HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շտապօգնության 12 բժիշկ կորոնավիրուսով վարակված է 

Շտապօգնության 12 բժիշկ կորոնավիրուսով վարակված է, նրանք մեկուսացված են բժշկական կենտրոններում։ Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ 

Թագուհի Ստեփանյանը չթաքցրեց, որ ունեցել են բժիշկներ, ովքեր կորոնավիրուսի պայմաններում հրաժարվել են աշխատել. «Բնականաբար ըմբռնումով ենք մոտեցել։ Մանավանդ տարիքի հետ կապված՝ ունենք բժիշկներ, բուժքույրեր, ովքեր 55 տարեկանից բարձր են և ընդհանրապես յուրաքանչյուր բժիշկ, բուժքույր կամ վարորդ, ով չի ցանկացել նման իրավիճակում աշխատել, ըմբռնումով ենք մոտեցել։ Եղել են դեպքեր, երբ արձակուրդ են վերցրել»,- ասաց Ստեփանյանը։

Ապրիլին Երեւանի քաղաքապետի կողմից գումար է հատկացվել«Շտապօգնություն» ՓԲԸ-ին, որն ուղղվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների պարգևատրմանը։ Բժիշկները պարգևատրվել են 95 հազար դրամի չափով, բուժույրերն ու վարորդները՝ 70 հազար դրամով։

Ըստ Թագուհի Ստեփանյանի՝ տեղաշարժման սահմանափակումների մեղմացումից՝ մայիսի չորսից հետո, շտապօգնության կանչերը չեն ավելացել։ Ստեփանյանը տեղեկացրեց, որ շտապօգնությունն օրական ստանում է 600-650 կանչ, որը հունվար-փետրվարի համեմատ նվազել է. երբ կանչերի թիվը հասնում էր 900-950-ի։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի խոսքով՝ մարտ ամսից մինչ մայիսի 6-ը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխել 2333 քաղաքացի, որոնք ունեցել են սուր շնչառական խնդիրներ, թոքաբորոբ։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի փոխանցմամբ՝  կորոնավիրուսով պայմանավորված իրենց աշխատանքի ծարաբեռնվածությունը չի մեծացել.«Կանչի մեկնելիս մենք չգիտենք՝ ինչ կանչ ենք սպասարկելու։ Եթե կասկած է լինում կորոնավիրուսով վարակված հիվանդի մոտ, այդ ժամանակ արդեն հիվանդը տեղափոխվում է համապատասխան հիվանդանոց, որ ախտորոշվի կորոնավիրուս է, թե ոչ։ Այնուհետ մենք նորմալ հասնում ենք մեր նորմալ կանչերին։ Բոլորովին աշխատանքը չի խաթարվում»,- նշեց նա։

Թագուհի Ստեփանյանը վստահեցրեց, որ շտապօգնության մեքենաների պակաս չկա։ Եթե անգամ այս օրերին շտապօգնության մեքենաները վթարի են ենթարկվում կամ անսարքանում, դրանց վերանորոգումը բավականին արագ կազմակերպվում է, իսկ եթե շատ ժամանակ է պահանջվում, շահագործման են դուրս բերվում պահուստային մեքենաները։

Ըստ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի՝ իրենք այս պահին որևէ բանի անհրաժեշտություն չունեն։ Ասաց՝ կորոնավիրուսի տարածման առաջին դեպքից հետո ձեռք են բերել պաշտպանիչ միջոցներ, համապատասխան հագուստ։ 

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը քաղաքացիներին հորդորեց կիրառել պաշտպանիչ միջոցներ. «Եթե թուլացրել են որոշ պայմաններ, դա չի նշանակում, որ ամեն ինչ վերջացել է մեր երկրում»,- նշեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter