաստրո տան տնօրեն Համլետ Գեւորգյանը:- Դե գիտեք, որ հայերը սխտորով համեմվող կերակուրները սովորաբար օգտագործում են ուշ աշնանից մինչեւ գարնան վերջ՝ համարելով, որ սխտորը հա´մ իմունիտետի համար է լավ, հա´մ էլ վիրուսը մոտիկ չի գա: Էս օրերին համացանցում կատակով հարցրել էին, թե սխտորը կօգնե՞ կորոնավիրուսի դեմ, պատասխանել էին՝ օգնելը չիդեմ, բայց օր կերար, 2 մետր շառավղով հեչ մարդ մոտիկ չի գա, էդ էլ քեզի օգնություն (ծիծաղում է,- հեղ.)»: 

«Գըվուգ» գաստրո տունը մայիսի 4-ից չվերաբացվեց՝ բացօթյա տարածք չունի: 2019թ.-ի օգոստոսից գործող գաստրո տունն ընդլայնելու ծրագրերը նախատեսել էր այս տարի: Համլետն ասում է, որ մտադիր էին նկուղային հարկում գինու համտեսի սրահ կառուցել, պատակից տարածքում էլ, մոտ 40 քմ-ի վրա՝ բացօթյա սրճարան (3 սեղանի հնարավորությամբ): Զբոսաշրջային ակտիվությունն ու վերջին շրջանում ձեռք բերած ճանաչելիությունը հույս էին ներշնչել հունիսին սկսելու ընդլայնման աշխատանքները:

«Ուզում էինք այս տարի ամբողջանալ եւ լիովին համապատասխանել մեր անվանը՝ մառանի գաղափարն իրականացնելով նկուղային հարկում,- նկատում է զրուցակիցս,- բաց տարածքում մի 2-3 սեղան ունենալն էլ դրսում սրճելու սիրահարներին գոհացնելու համար էր, բայց կորոնավիրուսը խառնեց բոլոր պլանները՝ եկամուտ ստանալու տեսանկյունից: Պարետատան որոշմամբ մենք փակվեցինք: Օգտվել ենք Կառավարության աջակցության 5-րդ եւ 8-րդ ծրագրերից, ստացածս 136 հազար դրամով փակել եմ կոմունալ ծախսերը, մեր երեք աշխատողները միանվագ ստացան աշխատավարձի փոխհատուցումը, սակայն գումարի չափը տարբեր էր՝ մինիմումը 18, մաքսիմումը՝ 68 հազար դրամ: Մոտ 2 ամիս է` չենք աշխատում, եւ հայտնի էլ չէ, թե մեր կարգավիճակն ունեցող սրճարանները երբ կբացվեն»:

Արտակարգ դրության օրերին գուցե կարողանային որոշ գյուղմթերքների առաքում կազմակերպել (ձու, պանիր, յուղ), քանի որ գաստրո տան մատակարարները հարեւան գյուղերից են, սակայն տեղաշարժման սահմանափակումն այդ տարբերակն էլ էր բացառել: «Մենք արագ սննդի կետ չենք, մեր ճաշերը առաքման ենթակա չեն, չեմ պատկերացնում, թե որեւէ մեկը կարող է զանգեր պանրխաշ, չանախ կամ թանով ապուր ուզեր»,- Համլետը ծիծաղում է:

«Գըվուգ Ինտերնացիոնալ»-ի տարածքը մեծ չէ՝ 5 սեղան եւ միաժամանակ ամենաշատը 18 անձի գտնվելու հնարավորություն: Անցած 6-7 ամիսների հաճախելիության վերլուծությունը ցույց է տվել, որ գաստրո տան հիմնական հաճախորդները տեղացիներն ու այլ մարզերից Գյումրի հասած հայ զբոսաշրջիկներն են: Օտարերկրացիներ եւս այցելել են, սակայն նրանց թիվը մեծ չէ, վերջիններս գաստրո տուն էին հասնում հյուրընկալող հայ ծանոթների շնորհիվ՝ շիրակյան համեղ կերակուրների համտեսի նպատակով:

«Վերաբացվելու դեպքում, վստահ եմ, որ տեղացիները կրկին կայցելեն, էնպես չէ, որ կախվածություն ունեինք օտարերկրյա տուրիստներից ու պիտի մտածենք, թե սահմանները, որ փակ մնացին, ինչ ենք անելու, սակայն էստեղ խնդիրն ուրիշ է. էս տիպի փոքր տարածքների վրա, որոնք չունեն բացօթյա հատված, գործունեություն ծավալողների համար Կառավարությունը դեռ որոշում չի կայացրել»:

Համլետն ասում է, որ գործունեության սկզբից մինչեւ փակվելը, չեն ունեցել կուտակումների դեպքեր, աթոռ ավելացնելու, մարդկանց սեղմվածության հաշվին գումար աշխատելու ցանկություն: Շատ հաճախ մերժել են, երբ ազատ տեղ չեն ունեցել, այցելուների հիմնական մասն էլ զանգահարել, տեղեկացրել, նոր է եկել: «Այս տարի պիտի սկսեինք մեր ծրագրի մյուս փուլը՝ օտարազգի զբոսաշրջիկներին, որոնք կհյուրընկալվեին մեզ մոտ, հասցնել գյուղ՝ տեղում լավաշի թխման, պանրի պատրաստման պրոցեսներին ծանոթանալու նպատակով: Բայց կորոնավիրուսի պատճառով ստիպված չեղարկելու ենք: Հիմա մտածում ենք արտակարգ դրության ավարտից հետո սկսել որոշ մթերքների փաթեթավորման ու առաքման գործով զբաղվել: Այսինքն` գյուղից քաղաք հասցնենք կիսաֆաբրիկատը, ապրանքային տեսք տանք ու կազմակերպենք վաճառքը: Սա տարբերակներից մեկն է, որ մտածում ենք կօգնի ճգնաժամից դուրս գալ»:

Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո արդյոք կթույլատրվի սրճարանային փակ տարածքների գործունեությունը, դեռ հայտնի չէ: Համլետի կարծիքով, փոքր, ընտանեկան ոճի գաստրո տները, եթե բացվեն, ավելի վերահսկելի կլինեն թե´ մաքրության, թե´ հաճախորդների սահմանափակ քանակի առումով: 

«Բացի դրանից, հիմա կարեւոր պայման է բարձր իմունիտետ ունենալը կորոնավիրուսի դեմ պայքարում: Դե բոլորս էլ հետեւում ենք իրադարձություններին՝ կորոնավիրուսի հետ կապված որեւէ դեղ ու դարման չկա կոնկրետ, բայց շատ է խոսվում ձեռքերը մաքուր պահելու եւ իմունիտետը սննդի միջոցով բարձրացնելու մասին: Վերջինի պահով մենք ի սկզբանե` բացվելու օրվանից, մեր առաջարկն ունեցել ենք՝ մաքուր, օրգանիկ սնունդ ենք տվել, հլը սաղ Հայաստանով ման եկեք, տեսեք գյուղի արդար յուղով ու բոքոնով սարքած ճմուռ կճարե՞ք, օր ուտեք, իսկ մենք ունենք,- զրուցակիցս ժպտում է,-մեր բարբառով ըսած. ըշտը հասկըցաք, թե արտակարգի վերջանալուց հետո մաքուր ձեռքերով ուր բդի էրթաք»:

Համլետ Գեւորգյանի հույսն այս տարի ներքին տուրիզմի ակտիվացումն է, ասում է շատ լավ հնարավորություն է նաեւ իր համար՝ կայցելի Դիլիջան, Գորիս, այնպիսի բնակավայրեր, որտեղ երբեք չի եղել, դիլիջանցուն ու գորիսեցուն էլ, եւ բոլորին, ովքեր երբեք չեն եղել, կհրավիրի Գյումրի: Համլետի կարծիքով` սրճարանը կարող է ժամանակավորապես վերածվել խանութի, զբաղվել սննդի առաքումով, սակայն այդ գործունեության երկարատեւ բնույթը պարզ չէ, թե ինչի կհանգեցնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter