HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գործադիրի նիստը մեկնարկեց երկրում կապիտալ շինարարական աշխատանքների մասին քննարկմամբ

Կառավարության մայիսի 7-ի նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ վերջինս անդրադարձավ երկրում պլանավորված կապիտալ շինարարություններին։

Փոխվարչապետը հիշեցրեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդես եկավ հայտարարությամբ, որով ազդարարեց, որ այս տարի կապիտալ շինարարության ոլորտում էական ծրագրեր կան։ Խոսքը նվազագույնը 100 օբյեկտի նախագծման և շինարարության մասին է։

Փոխվարչապետը Քաղաքաշինության կոմիտեի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանին խնդրեց մանրամասնել՝ ինչ ծրագրերի մասին է խոսքը, և ինչ փուլում են նախագծման աշխատանքները։

Արմեն Ղուլարյանը նշեց, որ այսօր մշակվում է 74 կրթական, մշակութային և մարզական նշանակության օբյեկտների նախագծման աշխատանք, դրանց մի մասն արդեն ավարտվել է, մի մասն էլ ավարտման փուլում է, մյուս մասն էլ կավարտվի հուլիս, օգոստոս ամիսներին։ Պատրաստ են նաև ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանքներ։

Ընդհանուր առմամբ, այսօր 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներ ավարտված կամ ավարտման փուլում են։ Դրանցից 90 օբյեկտի շինարարության մրցույթները նախնական պայմանավորվածությամբ կիրականացնի քաղաքաշինության կոմիտեն։ Մյուս 21 և ավելի օբյեկտներինը, որոնք հիմնականում նորոգման աշխատանքներ են, կիրականացվի ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ։ 12 առողջապահական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են և կավարտվեն նույն ժամանակահատվածում։

«Շինարարական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար սկսել ենք քննարկումներ շինարարական կազմակերպությունների, նաև անհատ շինարարների հետ՝ փորձելով արդեն կազմակերպել և սկսել ամբողջական ընթացքը»,- հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի առաջին տեղակալը։

Տիգրան Ավինյանը կարևորեց այս տարի տեմպերի առումով մի փոքր ավելի առաջանցիկ քաղաքականության որդեգրումը, քանի որ նմանատիպ ծավալի կապիտալ շինարարության աշխատանքներն ակնհայտորեն երկրի տնտեսության համար էական նշանակություն ունեն։

Ըստ փոխնախարարի՝ այս ծրագրերը պիտի լինեն առաջնահերթությունների եռյակում։

ԿԳՄՍ նախարարն էլ նշեց, որ 5 մլրդ դրամի նախագծանախահաշվային փաստաթղթեր նախարարությունն արդեն ունի։

«Ըստ էության, շինարարություններն իրականացվելու են Հայաստանի ամբողջ տարածքում, ինչը կնշանակի, որ շինարարական ընկերությունները բոլոր մեր համաքաղաքացիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել կորոնավիրուսի հետ կապված մեկնելու արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, կներգրավեն այս գործընթացների մեջ։ Սրանք 22 մոդուլային դպրոցներ են, բազմաթիվ քոլեջներ և ուսումնարաններ, մշակութային օբյեկտներ են, որոնց մի մասը վերակառուցվում է, մյուս մասն ունի տարբեր տեխնիկական խնդիրներ և վերազինվում է՝ տանիքից մինչև ջեռուցման համակարգեր»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter