HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Անշարժ գույքի շուկան պասիվացել է, սակայն գների էական տատանում առայժմ չկա

Հայաստանի անշարժ գույքի շուկան այս տարվա մարտից որոշակիորեն պասիվացել է. կրճատվել է առուվաճառքի գործարքների քանակը։ Սակայն վաճառքի գների էական տատանումներ, տարվա սկզբի համեմատ, առայժմ չեն նկատվում, միայն վարձակալությունների մասով՝ գնանկում կա։

 Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան մարտին արդեն իսկ արձագանքել է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում տեղի ունեցող իրադարձություններին։

Ըստ Կադաստրի կոմիտեի՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 12 049 առուվաճառքի գործարք։ Սա ներառում է ինչպես բազմաբնակարան շենքերի բնակարանների, այնպես էլ՝ հողերի, անհատական տների ու այլ տեսակի անշարժ գույքի առուվաճառքը։  2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն աճել է 17.7%-ով։ 

Սակայն միայն մարտին առուվաճառքի գործարքները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են 0.5%-ով՝ կազմելով 4 184։ Իսկ այս տարվա փետրվարի համեմատ առուվաճառքը կրճատվել է 7.7%-ով։

Թեև առուվաճառքը անշարժ գույքի շուկայում կատարվող գործարքների մի մասն է միայն (2020 թվականի առաջին եռամսյակում՝ ընդհանուր գործարքների 28%-ը), սակայն այն լավագույնս է բնութագրում շուկայի միտումները։

Շուկան բնութագրող ամենատիպիկ ցուցիչներից են նաև անշարժ գույքի գները։ Այդ մասով, Կադաստրի կոմիտեն առանձնացնում և հաշվարկում է բնակարանների գները Երևանում։

Այդ տվյալները ցույց են տալիս, որ մարտին, փետրվարի համեմատ, գների էական տատանում չի գրանցվել։ Իսկ եթե համեմատենք այս տարվա մարտը նախորդ տարվա նույն ամսվա հետ, նկատելի գնանկում կա։

Կադաստր. Եռամսյակային կտրվածքով Երևանի գներն աճել են, սակայն միայն մարտին միտումներն այլ են

Ըստ Կադաստրի՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ընդհանուր առմամբ վաճառվել է 3 732 բնակարան՝ 3.2%-ով ավելին, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում։

Բնակարանների առուվաճառքի գործարքների մոտ 65%-ը բաժին է ընկել Երևանին՝ 2 418 բնակարան, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 4.7%-ով։ 

 Կադաստրի գնային ինդեքսների ուսումնասիրությամբ պարզվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում, 2019 թվականի նույն եռամսյակի համեմատ, Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները, 1 քմ մակերեսի հաշվարկով, աճել են 12.1%-ով։ Սակայն, ինչպես նշեցինք վերևում, միայն մարտի միտումները բոլորովին այլ են։ 

Կադաստրի գնային ինդեքսների ուսումնասիրությամբ պարզվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում, 2019 թվականի նույն եռամսյակի համեմատ, Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները, 1 քմ մակերեսի հաշվարկով, աճել են 12.1%-ով։ Սակայն, ինչպես նշեցինք վերևում, միայն մարտի միտումները բոլորովին այլ են։

Համավարակի հետևանքով երկրում առաջացած իրավիճակն ու անորոշությունը քաղաքացիների մի մասին ստիպել է  ավելի զգուշավոր լինել, հետաձգել բնակարանների առուվաճառքը։ Արդյունքում մարտին նվազել է բնակարանների առուվաճառքի քանակը։

Այսպես, միայն մարտին հանրապետությունում ընդհանուր առմամբ վաճառվել է 1 293 բնակարան, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7.7%-ով։ Եվ, մասնավորապես, մայրաքաղաքում բնակարանների առուվաճառքի թիվը կազմել է 907՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազելով 8.7%-ով։

Իսկ այս տարվա փետրվարի համեմատ՝ մարտին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը հանրապետությունում նվազել է 12.4%-ով, և մասնավորապես Երևանում ՝ 16%-ով։

 Ըստ Կադաստրի հաշվարկների՝ այս տարվա մարտին Երևանում բնակարանները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, միջինում էժանացել են 14.9%-ով։ Իսկ փետրվարի համեմատ բնակարանները մայրաքաղաքում միջինում թանակցել են 0.6%-ով։.

 

Անշարժ գույքի միտումները հասկանալու համար առավել ընդունված է համեմատել նշված ամիսը կամ ժամանակաշրջանը նախորդ տարվա նույն ամսվա կամ ժամանակաշրջանի հետ, քանի որ այստեղ պետք է հաշվի առնել սեզոնայնության գործոնը։ Տարվա որոշակի ամիսների՝ հիմնականում երկրորդ կիսամյակում, սովորաբար առուվաճառքի գործարնքներն ավելի շատ են լինում, քան առաջին կիսամյակում։ Եթե գների միտումները ևս դիտարկում ենք այդ տրամաբանությամբ, ապա տեսնում ենք, որ մարտին գների զգալի անկում կա։ Բայց եթե փորձում ենք հասկանալ, թե նախորդ ամսվա համեմատ ինչ փոփոխություն կա, ապա տեսնում ենք, որ գները գրեթե նույն մակարդակում են մնացել։

«Երկիր» անշարժ գույքի գործակալության տնօրեն. բանկերն ու քաղաքացիները հետաձգում են գործարքները

Ըստ «Երկիր» անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռոբերտ Սիմոնյանի՝ շուկայում մարտից գործարքների նվազում է գրանցվում, որը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ ու բանկերի կողմից հիպոթեքային գործարքների երկարաձգմամբ։

«Բացի այն, որ քաղաքացիները հետաձգում են գործարքները, նաև շատ բանկեր հրաժարվում են այս օրերին հիպոթեքային վարկերի հետ կապված պայմանագրերը կնքել կամ նոր հայտեր ընդունել»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Ռոբերտ Սիմոնյանը։

Ըստ նրա՝ ներկայում առուվաճառքի գների էական փոփոխություններ առայժմ չկան անշարժ գույքի շուկայում։ Չի բացառվում, որ առաջիկայում գնանկում լինի, սակայն այդ մասին հստակ կախնատեսումներ անել հնարավոր չէ։ Շուկայի զարգացումները կախված են շինարարության տեմպերից ու պետական օժանդակությունից։

«Ներկա դրությամբ հնարավոր չէ ասել, թե հետագայում ինչ կլինի անշարժ գույքի գների հետ կապված։ Շատ են խոսում, որ հետագայում գները կիջնեն, սակայն դա լուրջ չէ, քանի որ ոչ ոք չգիտի, թե առաջիկայում ինչ է սպասվում»,- ասաց «Երկիր» անշարժ գույքի գործակալության տնօրենը։

Նա հորդորում է անշարժ գույքի կտրուկ թանկացման կամ էժանացման մասին սպեկուլյատիվ կանխատեսումներով չմոլորեցնել բնակչությանը և անհարկի սպասումներ չառաջացնել։

Բնակարանների վարձերը նվազել են

Ռոբերտ Սիմոնյանի խոսքով՝ վերջին երկու ամիսներին փոփոխություններ կան անշարժ գույքի վարձակալության շուկայում, որն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակարանների վարձակալների թիվն է պակասել։

«Զբոսաշրջիկներ չկան, որոնք այս օրերին բնակարաններին էին վարձակալում։ Ուսանողները չկան, որոնք մարզերից գալիս և մայրաքաղաքում վարձով էին բնակվում, այս ամիսներին այստեղ չեն։ Դրա հետևանքով վարձերի 15-20%-ի նվազում է գրանցվել»,- նշեց նա։

Իսկ առաջիկայի համար ինչպես անշարժ գույքի գների, այնպես էլ՝ վարձակալությունների վերաբերյալ կանխատեսումները բավականին տարբեր են։ Գործակալություններն ու մասնագետները տարբեր թվեր են հնչեցնում՝  50%-անոց գնանկումից մինչև որոշակի թանկացում։

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա
Բնակարնների գները անշուշտ ընկնելու են դրա մասին են վկայում անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերլուծությունը, որ 70 տոկոսվ պակասել է անշարժ գույքի առք ու վաճառքը, , ուստի և , եթե առաջարկը ավելի շատ է քան պահանջարկը , նշանակում է գնանկումը անխուսափելի է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter