
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Միքայել Մինասյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու
Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատարանն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ։
Հետախուզման մեջ գտվող Մինասյանի նկատմամբ կալանք խափանման միջոց ընտրելու միջնորդությունը Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը դատարան էր ներկայացնել շուրջ մեկուկես ամիս առաջ՝ մարտի 23-ին։ Այն քննել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որոշումը կհրապարակի վաղը՝ մայիսի 6-ին։
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է 2018 թվականին, Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։
Պաշտպան Միհրան Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ Միքայել Մինասյանին մեղադրում են սեփական միջոցները մի հաշվեհամարից մյուսը փոխանցելու մեջ, և դիրքորոշում հայտնել, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Մեկնաբանել