HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն Իտալիայից դուրս կհանի ռազմական մասնագետներին

Մայիսի 7-ից Ռուսաստանը կսկսի Իտալիայից դուրս հանել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների իր ռազմական մասնագետներին, որոնք օգնում էին Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։

«Վաղն սկսում ենք ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների մեր մասնագետների դուրսբերումն Իտալիայից։ Խնդրում եմ Գլխավոր շտաբի պետին կազմակերպել վերադարձողների հանդիսավոր դիմավորումը։ Ներկայացրե՛ք ինձ զինծառայողների, բժիշկների և բոլոր այն անձանց տվյալները, որոնք Իտալիայի քաղաքներում և օբյեկտներում ախտահանման աշխատանքների ժամանակ աչքի են ընկել»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ մայիսի 6-ին կայացած սելեկտորային հանդիպման ժամանակ։

ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ռուս զինծառայողների կողմից Լոմբարդիայի գրեթե 100 բնակավայրերի բուժհաստատություններում իրականացվել է ախտահանում և սանիտարական մշակում։ Մշակվել է 114 շինություն, ավելի քան 1 միլիոն 100 հզ․ քառակուսի մետր ներքին տարածություն և ավելի քան 400 000 քառակուսի մետր հաստ ծածկույթով ճանապարհ։ Ռուս ռազմական բժիշկները նաև օգնել են բուժել Բերգամո քաղաքի դաշտային հոսպիտալի պացիենտներին։

Իտալիայում ռուս զինվորականների հումանիտար առաքելությունը ոչ միանշանակ արձագանք է ստացել Իտալիայի հանրությունում և նույնիսկ հանգեցրել դիվանագիտական սկանդալի։ La Stampa պարբերականը, հղում կատարելով Իտալիայի կառավարության իր աղբյուրներին, մարտի վերջին գրել էր, որ ռուսական առաքումների 80 %-ն անօգուտ են, և ռուսական օգնությունը միայն առիթ է՝ հետախուզական գործունեություն իրականացնելու համար։

Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններն ի պատասխան պարբերականին՝ մեղադրել էին ռուսատյացության և ռուսական զինվորականների առաքելությունը խափանելու փորձերի մեջ։ Իտալիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները հանդես էին եկել պատասխան հայտարարություններով, որտեղ շնորհակալություն էին հայտնել Ռուսաստանին օգնության համար, սակայն միաժամանակ քննադատել ռուս որոշ պաշտոնյաների «որոշակի արտահայտությունների անհարիր տոնը»։

Նախորդ շաբաթվա վերջին ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը նորից ընդգծել է, որ Ռուսաստանը, իր զինվորականներին ուղարկելով Իտալիա COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որևէ նպատակ չի հետապնդել՝ սեպ խրել Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարաբերություններում։

Լուսանկարը՝ ՌԴ պաշտպանության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter