HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Բնապահպանության նախարարության անդրադարձը՝ Արցախի փոքր հէկերի շինարարության վերսկսմանը

Շահումյանի շրջանում հէկաշինական աշխատանքների վերսկսման վերաբերյալ «Հետքը» հարցում է ուղարկել ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին։ Պետնախարարին ուղղել էինք հետևյալ հարցերը

-Պարոն Մարտիրոսյան, մի՞թե կառավարությունը չէր ընդունել փոքր հէկերը ուսումնասիրող հանձնաժողովի առաջարկությունները, մասնավորապես այն, որ եռամսյա ժամանակահատվածում պետք է վերանայվեին կառուցվող փոքր հէկերի ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականները, ինչը դեռ տեղի չի ունեցել։

-Մի՞թե ԱՀ կառավարությունը չէր հորդորել հէկերի սեփականատերերին մինչ այդ Շահումյանի շրջանի հէկաշինական աշխատանքները դադարեցնել։ Իսկ հիմա պարզվում է, որ Ջերմաջրուրի շրջանում տեղի են ունենում լայնածավալ աշխատանքներ։

-Ինչո՞ւ։ Դուք տեղյա՞կ եք դրանից։ Արդյո՞ք ձեր արտոնությամբ է դա տեղի ունենում, թե՞ կառավարությունն ընդհանրապես անտեղյակ է։

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին ուղղված հարցմանը պատասխանել է Բնապահպանության նախարարությունը։ Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ։

«Արցախի Հանրապետության կառավարությունը, ընդառաջելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման հետ կապված հանրության շրջանում ծագած մտահոգություններին, 2020թ. փետրվարի 4-ին ձևավորել էր մասնագիտական հանձնաժողով, որն իր մեկ ամսվա աշխատանքն ամփոփել էր համապատասխան արձանագրության մեջ:

Հանձնաժողովի արձանագրության մեջ տեղ գտած համապարփակ առաջարկությունները կյանքի կոչելու համար մարտի 17-ին ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի աշխատանքները, համավարակի հետ կապված, ժամանակավորապես կասեցվել էր:

2020թ. ապրիլի 28-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել աշխատանքային խմբի անդամների հետ, որի ընթացքում նախանշվել են աշխատանքները կատարելու հիմնական ուղղությունները և կատարման ժամկետները: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է հրապարակել շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը և, այն որակելով որպես ուղեցույց աշխատանքային խմբի համար, ևս մեկ անգամ վերահաստատել Արցախի Հանրապետության կառավարության հաստատակամությունը՝ կյանքի կոչել արձանագրության մեջ ներառված առաջարկությունները, վերացնել թերություններն ու խախտումները, ապահովել բնապահպանական օրենսդրության պահանջների անշեղ կատարումը:

Գ. Մարտիրոսյանը մասնավորապես շեշտել է հանձնաժողովի արձանագրության մեջ ներառված հետևյալ առաջարկությունների պարտադիր կատարման անհրաժեշտությունը:

ա/ Հաշվի առնելով, որ վերջին 40 տարվա ընթացքում Արցախի Հանրապետության գետերում գետային հոսքը նվազել է մինչև 10%-ով, անհրաժեշտ է 3 ամսվա ընթացքում գործող և կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների թույլտվություններում վերանայել հիդրոլոգիական տվյալները, ինչպես նաև՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում, ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները.

բ/ Գետերում էկոլոգիական հոսքը պահպանելու համար 6 ամսվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների ջրընդունիչի պատվարի ձկնանցուղու վրա տեղադրել տեսախցիկ և օնլայն մակարդակաչափ՝ գծանշելով էկոլոգիական հոսքի մակարդակը.

1.2. Ինչ վերաբերում է շինարարությունը վերսկսված նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին, ապա դրանց շինարարությանը զուգընթաց պետք է ընթանա հնարավորինս սեղմ ժամկետում ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները վերանայելու գործընթացը, իսկ բուն շինարարությունը պետք է ընթանա այն կոնստրուկտիվ հատվածներում, որոնք նշված թույլտվությունները և փորձաքննությունները վերանայելու արդյունքում ակնհայտ է, որ փոփոխության չեն ենթարկվի»,- նշված է Արցախի բնապահպանության նախարարության պատասխանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter