
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Էրիկ Գրիգորյանի հրաժարականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին կատարած աշխատանքի համար: Այսպես արձագանքեց Փաշինյանը` «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին, թե ինչու է հրաժարական ներկայացրել նախարարը, և արդյոք Փաշինյանը գոհ էր վերջինիս աշխատանքից:
«Համոզված եմ, որ այս ընթացքում նա արել է առավելագույնը` առավելագույն արդյունքների հասնելու համար, բայց աշխատանքը բարդ երևույթ է, գալիս են փուլեր, ժամանակներ, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, և կայացվել են որոշումներ: Ես իմ զեկույցում խոսեցի նաև բնապահպանական հարցերի մասին, և կարող եմ արձանագրել, որ բնապահպանության ոլորտում` այդ թվում նախարար Էրիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ, շատ էական հաջողություններ ունեցել ենք»,- ասաց Փաշինյանը:
Որպես առաջին ձեռքբերում Կառավարության ղեկավարը մատնանշեց 2018-ից մինչ օրս փոքր հէկերի ջրաչափման համակարգերի տեղադրման խնդիրը, որն այժմ, ըստ վարչապետի, գրեթե ամբողջությամբ լուծված է:
«Գիտեք, որ նախկինում ունեինք խնդիր, երբ առանց հաշվարկի ջուր էին վերցնում փոքր հէկերը, ինչը ստեղծում էր հարակից խնդիրներ, այդ թվում` ոռոգման և բնապահպանական: Այս ընթացքում ամբողջությամբ լուծվել է փոքր հէկերի, ձկնուղիների վերականգնման և կառուցման հարցը, Արարատյան դաշտավայրի հորերը կոնսերվացվել են բավական շոշափելի թվով, ինչը ջրի խնայողության բավական լավ էֆեկտ է: 500 հազար ծառ է տնկվել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախարարի աշխատանքը գնահատելուն, վարչապետը պատասխանեց.
«Ես բազմիցս ասել եմ` եթե ինձ հարցնեք, թե ես իմ աշխատանքից գոհ եմ թե չէ, ես կասեմ` ոչ, գոհ չեմ, սակայն դա չի նշանակում, որ ես պարապ եմ, միջոցներ չեմ ձեռնարկում, որ խնդիրները լուծվեն, բայց ես ուզում եմ ինքս և մյուսները անենք ավելին, քան հնարավոր է ու անհնար, որովհետև ես հավատում եմ, որ ունակ ենք անել անհնարը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մայիսի 5-ին: Այդ պաշտոնում նա նշանակվել էր 2019 թվականի հունիսի 1-ին, 2017-2018 թվականներին եղել է նախարարի առաջին տեղակալ:
Լուսանկարում` Էրիկ Գրիգորյանը
Մեկնաբանել