HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կառավարության գործունեության 2019-ի կատարողականը (լրացվում է)

Խորհրդարանի հերթական նիստում ընթանում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի տարեկան զեկույցի քննարկումը: Այն ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով` հասկանալի պատճառներով միայն 2019-ի արդյունքների քննարկում չի լինի, ուստի զեկույցը բաղկացած կլինի մի քանի մասից:

«2019-ը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին տարին էր, և այդ ամբողջական տարին է, որ մեզ պետք է լիարժեք պատկերացում տար հետհեղափոխական կառավարության և քաղաքական մեծամասնության պոտենցիալի մասին: Եվ շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարադկը` 7,6 տոկոս, որը ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների համեմատ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` 2019-ի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով:

«Ամենակարևոր արդյունքներից մեկը այն է, որ մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 12 տոկոս, 2008-ից հետո առաջին անգամ մշակող արդյոնաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը»,-ասաց նա:

Կառավարության ղեկավարի խոսքով` ամենաբարձր տնտեսական աճը արձանագրվել է կացության և հանրային սննդի ծառայության ոլորտներում` նախորդ տարվա համեմատ աճելով 27,2 տոկոսով, իսկ 2019-ին զբոսաշրջիկների թիվը աճել է  14,7 տոկոսով:

«2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505 միլիարդ դրամով, և այս առումով բյուջեի ցուցանիշներն աճել են 43,6 տոկոսով: 199,1 միլիարդ դրամ նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորություները, ինչը տասնյակ տարիներ քննարկման առարկա է դարձել երկրում, այսինքն գերավճարների հարցը լուծել ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` մյուս 306  միլիարդ դրամը ավելացել բյուջեի հարկային եկամուտներում, ինչը օգտագորվել է կոնկրետ նպատակների համար:

«2019-ին հարկեր- ՀՆԱ (համախառն ներքին արդյունք հեղ.) հարաբերակցությունը կազմել է 22,3 տոկոս` նախորդ տարվա 20,95 տոկոսի համեմատ, 2019-ի ընթացքում 1,38 տոկոսով հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը ավելացրել ենք, սա չափազանց շոշափելի ցուցանիշ է»,-ասաց նա:

Առաջին խոշոր հազար հարկ վճարողների վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով ավելացել է, իսկ 2017-ի համեմատ` 31 տոկոսով:

«2018-ի մայիսից  մինչև 2019-ի վերջ ստվերից  դուրս է եկել կամ ստեծվել ավելի քան 87 հազար աշխատատեղ, 2019-ի երրորդ եռամսյակի դրությամբ` գործազրկության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակը` 2,5 տոկոսային կետով: 2018-ի մայիսից մինև այսօր ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու աշխատավարձը բարձրացրել ենք, աշխատավարձը կամ նպաստը կամ թոշակը, ու պարտադիր չի, որ դա լինի բյուջեի ուղղակի ֆինանսավորմամբ: Ուզում եմ հիշեցնել, որ համարթ եկամտահարկի շնորհիվ հունվարի մեկիս հարյուր հազարավոր մարդկանց աշխատավարձը  բարձրացել է»,-ասաց նա:

Վարչապետն անդրադարձավ պետական պաշտոնյաների աշխատավարձի բաձրացման հարցին:

«Այո, իմ որոշմամբ է դա տեղի ունեցել և տեղի է ունեցել, որովհետև հեղափոխական հարթակից խոստացել եմ, որ պետական պաշտոնյաների  աշխատավարձը կբարձրացվի: Ինչու է այդ բարձրացումը պարգևավճարների մակարդակով, որովհետև գործող մակարդակը իր ստեղծման առաջին իսկ օրից դեֆորմացված է և հանրային բարեփոխումների շրջանակում այս ողջ պրոցեսը որը իրականացնում ենք դեֆակտո որպես աշխատավարձ, բայց դեյուրե որպես պարգևավչար կտրանսֆորմացնենք ձեր հաստատմամբ ու աջակցությամբ որպես աշխատավարձի համակարգ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` կառավարությունը որդեգրել է պետական կառավարման համակարգի, հատկապես դատաիրավական համակարգի աշխատավարձերի բարձրացում:

«Որովհետև մենք համոզված ենք, որ դա է անկախ դատական համակարգ ունենալու արդյունավետ ճանապարհը»,-ասաց նա:

Խոսելով 2019-ի ընթացքում Հայաստանի միջազգային պահուստների մասին վարչապետն ասաց, որ աճը կազմել է 26,1 տոկոս կամ շուրջ 590 միլիոն ԱՄՆ դոլար` տարեվերջին հասնելով 2,85 միլիարդ ԱՄՆ դոլարի: Ըստ վարչապետի` Երրորդ Հանրապետության պատմության մեւջ առաջին անգամ է նման ցուցանիշ արձանագրվում:

«Բանկային համակարգի ակտիվները տարեսկզբից աճել են 16,9 տոկոսով կամ 842 միլիարդ դրամով, տրամադրված վարկերի ծավալը 16,9 տոկոսով կամ 528 միլիարդ դրամով աճել է, ավանդների ծավալը` 20,7 տոկոսով կամ 611 միլիարդ դրամով: Շատ կարևոր է արձանագրել, որ 2019-ի արդյունքներով` առևտրային բանկերի տրամադրած վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է, դեկտեմբերին կազմելով ռեկորդային ցածր` 0,85 ցուցանիշ: Սա նշանակում է, որ դեկտեմբերի դրությամբ Հայաստանի քաղաքացիների վարկունակությունը եղել է աննախադեպ բարձր»,- ասաց նա:

Վարչապետը խոսեց նաև մետաղական հանքարդյունաբերության մասին` ասելով, որ հաշվետու ժամանակաշրջանում դադարեցվել է չորս մետաղական հանքերի շահագործման իրավունքը, որոնցից երեքը եղել են ոսկու, չորրորդը` պղնձի հանքավայր: 2019-ի ընթացքում տնկվել է 500 հազար ծառ: Ըստ Փաշինյանի` Սևանա լճից ջրառը նվազագույնն է եղել վերջին տասը տարիների ընթացքում:

Խոսելով զինված ուժերում կատարված աշխատանքի վերաբերյալ` վարչապետն ասաց, որ առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրք կահավորվել է մոդուլային բաղնիքով:

«Այսօրվա դրությամբ ժամկետային զինծառայողների 74 տոկոսը սնվում է նոր սննդակարգի համակարգով, մարտական դիրքերի 54 տոկոսը նոր սննդակարգի է անցել»,- ասաց նա` հավելելով, որ մայիսի ութից նոր սննդակարգի անցած շարքային զինծառայողների թիվը կհասնի 90 տոկոսի:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի վարակի պատճառով երկրում ստեղծված համավարակին:

«Հակաճգնաժամային մեր առաջին նպատակը եղել է Հայաստանում խուճապ թույլ չտալը, որովհետև աշխարհի շատ երկրներում տեսնում էինք խուճապային երևույթներ: Երկրորդ ամենակարևոր խնդիրն էր ապահովել, որ բժշկական համակարգը կարողանա ապահովել վարակված անձանց բուժօգնությունն ու սպասարկումը: Մենք տեսանք, որ եվրոպական բազմաթիվ երկրներում հիվանդանոցային կարողությունները չէին հերիքում, մարդիկ հոսպիտալացված էին ծառերի տակ»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` հիվանդանոցային մահճակալները Կառավարությունն առնվազն հնգապատկել է` դարձնելով 1500 մահճակալ, առաջիկա օրերին սպասվում է, որ ևս 150 մահճակալ շահագործման կհանձնվի:

«Բացի սրանից 600 հյուրանոցային տեղ ենք պատրաստել ասիպտոմ դեպքերի` մարդիկ, որոնք ոչ մի սիմպտոմ չունեն, բայց վարակակիր են: 2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար: Շատ կարևոր է եղել առաջին օրվանից, որ մեկուսացման ընթացքում մեր քաղաքացիների արժանապատվությունը նսեմացնող որևէ բան չանենք»,- ասաց նա` հավելելով, որ հայաստանյան կարանտինի պայմանները հայտնվել են տարածաշրջանի ու միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում որպես օրինակելի ցուցանիշ, թե ինչպես պետք է պետությունը վարվի իր քաղաքացիների հետ:

Փաշինյանի խոսքով` Կառավարությունը մինչ այժմ 16 հակաճգնաժամային միջոցառում է իրականացրել: 21 հազար տնտեսվարող արտոնյալ վարկ է ստացել, ավելի քան մեկ միլիոն մարդ Կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter