Բաբկեն Թունյան. «Մենք կարծում ենք, որ աջակցությունն ու չափը ինքնանպատակ չեն»
Կառավարության 2019 թվականի հաշվետվությունը հնգամյա ճանապարհի մի մասն է, քայլերից առաջինը:
Այս մասին խորհրդարանում իր ելույթում հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` հիշեցնելով, որ նախորդ տարվա փետվարին խորհրդարանը հաստատել է Կառավարության հնգամյա` 2019-2023 թվականների գործունեության ծրագիրը:
«Էն ժամանակ հիմնականում ի՞նչ էին խոսում կառավարության ծրագրի մասին, ու քննադատություններն ի՞նչ ուղղությամբ էին. ամենալուրջ քննադատությունն այն էր, որ ծրագիրը հեղափոխական չէ ու թիրախային ցուցանիշներ չի պարունակում»,-ասաց Թունյանը` ընդգծելով, որ 70 էջանոց փաստաթղթում թվային ցուցանիշները շատ չէին:
Բաբկեն Թունյանը որոշ ցուցանիշներ հիշեցրեց, ինչպես այն, որ ակնկալվում էր ապահովել տարեկան առնվազն 5% տնտեսական աճ, արտահանումը պետք է լիներ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)-ի 43-45 %-ի միջակայքում, հիմնական միջոցների կուտակումը ՀՆԱ-ի 23 %-ի մակարդակում ապահովվեր:
«2019-ին 7,6 % տնտեսական աճ ենք ունեցել, ու դա տարածաշրջանի ամենաբարձր աճի ցուցանիշն էր: Սա էն դեպքում երբ որոշ տնտեսագետներ կանխատեսում էին 2019-ի համար, որ մեր տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ (աստիճանական ետաճ), հետո եղավ քննադատությունների հաջոդ փուլը, որ տնտեսական աճն առողջ չէ, պայմանավորված է մեքենաների առևտրով, բուքմեյքերական ընկերություններով: Եթե նայում ենք` որ ոլորտներն են ամենաշատը նպաստել այդ աճին, առաջին տեղում մշակող արդյունաբերությունն է` 1,36 տոկոսային կետով, երկրորդ տեղում՝ ֆինանսական ու ապահովագրական ոլորտը, հետո՝ առևտուր, հանքարդյունաբերություն: Բուքմեյքերական ընկերությունների ոլորտը 0,5-0,6 տոկոսային կետով է մասնակցություն ունեցել տնտեսական աճի ցուցանիշներում»,-ասաց Թունյանը:
Բաբկեն Թունյանի խոսքով` արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը եթե 2018-ին եղել է 37,8 տոկոս, ապա 2019-ին դարձել է 38,7` մեկ տոկոսային կետով բարելավելով դիրքը: Ըստ Թունյանի՝ աճը մեծ չէ, սակայն այդ ոլորտում կա առաջընթաց: Ծառայությունների մեջ տեսակարար կշիռը զբաղեցրել են զբոսաշրջությունն ու շինարարությունը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը որպես գլխավոր բացթողում առանձնացրեց ռեֆորմների իրագործման դանդաղ լինելը:
«Օրինակ՝ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը եթե լիներ, էսօր ավելի արագ հակաժգնամային միջոցառումները կիրականացնեինք: Սակայն էս ժգնաժամը հնարավորություն է տալու, որ սրանից ավելի ուժեղացած դուրս գանք ու պետական համակարգերի առումով՝ ավելի կայացած»,-ասաց նա:
Խոսելով Կառավարության իրականացրած հակաժգնաժամային ծրագրերի մասին` Բաբկեն Թունյանը նշեց, որ աջակցության ընդհանուր ծավալն արդեն գերազանցում է 60 միլիարդ դրամը:
«Աջակցություն է ցուցաբերվել մոտ 24 հազար տնտեսվարողների, դրամական օգնություն ստացել է ավելի քան 380 հազար մարդ: Մեր գործընկերները երբեմն մեզ քննադատում են, որ պետք է ավելի լայնամասշտաբ աջակցության միջոցառումներ իրականացնել, մենք կարծում ենք, որ աջակցությունն ու չափը ինքնանպատակ չեն: Եթե կա X ծավալի գումար, դու պետք է հասկանաս՝ ավելի լավ է այդ գումարը հիմա՞ ծախսես, մարդիկ ծախսեն, խանութներից ինչ-որ բան առնեն, սպառեն, թե՞ ավելի լավ է էդ գումարն ուղղել տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը»,-ասաց Թունյանը` ընդգծելով, որ ռեսուրսները անսահմանափակ չեն:
Հիշեցնենք, որ նախորդ արտահերթ նիստին քաղաքական մեծամասնության ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև բանավեճ էր ծավալվել ընդդիմադիր խմբակցության առաջարկի վերաբերյալ` 100 հազարական դրամ բաժանել 250 հազար ընտանիքի:
«Ես ուզում եմ հիշեցնել, որ անցած նիստին հայտարարեցի` սպասում ենք մեր գործընկերներն այդ ազատ միջոցները ցույց տան, նաև հիմնավորեն՝ ո՞ր ուղղությամբ է ամենաճիշտը օգտագործել, կմտածենք՝ ինչպես ենք այդ առաջարկներին ընթացք տալիս: Սակայն, այս պահի դրությամբ արձագանք չկա այդ միջոցառումներից, նաև որևէ գրավոր առաջարկ չենք ստացել, որ մեր գործընկերները դիմեն ինձ, և մենք այդ առաջարկները ներկայացնենք կառավարությանը»,-ասաց Թունյանը:
Մեկնաբանել