HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տրանսֆերտները կրճատվում են. մոտ 10% անկում ՝ առաջին եռամսյակում

Այս տարի արտասահմանից Հայաստան ուղարկվող գումարները կամ ավելի պարզ՝ տրանսֆերտները, զգալի կրճատվում են: Առաջին եռամսյակի տվյալներով՝ ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել մոտ 354 մլն  դոլարին համարժեք գումար: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս գումարը կրճատվել է մոտ 38 մլն դոլարով կամ 9.7%-ով:  

Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները, տրանսֆերտները էապես կրճատվել են փետրվար և մարտ ամիսներին: Եթե 2019 թվականի փետրվարին տրանսֆերտների ներհոսքը կազմել է 140 մլն դոլար, ապա այս տարվա փետրվարին ՝ 123 մլն դոլար: Իսկ նախորդ տարվա մարտին այն կազմել է 132 մլն դոլար, այս տարվա նույն  ամսին՝ մոտ 118 մլն դոլար:

Ինֆոգրաֆիկայում 2019 և 2020 թվականների առաջին երեք ամիսներին արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների ցուցանիշներն են: Դեղինով  նշված է փոխանցումների ներհոսքը՝ այն գումարը, որը դրսից փոխանցել են Հայաստան, իսկ մոխրագույնով՝ Հայաստանից արտասահման փոխանցումներն են՝ արտահոսքը: Վերջինիս կանդրադառնանք ավելի ուշ: 

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նվազում են Ռուսաստանից ստացվող գումարները, իսկ  այլ երկրներից որոշակի աճ է նկատվում: 

Առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները մոտ 16%-ով նվազել են

Արտասահմանից Հայաստան տրանսֆերտների հիմնական աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը: Այդ գումարները, ինչպես բազմիցս գրել ենք, Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների ուղարկած գումարներն են: Եվ այս տարի այդ միջոցները նվազել ու նվազելու են: 

Ռուսաստանից Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում փոխանցվել է 164 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է  31 մլն դոլարով կամ մոտ 15.9%-ով: 

Այս նվազումը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացմամբ: Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը զգալի անկում են ապրել, և դա ազդել է նաև այդ երկում աշխատողների վարձատրության վրա: Թուլացել են ռուսական ռուբլու դիրքերը, ինչը ևս հանգեցրել է տրանսֆերտների նվազմանը: Այսինքն՝ Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումները ոչ միայն գումարային չափով են կրճատվել, այլև՝ դոլարային արտահայտությամբ: 

Սպասվում է, որ առաջիկայում այս գումարները կշարունակվեն նվազել: Պատճառները կրկին նույնն են՝ Ռուսաստանի տնտեսության անկումը և ռուբլու թուլացումը: 

Բացի այդ, մի շարք հայաստանցիներ այսօր չեն կարողանում Ռուսաստան մեկնել փակ սահմանների և գործատուների կողմից հրավերների չեղարկման պատճառով: Նրանք սեզոնային աշխատողներն են, որոնք, սովորաբար, այստեղից Ռուսաստան են մեկնում գարնանը, վերադառնում՝ աշնանը: Այս տարի, սակայն, նշված «օրինաչափությունը» խախտվել է աշխարհում տարածված կորոնավիրուսի պատճառով: 

Մի քանի երկրներից տրանսֆերտներն առաջին եռամսյակում աճել են  

Բացի Ռուսաստանից, այլ երկրներից այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է  փոխանցվել մոտ 189.2 մլն դոլարին համարժեք գումար: ԿԲ-ի տվյալների հիման վրա կատարված հաշվարկը ցույց է տալիս, որ այս գումարը 2019 թվականի նույն եռամսյակի համեմատ կրճատվել է մոտ 7 մլն դոլարով կամ 3.4%-ով։ 

Չնայած այլ երկրներից ուղարկվող գումարների ընդհանուր նվազմանը՝ մի քանի երկրների մասով աճ է գրանցվել, ինչպես ԱՄՆ-ի (5.5 մլն դոլարով), Գերմանիայի (2 մլն դոլարով), ԱՄԷ-ի (2.9 մլն դոլարով):

Բնակչության գնողունակության անկում. տրանսֆերտների կրճատման համար առաջին բացասական ազդակները

Այն, որ Հայաստանում գնողունակության նվազման միտումներ են, արդեն իսկ երևում է  ներքին առևտրաշրջանառության տվյալներից: Այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ներքին առևտրաշրջանառությունը Հայաստանում նվազել է մոտ 10%-ով, որն ուղղակիորեն նշանակում է բնակչության գնողունակության անկում:

Վստահորեն կարելի է ասել, որ դրա պատճառներից մեկն էլ տրանսֆերտների կրճատումն է: Այն ուղիղ հարված է այն ընտանիքներին, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը տրանսֆերտներն են: Սա հանգեցնում է այս ընտանքիների գնողունակության անկմանը, երկրում առևտրի շրջանառության նվազմանը և այլն:  

Վերջին տարիներին դեպի Հայաստան տրանսֆերտների ամենամեծ անկումը գրանցվել է 2015 թվականին։ Այդ տարի, 2014-ի համեմատ, տրանսֆերտների ներհոսքը նվազել է կես միլիարդ դոլարով։ Այսինքն՝ բնակչությունն ու տնտեսությունը այդ չափով գումար կորցրին։ Սա պայմանավորված էր Ռուսաստանից կատարվող փոխանցումների կրճատմամբ։ Դա էլ իր հերթին համաշխարհային շուկայում նավթի էժանացման ու ռուսական տնտեսության անկման հետևանքն էր։  

Նվազել են նաև Հայաստանից արտասահման տրանսֆերտները

Այս տարվա հունվար-մարտին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են ուղարկել 266 մլն դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է 20 մլն դոլարով կամ 7.1%-ով:

Այս ընթացքում Ռուսաստան է փոխանցվել մոտ 87 մլն դոլար՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կրճատվելով 33 մլն դոլարով կամ 27.6%-ով:

Ինչպես ավելի վաղ գրել ենք, 2019 թվականին Հայաստանից ռեկորդային ծավալի գումարներ են փոխանցվել տրանսֆերտների տեսքով։ Խոսքը 1 մլրդ 454 մլն դոլարի մասին է։ Դրանք բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են Հայաստանից արտասահման, որոնց ծավալը նախորդ տարվա համեմատ 22.4%-ով աճել է։ Առնվազն 2004 թվականից սկսած, երբ ներկայացվում է վիճակագրությունը, ոչ մի ամիս այդ չափով գումար Հայաստանից դուրս չի եկել։ 

Արտահոսքի այս տեսանելի աճը Կենտրոնական բանկը բացատրում է հիմնականում ավտոմեքնենաների ներմուծման նույնքան զգալի աճով։ Այսինքն՝ գումարները արտերկիր են փոխանցվել ավտոմեքենաների դիմաց վճարումների տեսքով։

Ու քանի որ այս տարի ավտոմեքենաների ներմուծման տեմպերը թուլացել են, գումարած՝  կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունները, սպասվում է, որ առաջիկիա ամիսներին Հայաստանից արտասահման դրամական փոխանցումները ևս կկրճատվեն:

Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում նվազել են ինչպես արտասահմանից Հայաստան, այնպես էլ՝ Հայաստանից արտասահման դրամական փոխանցումները։ Ու քանի որ տրանսֆերտների ներհոսքի կրճատումն ավելի մեծ է եղել, քան արտահոսքի կրճատումը, դա հանգեցրել է զուտ ներհոսքի նվազման։ Զուտ ներհոսքը ցույց է տալիս տրանսֆերտների ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը։ Այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 87 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն եռամսյակի մոտ 105 մլն դոլարի դիմաց։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter