HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչպես «Միկմետալ» ՓԲԸ-ն «Երազ» այգում տարածքներ սեփականաշնորհեց

Երևանի քաղաքապետարանը «Երազ» այգու սեփականաշնորհված հողերը վերադարձնելու գործընթաց է սկսել։ Նախաձեռնությունն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմինն է, որն այգու հողամասերի սեփականաշնորհման գործարքներում խախտումներ է հայտնաբերել։ Ուսումնասիրության նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Ապրիլի 27-ին քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ կատարելու հատկանիշներով։

Ինչպես սեփականաշնորհվեցին «Երազ» այգու հողերը

«Երազ» այգում ընդհանուր առմամբ 8622 քմ մակերեսով հողատարածք է սեփականաշնորհվել 2008 թվականին։ Սեփականաշնորհումից համայնքը եկամուտ չի ստացել։ Այգու հողերը փոխանակվել են այլ փողոցում գտնվող նույն մակերեսով հողամասերի հետ։ Փոխանակված տարածքներն այժմ հարակից են «Երազ» բնակելի թաղամասին և օգտագործվում են թաղամասի բակ մուտք գործելու համար։

«Երազ» այգու այդ հողամասերը սեփականաշնորհել է «Միկմետալ» ՓԲԸ-ն։ Հիշեցնենք, որ «Միկմետալ» ՓԲԸ-ի 75 %-ի բաժնետերն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանն է, իսկ մնացած 25 %-ը պատկանում է նրա հորը՝ Միխաիլ Հարությունյանին։

«Երազ» այգու տարածքների սեփականաշնորհումը կատարվել է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 2-ի Հ27/7 ՊՓ որոշմամբ։ Ըստ սեփականաշնորհման պայմանագրի՝ քաղաքապետարանը Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում չորս տարբեր հողամասեր (ընդհանուր առմամբ 8622 քմ մակերեսով) փոխանակել է «Միկմետալ» ՓԲԸ-ին պատկանող, Ազատության պողոտայի 27 հասցեում գտնվող հողամասերի հետ։

«Երազ» այգում մինչ այդ՝ 2006 թվականի օգոստոսից, 2.8 հա տարածք վարձակալությամբ էր հանձնված «Միկմետալ» ՓԲԸ-ին։ Ընկերությունը յուրաքանչյուր քմ-ի դիմաց ամսական 10 դրամ էր վճարում վարձակալության համար։ Այսինքն՝ համայնքային բյուջեն ամսական վարձակալությունից ստանում էր 280 հազար դրամի եկամուտ։

Այգու 2001 և 2019 թվականների արբանյակային լուսանկարներից երևում է, որ կանաչապատ գոտու տեսքը խաթարվել է. տարածքում կառուցվել են շինություններ։


Այգու հողերի սեփականաշնորհման գործընթացում հայտնաբերված խախտումները

Արաբակիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն այգում նման ծավալի սեփականաշնորհման մասին տեղեկացել է համայնքային այգիների սեփականաշնորհման պատմություններն ուսումնասիրելիս։ Ըստ վարչական շրջանի ղեկավարի՝ Արաբկիրում չկա այլ այգի, որտեղ նման ծավալի սեփականաշնորհում է կատարվել։

«Տարածքը, որը ժամանակին ծառայել է որպես հանրային սեփականություն, այսօր արդեն դրա մեծ մասը սեփականություն է դարձել»,- նշեց Արամ Դանիելյանը։

Նրա դիտարկմամբ՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը տարածքի սեփականաշնորհման թույլտվություն տալու իրավունք չուներ, քանի որ այն «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով հանդիսանում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հող։ 

Արամ Դանիելյանն ասում է՝ ուսումնասիրությամբ պարզել են, որ 2006 թվականին, երբ այգում տարածք էր վարձակալությամբ հանձնվում «Միկմետալ» ՓԲԸ-ին, Երևանի քաղաքապետարանից ստացվել է տեղեկանք, որը փաստել է՝ այգու այդ հողերը ներառված են սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի շարքին։ Այնինչ 2008 թվականին, երբ ընկերությունը ցանկացել է այդ հողերը սեփականաշնորհել, քաղաքապետարանը տրամադրել է մեկ այլ տեղեկանք, որով արդեն հերքվել է, որ այգու այդ տարածքը ներառված է սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում։ 

«Այս սեփանաշնորհումը տարօրինակ է նաև այնքանով, որ փոխանակվել է արտադրական տարածքի մաս հանդիսացող նույն մակերեսի հետ։ Սակայն արտադրական տարածքը համարժեք չէ իր գնային և հանրային նշանակության առումով այգու հետ։ Այդ մասով ինձ համար տարօրինակ է, թե փոխանակում անելիս ինչու քաղաքի այգին կամ այգիամերձ այդ կանաչ հատվածը պետք է փոխանակեին այդ արտադրական տարածքի մի հատվածի հետ, որը մինչ այսօր չի երևում, բացի «Երազ» բնակելի թաղամասի շենքերին սպասարկող հարակից հատվածներին ծառայելուց, էլ ինչի՞ համար պետք է ծառայի»,-նշեց Դանեիլյանը։

«Երազ» այգում վերջին տարիներին կառուցապատում է իրականացվել։ Այգում գործում են բացօթյա ռեստորան, սրճարաններ, մանկական զվարճանքի կենտրոններ: Այգում գտնվող լողավազանում ձմռան ամիսներին գործում է նաև սահադաշտ։

«Google Earth» համակարգի միջոցով երևում է, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվել այգու տարածքը։ Ըստ արբանյակային լուսանկարների՝ այգում ակտիվ շինարարություն սկսվել է 2016-2017 թվականներից։

«Որոշակի առումով այդ տնտեսվարողների դրականն այն է, որ նպատակային ներդրումներ արված են։ Այսինքն՝ հանրության հանգստի կամ ժամանցի համար որոշակի հաճելի միջավայր է ստեղծված։ Բայց ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, եթե մի բան չի կարելի, ապա չի կարելի բոլորի համար։ Որևէ այլ պայման դիտարկել, որ այս ներդրողը բարեխիղճ է եղել, ներդրում է կատարել, ուրեմն կարելի էր սեփականություն տալ, համարում եմ օրենքի կոպիտ ոտնահարվում»,-ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը։

«Միկմետալ» ՓԲԸ-ն վարձակալել է նաև «Երազ» այգում գտնվող լողավազանը։ Ընկերությանը լաղավազանը հանձնվել է անորոշ ժամկետով, իսկ տարեկան վարձակալության գումար է սահմանվել 5 միլիոն 979 հազար դրամ։  

«Միկմետալ»-ը կբողոքարկի այգու՝ սեփականաշնորհած հողերը վերադարձնելու որոշումը 

ԱԺ նախկին պատգամավոր, «Միկմետալ» ՓԲԸ-ի սեփականատեր Վահան Հարությունյանը մեզնից տեղեկացավ, որ այգու սեփականաշնորհած հողերի ուսումնասիրության արդյունքում քրեական գործ է հարուցվել։ Ասաց՝ հողերի սեփականաշնորհման գործարքների ուսումնասիրության մասին ևս տեղյակ չէր։ Հարությունյանը չհերքեց, որ 2008 թվականին հողերի փոխանակություն է տեղի ունեցել։ «Այս պահին այլ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ հարցից տեղյակ չեմ։ Քրեական գործից ևս տեղյակ չեմ, հենց նոր ձեզնից տեղեկացա, որը շատ ծիծաղելի է ինձ համար»,- նշեց Վահան Հարությունյանը։

Հարությունյանը նաև չկարողացավ մանրամասներ հաղորդել հողի կատեգորիայի փոխանակման գործընթացի վերաբերյալ, ասաց՝ այն վերաբերում է 2006-2008 թվականներին, որոնք այդքան էլ լավ չի հիշում։

Դիտարկմանը, թե Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հողերի փոխանակումն անարդյունավետ գործարք է համարում, քանի որ հողերը համայնքի կողմից մինչ օրս չեն օգտագործվել, Վահան Հարությունյանը պատասխանեց՝ հողերի փոխանակումն արդյունավետ կամ անարդյունավետ դիտարկելը սուբյեկտիվ մոտեցման խնդիր է։

Պրն Հարությունյանի խոսքով՝ փոխանակված տարածքները դարձել են երկու փողոցներ, և եթե որևէ մեկը համարում է, որ համայնքին փողոց անհրաժեշտ չէ, կարելի է վիճարկել գործարքը, փակել այդ փողոցը եւ հողերը հետ փոխանակել։

Նա, սակայն, չհերքեց, որ նշված փողոցները տանում են դեպի «Երազ» բնակելի թաղամասի բակ։ Նշենք, որ «Երազ» թաղամասի շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին, այն իրականացրել է Վահան Հարությունյանի եղբորը՝ Տիգրան Հարությունյանին պատկանող «Միկշին» ՍՊԸ-ն։

«Միկմետալ» ՓԲԸ-ի սեփականատեր Վահան Հարությունյանը ասաց՝ եթե համայնքը սկսի այգու սեփականաշնորհած հողերը վերադարձնելու գործընթաց, իրենք վիճարկելու են այդ որոշումը։ «Եկեք հարցին հակառակ կողմից նայենք։ Վա՞տ է, որ այսօր համայնքում կա նման այգի։ Կարծում եմ՝ վատ չէ։ Եթե ինչ-որ մեկը գնահատում է, որ վատ է, ես էլ գնահատում եմ, որ լավ է։ Ի վերջո, այն վիճակում, որում այգին տարիներ շարունակ եղել է, և այն վիճակում, որում այգին այսօր գտնվում է, կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ ավելի լավ և բարվոք վիճակում է գտնվում»,- նշեց Վահան Հարությունյանը։

Այգու լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (1)

Մհեր Բաղդասարյան
Ես ուղղակի ապշում եմ, լավ դուք բան ու գործ չունե՞ք, լավ դուք բացի քանդել ու ավերելուց, ուրիշ բան չե՞ք կարում անեք։ Քաղաքի եթե ոչ ամենալավ այգինա տո հաստատ ամենալավերի եռյակումա, ի՞նչ եք մարդկանց անուններ տալիս, սաղին կապում իրար ու լավ բանի վրա ցեխ շպրտում։ Թաղապետն ասումա «Արաբկիրում չկա այլ այգի, որտեղ նման ծավալի սեփականաշնորհում է կատարվել։» Իսկ կա՞ այգի որտեղ նման ծավալի ներդրումա արվել, կանաչապատվել ... ամոթելա, պետքա վատին վատ ասել, լավին՝ լավ! Գժական այգիա, թույն լուծումներով ու հաճելի մթնոլորտով, գանցեք ավերված այգիներին տեր կանգնեք, վերանորոգեք, թեկուզ մեկին նվեր տվեք թող ներդրում անի՝ «Երազ» այգու պես մի բան սարքի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter