
Ըստ Փաշինյանի՝ աջակցության ծրագրից օգտվել են նաև բանկում ավանդ ու հաշիվներում զգալի գումար ունեցողները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` սոցիալական աջակցությունը 100 տոկոսով թիրախավորված հասցնելու համար հարկավոր է եկամուտների համընդհանուր տարեկան հայտարարագրի մեխանիզմ ներդնել: Այս մասին խորհրդարանում կառավարության գործունեության 2019 թվականի կատարողականի քննարկմանն ասաց Փաշինյանը:
Խոսելով կառավարության հակաճգնաժամային իններորդ ծրագրի մասին, որը թույլ է տալիս քաղաքացիներին ներկայացնել իրենց տվյալները և ստանալ համապատասխան աջակցություն, վարչապետն ասաց.
«Երեկ քննարկում էինք մեր ծրագրերի արդյունավետությունը, և պարզվում է` մեր իններորդ ծրագրի մասնակիցներից հիսուն դեպք ունենք, երբ մարդը բանկում 20 միլիոն և ավելի ավանդ ունի, և եկել պետությանը հայտնում է, որ օգնության կարիք ունի»:
Փաշինյանի խոսքով` նույնիսկ արձանագրվել է, որ այդ ծրագրից օգտված 70 անձանց բանկային հաշիվներում 1 միլիարդ գումար կա:
«Հետևաբար լավ մեխանիզմը համընդհանուր հայտարագիրն է: Ժողովու՛րդ, լավ առիթ եղավ, եկե՛ք համընդհանուր հայտարագրի մասին նախագիծ ներկայացնենք»,-ասաց Փաշինյանը` հայացքն ուղղելով գործադիրի անդամներին:
Ըստ վարչապետի՝ կարելի է հաջորդ տարվա հունվարի 1-ից այդ համակարգը ներդնել:
«Այն մեծ երաշխիք է, որ սոցիալական ծրագրերը հարյուր տոկոսով ճշգրտություն կունենան»,- եզրափակեց կառավարության ղեկավարը:
Մեկնաբանել