
Եվրոպական հանձնաժողովը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես թույլատրել է ձեռնարկությունների ազգայնացումը
Մայիսի 8-ին Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ պետություններին ժամանակավորապես թույլատրել է մասամբ ազգայնացնել բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ամենից շատն են տուժել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այդ մասին գրում է գերմանական «Deutsche Welle»-ն։
Ազգայնացումը հնարավոր կլինի մի շարք պայմանների պահպանման պարագայում։ Այսպես, ընկերությունները պետք է հրաժարվեն դիվիդենտների և բոնուսների վճարումից։ Խոշոր ընկերությունները պետք է մանրամասն զեկուցեն, թե ինչի վրա են ծախսում ստացած օգնությունը, ինչպես նաև ապացուցեն, որ սույն գործողությունները «համապատասխանում են ԵՄ նպատակներին՝ անցնելու «կանաչ» և թվային տնտեսությանը»։ Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, պետության կողմից շուկայի կարգավորումը պետք է իրականացվի հանրային շահի պահպանման տեսանկյունից։ Մասնավորապես, այս գործողությունների իրականացումը նպատակամիտված է մեծ թվաքանակով աշխատատեղերի կրճատումից խուսափելուն և ինովացիոն կամ համակարգաստեղծ ձեռնարկությունների սննկացումից պաշտպանելուն։
Ազգայնացման դեպքում պետք է մշակվի նաև «ձեռնարկությունների կապիտալից պետության դուրս գալու ռազմավարություն»։ Եթե պետությունը որևէ ընկերության կապիտալին մասնակցի 6 տարուց ավելի, ապա պետք է ներկայացվի ընկերության վերակազմակերպման նախագիծ։
Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը հայտարարել է, որ սա կարևոր քայլ է տնտեսության ֆինանսական օգնության գործընթացում հավելյալ ճկունություն ապահովելու համար։ «Մեր նպատակը ճգնաժամի ավարտից հետո հաջողության հասնելն է»,- հավելել է նախարարը։
Լուսանկարը՝ «Getty Images»-ի
Մեկնաբանել