HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ջրի վրա հիմնված Սիս գյուղում խմելու և ոռոգման ջուր չունեն

1988թ.-ին, երբ Արցախյան հակամարտության հետեւանքով Ադրբեջանի Բաքու, Կիրովաբադ, Շամխոր եւ այլ քաղաքներից բռնագաղթած հայերի առաջին խումբը հասավ Արարատի մարզի ադրբեջանաբնակ Սիս գյուղ, ադրբեջանցիների մի մասը դեռեւս գյուղում էր: Նախնական պայմանավորվածությամբ նրանք տները փոխանակել էին տեղի ադրբեջանցիների հետ, բայց երբ տեղ էին հասել, գյուղում կատարյալ խառնաշփոթ էր սկսվել տների բաշխման հետ կապված: Դրան գումարած՝ գյուղական տներն ու կենցաղը բոլորովին չէին համապատասխանում քաղաքաբնակների պատկերացումներին։

Նորեկներին խաղաղեցնելու ու տեղավորելու գործը հանձնարարվում է Սիսի միակ հայ ընտանիքի ավագին՝ Հայկազ Շաբոյանին, որը գյուղի դարբինն էր:

«Հորս կանչեցին շրջկոմ ու գյուղապետ նշանակեցին: Ահավոր խառնաշփոթ էր, հայերի տները լավն էին, թուրքերը նախապես գնում, տեսնում էին տները՝ նրանց այնտեղից ուղարկում էին։ Հայերը գալիս էին այստեղ, տեսնում էին լավը չէ, ուզում էին մեկին հանել, մյուսին տեղավորել այդ տանը եւ այլն»,- վերհիշում է Հայկազ Շաբոյանի դուստրը՝ Սեդա Շաբոյանը:

Մինչեւ 1988թ.-ը Սիսում մեկ հայ ընտանիք է բնակվել, 20 քուրդ ընտանիք, մնացածը ադրբեջանցիներ են եղել։ Գյուղի բնակչության էթնիկ կազմը հիմնովին փոխվեց 1988-89 թվականներին: Քաղաքաբնակ հայությունը, ձմռան շեմին հայտնվելով այստեղ, երկրորդ ցնցումն էր ապրել իրեն անծանոթ գյուղական կենցաղից:

«Շատ ցուրտ ձմեռ էր, երբ եկան, վառարանները չէին կարողանում վառել, գարնանը չէին կարողանում հողը մշակել: Նրանց համար շատ դժվար էր այստեղ, շատերը հեռացան, հատկապես երիտասարդները, գյուղում մնացին տարեցները: Բռնագաղթածներին տեղավորելուց հետո հայրս այլեւս չցանկացավ աշխատել, արդեն տարիքն էլ առել էր»,- պատմում է Սեդան:

Մեկ տարի հետո նրանցից շատերը տները վաճառել են իրենցից առ ժամանակ հետո Սիսում հայտնված այլ բռնագաղթածների ու հեռացել: Վերջիններս Ադրբեջանի գյուղական բնակավայրերից էին եւ ավելի հեշտ են համակերպվել նոր միջավայրին:

«1988թ. հոկտեմբերին ենք եկել, շարժումն արդեն սկսվել էր, մի օրվա մեջ որոշեցինք եւ եկանք։ Երբ եկանք, դեռ թուրքեր կային այստեղ»,- պատմում է Սիսի դպրոցի օտար լեզուների ուսուցչուհի Անաիդա Ադիյանը: Ադիյանների ընտանիքը Կիրովաբադից է եկել: Հայաստանի հետ նրա կապը ավելի վաղ էր ստեղծվել՝ Երեւանի Բրյուսովի անվան ինստիտուտում է սովորել: Աշխատանքի է անցել դպրոցում եւ մինչ օրս ռուսերեն եւ անգլերեն է դասավանդում։ Տկն Անաիդան արդեն թոռնիկ ունի, բայց ասում է, որ մինչ օրս էլ գյուղի կենցաղին չի համակերպվել։

Ադրբեջանի Շամխոր քաղաքից եկած Սեդա Թումասյանն ասում է, որ առաջին փախստականներից շատ քչերն են մնացել: «Քաղաքաբնակները շուտ հեռացան, սարաֆաններով, զոնտիկներով շրջում էին գյուղում, ոնց որ պլյաժ լիներ: Առաջին տարիներին գնացին սովխոզում աշխատեցին, պոմիդոր ու բադրիջան էին մշակում, բայց աշխատավարձ չստացան, թողեցին հեռացան: Գնացին Ամերիկա, Ռուսաստան, իսկ գյուղերից եկածները կարողացան համակերպվել, հողագործությամբ զբաղվել, բայց նրանց երիտասարդներն էլ գնացին»,- պատմում է տկն Սեդան:

Սիսում բնակվող ադրբեջանցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է եղել՝ բանջարեղեն էին մշակում եւ վաճառքը լավ կազմակերպում էին մայրաքաղաքում: Վերաբնակվածներն ասում են, որ երբ եկել են, տներում մեծ քանակով պարկերով բողկ ու այլ կանաչեղեն է դրված եղել, մի մասն՝ արդեն ցրտահարված, մի մասը բաժանել են, որ տարածքը մաքրեն։

Վերաբնակվածներին սեփականաշնորհման ժամանակ հողատարածքներ են հատկացրել՝ մեկ շնչին 3000 քմ (3 հոգին մեկ շունչ էր հաշվվում): Սակայն այդ հողատարածքները մինչ օրս չեն մշակվել ոռոգման ջուր չլինելու պատճառով: Դրանք խոտհարք ու արոտավայրեր են։

Սիսն ունի 329,58 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որը չի մշակվում ջուր չլինելու պատճառով: Խորհրդային տարիներից մնացած ոռոգման համակարգն ամբողջովին քայքայվել է ձմռան ցրտից ու ամռան տապից, իսկ նորը չի կառուցվել: «Ոռոգման ցանցի կիսախողովակներ չունենք, դրա համար դաշտերը չեն կարողանում մշակել»,- ասում է համայնքապետարանի գյուղատնտես Ժորա Գազարյանը։

Գյուղացիներն ասում են, որ ոչինչ չեն մշակում, տարեկան մեկ անգամ խոտ են քաղում այդ տարածքից: Միաժամանակ, շեշտում են, որ գյուղացիներից նրանք, ովքեր անհամեմատ ավելի լավ պայմաններում են ապրում, դրան հասել են անասնապահությամբ: Ժորա Գազարյանը նշում է, որ ոռոգելու դեպքում տարեկան 4 անգամ խոտ կհնձեին, իսկ հիմա մեկ անգամ են հնձում:

Սեդա Թումասյանն ասում է, որ 90-ականների սկզբներին բնակչության հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն ու ձկնաբուծությունն է եղել: Գյուղում գործում էր «Մասիս» ձկնաբուծական կոմբինատը, որտեղ Սիսից եւ հարեւան գյուղերից մոտ 120 մարդ էր աշխատում: Բնակչության մեծամասնությունը, հիմնականում, հողագործությամբ էր զբաղվում, բանջարեղեն է մշակում ու դրանով ապրում: Իրենք նույնպես բանջարանոցն են մշակել, իսկ հիմա անասուն են պահում:

Սիսի բնակչության զբաղվածության հիմնական ճյուղը, ըստ փաստաթղթերի, հողագործությունն՝ կարտոֆիլ, առվույտ, բանջարաբոստանային կուլտուրաներ, ծաղկի մշակում ու անասնապահությունն է: Գյուղի զարգացումը համայնքապետարանը պայմանավորում է տնամերձերի, վարելահողերի, խոտհարքների եւ արոտավայրերի նպատակային եւ արդյունավետ օգտագործմամբ: Սակայն, դրան հասնելու համար համայնքապետարանը ոչինչ չի արել:

«Այս գյուղը ջրի վրա է հիմնվել, 2 մետր քանդում ես՝ ջուրը դուրս է գալիս,- ասում է Սիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռամելլա Օհանյանը: Գյուղում 23 արտեզյան հոր կա, որը ոռոգման համար է նախատեսված, բայց քանի որ գյուղն ընդհանրապես խմելու ջուր չի ունեցել, բնակիչներն օգտվում են արտեզյան հորերից։ Ասում է, որ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը ամիսը մեկ անգամ ստուգում է արտեզյան հորերի ջրի որակը, սակայն, միեւնույն է, բնակիչներն իրենց ապահովագրված չեն զգում վարակիչ հիվանդություններից:

«Արտեզյանի ջուրը ե՛ւ խմում ենք, ե՛ւ կենցաղում ենք օգտագործում, ե՛ւ հողամասն ենք դրանով ոռոգում»,- ասում է Սեդա Շաբոյանը:

Աշխատակազմի քարտուղարի խոսքով՝ Սիսում երբեւէ խմելու ջրագիծ չի եղել: Համայնքապետարանը խմելու ջրի ներհամայնքային ցանցի կառուցումն անհրաժեշտություն է համարում, բայց համայնքային բյուջեով դա անհնար է: «Այդքան գումար չունենք,- ասում է աշխատակազմի քարտուղարը եւ ավելացնում,- երեք համայնքապետի հետ եմ աշխատել, երեքի խնդիրն էլ այդ է եղել։ Ես ինքս եմ բազմիցս գրություններ ուղարկել Կառավարություն, սակայն դրանք միշտ անպատասխան են մնացել»։

Սիսը հայերով վերաբնակեցնելուց անցել է ավելի քան 30 տարի, սակայն գյուղի կենցաղային պայմանները մինչ օրս էլ մտահոգիչ են՝ խմելու եւ ոռոգման ջուր չկա, գյուղը գազիֆիկացված չէ: Մարդիկ գնահատում են փոփոխությունները՝ գյուղում մի հատված ասֆալտապատվել է, բնակավայրը 90 %-ով լուսավորված է, երկու խանութ ունեն, մանկապարտեզ, դպրոց, էլեկտրագնացքի կանգառ, բայց գազ չկա: «Մի քանի ընտանիք գազ ունի, ասում են, թե տները պլանային չեն կառուցված, դրա համար էլ չի ստացվում»,- ասում է Բաքվից եկած Մարգարիտա Ավանեսյանը:

Խորհրդային տարիներին Սիսում գյուղմթերքների արտադրությունն ու ձկնաբուծությունը հակակշռել են իրար: Համայնքի հնգամյա ռազմավարական ծրագրում, որն ընդունվել է 2017թ.-ին՝ համայնքի նախկին ղեկավար Արմեն Եղյանի պաշտոնավարման ժամանակ, նշված է անգամ համայնքում եղած հավերի ու մյուս թռչունների գլխաքանակը, բայց ոչ մի խոսք չկա 30 ձկնաբուծարանների, դրանց զբաղեցրած հողատարածքների եւ համայնքի տնտեսական կյանքում ունեցած դերակատարության մասին:

Սիսի նախորդ եւ ներկա համայնքապետերը՝ Պարույր Մնացականյան, Արմեն Եղյան, Հայկ Մելքոնյան, ձկնաբույծներ են։ Հետեւաբար, շատ լավ պատկերացնում են, թե ֆինանսական ինչպիսի մեծ հնարավորություններ է ստեղծում բնական լճերով հարուստ տարածքը համայնքային բյուջեի եւ համայնքի ենթակառուցվածքները զարգացնելու համար:

Համայնքապետարանում ասում են, թե ձկնաբուծարանների համար ընդամենը հողի հարկ են վճարում, իսկ արհեստական ջրավազանների համար՝ նաեւ գույքահարկ, դրանք բնակիչների ու համայնքի համար եկամուտ չեն ապահովում: Նաեւ՝ աշխատատեղ են. 1580 բնակիչ ունեցող Սիսից մոտ 40 հոգի ներկայում աշխատում է ձկնաբուծարանում:

Սիսում 30 ձկնաբուծարան է հաշվառված, որտեղ աշխատում են ոչ միայն Սիսի եւ հարեւան գյուղերի բնակիչները, այլեւ հանրապետության տարբեր բնակավայրերից եկածները: Այդ է պատճառը, որ առ այսօր բնակչության կազմը շարունակում է փոփոխվել ձկնաբուծարաններում աշխատանք գտած ապարանցիների, թալինցիների, սիսիանցիների եւ այլ բնակավայրերի բնակիչներով, որոնք գնում կամ վարձակալում են Ադրբեջանից բռնագաղթած հայերի տները ու հաստատվում այստեղ:

Ոչ միայն բնակիչներն են անհանգստացած շարունակաբար բնակչության փոփոխվող կազմից, այլեւ դպրոցի տնօրեն Համեստ Աթանեսյանը (Սիսի նախկին համայնքապետ Արմեն Եղյանի կինն է): Վերջինիս ասելով՝ տարվա կեսին երեխաներին տեղափոխում են գյուղի դպրոց, եւ դա դժվարություններ է ստեղծում իրենց համար:

Սիս համայնքի տարեկան բյուջեն 36 մլն դրամ է, որից 23 մլն 462 հազարը պետական բյուջեից տրվող դոտացիան է, 12 մլն 240 հազարը՝ սեփական եկամուտներն են:

«Վերջին 10 տարիներին համայնքային բյուջեն 12 մլն դրամով ավելացել է՝ 80 %-ը դոտացիայի հաշվին եւ 20 %-ը՝ մեքենաների համար գանձվող գույքահարկի։ «Բյուջեն նոր եկամուտներով ավելացնելու հեռանկար տեսնո՞ւմ եք»,- հարցնում եմ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Գալստյանին: «Կարող է ավելանալ ձկնաբուծարանների օրինականացման հաշվին»,- ասում է նա՝ օրինակ բերելով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին: Ասում է՝ գրություն ենք ուղարկել, որ օրինականացնի իր ձկնաբուծարանը, պատասխանել են, որ ընթացքի մեջ է։

Վերջին տասնամյակում միայն Սիսում մեծ թվով հողերի վաճառք է իրականացվել, գյուղատնտեսական նշանակության հողերը վերափոխվել են ջրայինի, որի արդյունքում 10 արհեստական ձկնաբուծարան է կառուցվել:

Նախկին համայնքապետ Արմեն Եղյանը թաքցրել է, որ որոշ ձկնաբույծներ չեն փոխել հողի նշանակությունը եւ ոչինչ չեն վճարել բյուջե: Գյուղում մեկ խմբով մանկապարտեզ է գործում, եւ խումբը չեն ավելացնում միայն նրա համար, որ մանկապարտեզի ծախսերը չավելանան: Մինչդեռ, միայն ձկնաբուծարանների գործարքների վճարները բավարար էին գյուղում առաջնային կարեւորության ենթակառուցվածքներ՝ խմելու եւ ոռոգման ջրի համակարգ ստեղծելու, գյուղն ամբողջովին գազիֆիկացնելու համար:

Լուսանկարներն ու տեսանյութը` Անի Սարգսյանի, Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter