HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպայում մահացության ցուցանիշներով առաջատարը դարձել է Մեծ Բրիտանիան

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 32 000-ը։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 5-ին, հայտնել է Մեծ Բրիտանիայի Վիճակագրության ազգային բյուրոն։ Այսպիսով, Մեծ Բրիտանիան դարձել է մահացության ցուցանիշներով առաջատար եվրոպական երկիրը։

Բյուրոյի տվյալները ներառում են տներում, ծերանոցներում և հոսփիսներում COVID-19-ից մահացածների ցուցանիշները։ Դրանք հրապարակվում են յուրաքանչյուր շաբաթ և երբեմն հրապարակվում շատ ավելի ուշ, քան Առողջապահության նախարարության ամենօրյա տվյալները։ Վերջինս գրանցում է միայն հիվանդանոցներում մահացության ցուցանիշները։ ONS-ի ապրիլի 24-ի տվյալներով՝ Անգլիայում և Ուելսում մահացել է 29 648 մարդ (նրանց մահվան վկայականներում նշված է եղել COVID-19-ի ախտանիշները), իսկ հաշվի առնելով նաև Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի մահացության ցուցանիշները, այդ թիվը հասել է 32 313-ի։

Այս ամենի ֆոնին բրիտանական ընդդիմությունը շարունակում է քննադատել կառավարությանն այն բանում, որ վերջինս դանդաղ է արձագանքել կորոնավիրուսի համավարակին և բավականին ուշ մտցրել սահմանափակող միջոցներ։ Բացի այդ, բրիտանական իշխանությունները չեն կարողացել ապահովել բնակչության զանգվածային թեստավորումը և ապահովել բավարար քանակությամբ պաշտպանիչ միջոցներ՝ հիվանդանոցների բուժանձնակազմի համար։

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ համավարակի պիկը հաղթահարվել է, իսկ իշխանությունները պատրաստվում են աստիճանաբար թուլացնել կարանտինը։ Սպասվում է, որ այս շաբաթ արդեն կձեռնարկվեն կոնկրետ գործողություններ։

«Times» պարբերականը, հիմնվելով ONS-ի տվյալների վրա, իրականացրել է մոդելավորում և եկել այն եզրակացության, որ Մեծ Բրիտանիայում COVID-19 կորոնավիրուսի զոհերի իրական թիվը գերազանցում է 55 000-ը։ Մայիսի 5-ին Բրիտանիայում սկսվել է Առողջապահության ազգային ծառայության հավելվածի թեստավորումը, որը հսկում է բոլոր այն անձանց կոնտակտները, որոնց մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը եղել է դրական։ Հավելվածը դեռևս թեստավորվում է բրիտանական Ուայթ կղզում՝ տեղի խորհրդի և բուժծառայության համակարգի աշխատակիցների շրջանում։ Եթե այն արդյունավետ լինի, ապա հավելվածը մայիսի կեսերից կգործի Բրիտանիայի ողջ տարածքում։ Հավելվածը բրիտանական կառավարության ռազմավարության մի մասն է, որը նպատակամիտված է սահմանափակումներից դուրս գալուն։

Լուսանկարը՝ «The New York Times»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter