HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

COVID-19 համավարակը՝ որպես միջազգային առողջապահական կանոնակարգի բացերի արտացոլում. ընդհանուր և միջազգային իրավական նկատառումներ

 

Արա Վ. Պապյան

Միջազգային առևտրի, ներդրումային իրավունքի և

ԵՄ իրավունքի հարցերով ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Լոզանի համալսարանի ասպիրանտ 

Մինչ աշխարհը շարունակում է դիմագրավել «Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2»-ին (SARS-CoV-2 կամ COVID-19), էլ ավելի են թեժանում քննարկումները, թե ինչու ենք բոլորս հայտնվել նման իրավիճակում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (WHO/ԱՀԿ) կամ կառավարություններին քննադատելն անգործության կամ դանդաղկոտության համար միտում է դարձել, ինչը որոշ չափով արդարացված քննադատություն է։ Այնուամենայնիվ, քիչ են վերլուծություններն այն մասին, թե արդյոք հիվանդության տարածման չափին «նպաստել են» 2005թ. ընդունված Միջազգային առողջապահական կանոնների բացերը (IHR 2005)[1], որոնց հիման վրա գործում են  ԱՀԿ-ը և պետությունները:

Մինչ Միջազգային առողջապահական կանոնների (IHR 2005) իրավական բացերին անդրադառնալն անհրաժեշտ է խոսել մի քանի ընդհանուր նկատառումներից: Իսկ հետազոտության երկրորդ մասում կքննարկվեն իրավական բացերը, որոնք նպաստել են նման իրավիճակի զարգացմանը:

Մաս 1. Ընդհանուր դիտարկումներ

ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՉԻ ԲԱԽՎՈւՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԻՆ

Կորոնավիրուսները մշտապես շրջապատել են մեզ՝ երբեմն հարուցելով մեղմ ընթացքով հիվանդություններ: Այնուամենայնիվ, ի հավելումն COVID-19-ի՝ եղել են կորոնավիրուսի երկու այլ տեսակներ, որոնք լուրջ հետևանքներ են ունեցել: Նրանցից մեկը Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշն է (MERS), որը հարուցվել է Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ կորոնավիրուսի (MERS CoV) հետևանքով: Առաջին անգամ այս հիվանդության մասին ծանուցել է Սաուդյան Արաբիան 2012թ., և հետագայում համաճարակաբանական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջին դեպքը գրանցվել է Հորդանանում՝ 2012թ. ապրիլին: Արաբական թերակղզուց բացի MERS գրանցվել է Կորեայի Հանրապետությունում 2015թ.: Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ)՝ MERS-ը կարող է տարածվել բոլոր տարիքային խմբերի վրա (1-99 տարեկան), և սուր շնչառական հիվանդության զարգացման արդյունքում 10-ից 3-4 վարակվածներ մահանում են[2]: Ըստ ԱՀԿ կողմից հրապարակված տեղեկատվության՝ 2019թ. հունիս ամսվա դրությամբ գրանցվել է հիվանդության 2249 դեպք, և մահացության ցուցանիշը կազմել է 34.5%[3]:  

Մինչդեռ կորոնավիրուսի մեկ այլ տեսակ, որը լուրջ խնդիրներ էր հարուցել անցյալում, «Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ կորոնավիրուսն (SARS)» էր, որն առաջին անգամ հայտնաբեվել է 2003թ. Չինաստանում: Այս հիվանդությամբ վարակվել  է ավելի քան 8000 մարդ 26 երկրներում, և փոխանցման շղթան կոտրվել է 8 ամսում՝ չնայած նրան, որ Չինաստանը բավական տևական ժամանակ գաղտնի է պահել հիվանդության առկայությունը հասարակությունից և ԱՀԿ-ից: 2003թ. SARS-ի ի հայտ գալը ժամանակին արագացրել էր Միջազգային առողջապահական կանոնների (IHR) վերանայման գործընթացը, որը սկսվել էր 1995թ. և դանդաղ էր առաջ  գնում: IHR-2005-ի ընդունումից հետո SARS 2003 ներառվեց այն հիվանդությունների ցանկում, որտեղ տեղ են գտել վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են բնական ծաղիկը (օսպա), պոլիոմելիտը և գրիպը (Influenza)[4], որոնք ԱՀԿ-ը համարում է կրիտիկական հիվանդություններ[5]: Այս հիվանդությունների նույնիսկ մեկ դեպքի գրանցումը դիտարկվում է որպես «արտասովոր» կամ «անսպասելի» և կարող է  լուրջ վնաս հասցնել հանրային առողջությանը: Սա կնշանակի, որ SARS 2003-ի մեկ դեպքի ի հայտ գալը կարող է հանգեցնել հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի հայտարարման (միջազգային արտակարգ իրավիճակ—PHEIC): Այս հիվանդությունը համարվում է «վերացված հիվանդություն», և նոր դեպքեր դեռևս չեն գրանցվել։

COVID-19-ի և SARS 2003-ի միջև կան մի քանի ընդհանրություններ, չնայած որ այս հիվանդությունները, գիտնականների պնդմամբ, տարբեր հիվանդություններ են: 2020թ. մարտի 5-ին վարակիչ հիվանդություններին վերաբերվող ամենահեղինակավոր ամսագրերից մեկում՝ The Lancet-ում տպագրված հոդվածում նշվում էր, որ COVID-19-ի ամբողջական գենոմն ունի 86% նմանություն 2003թ. SARS CoV-ի հետ, սակայն նաև մատնանշվում էին այս հիվանդությունների միջև առկա բազում տարբերություններ[6]: Երկու վիրուսներն էլ ենթադրաբար փոխանցվել են մարդկանց չղջիկներից:

Հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսները կարող են տարբեր աստիճանի վտանգավորության լինել և նույնիսկ ներառված լինել կրիտիկական հիվանդությունների ցանկում և այն, որ COVID-19-ի մասին առկա տեղեկատվությունը շարունակաբար ավելանալու է, այս հիվանդության նկատմամբ պետք է ցուցաբերվի լրջագույն զգոնություն թե՛ հասարակության և թե՛ պետության կողմից։ Նամանավանդ, երբ շատ պետություններ արդեն իսկ ստիպված են մեղմացնել կարանտինային ռեժիմը։

ԱՀԿ-Ը PHEIC Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈւՄ

Մինչ 2020թ. մարտի 11-ին COVID-19 կանվանանշվեր որպես համավարակ (պանդեմիա), ԱՀԿ-ը 2020թ. հունվարի 31-ին հայտարարել էր իր՝ ահազանգման ամենաբարձր մակարդակի մասին

«Հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» (PHEIC): Պետք է հաշվի առնել, որ ԱՀԿ-ը չի հայտարարում PHEIC «բոլոր» հիվանդությունների դեպքում: Իրականում այն ամեն տարի կարող է պետություններից ստանալ հարյուրավոր կամ հազարավոր ծանուցումներ տարբեր հիվանդությունների վերաբերյալ, և 2005թ. սկսած եղել են հիվանդությունների 6 դեպքեր, որոնք բավարարել են IHR-2005-ում նշված չափանիշին՝ PHEIC հայտարարելու համար: Այդ հիվանդություններն են՝ H1N1 վիրուսը (Խոզի գրիպ)՝ 2009թ.[7], Էբոլան՝ 2014թ.[8]Պոլիոմիելիտը՝ 2014թ.[9], Զիկա վիրուսը՝ 2016թ.[10], Էբոլան՝ Կոնգոյի ժողովրդարավարական Հանրապետությունում՝ 2019թ.[11]:

 COVID-19-ի դեպքում ԱՀԿ-ի Գլխավոր տնօրենը 3 անգամ հրավիրել է «Արտակարգ հանձնաժողովի» (Emmergency Committee) նիստ՝ հունվարի 22-ին, հունվարի 23-ին և հունվարի 31-ին։ Առանց Արտակարգ հանձնաժողովի խորհրդի ԱՀԿ-ի Գլխավոր տնօրենն իրավունք չունի հայտարարել միջազգային արտակարգ իրավիճակ։ Հունվարի 22-ի նիստին Արտակարգ հանձնաժողովի անդամների կարծիքները բաժանվել են, և Արտակարգ հանձնաժողովը նույնիսկ քվեարկության միջոցով չի կարողացել որոշում կայացնել։ Հաջորդ հանդիպմանն Արտակարգ հանձնաժողովը եզրահանգել է, որ միջազգային արտակարգ իրավիճակ հայտարարելու չափանիշները բավարարված չեն։ Այդուհանդերձ, Արտակարգ հանձնաժողովը, ստանալով բավականաչափ գիտական հիմնավորումներ միջազգային արտակարգ իրավիճակ հայտարարելու համար, հունվարի 31-ին գլխավոր տնօրենին տալիս է եզրակացություն արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտության մասին[12]:

 ԱՀԿ-ի կողմից միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ հայտարարելը քաղաքական, տնտեսական և սոցիալական առումներով զգայուն հարց է, քանի որ այն հանգեցնում է խուճապի, տնտեսական մարտահրավերների, մարդկանց տեղաշարժի սահմանափակումների, ինչպես նաև մի շարք այլ մարտահրավերների: Սա է պատճառը, որ ԱՀԿ-ը հեշտորեն չի հանգում նման հայտարարություն անելուն: Ի հավելումն, ամեն մի հիվանդություն չի հատում այն սահմանը, որ հայտարարվի միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Հայտարարվելու դեպքում պետությունները և հասարակությունները պետք է պատրաստվեն դիմակայելու հիվանդությանը:

PHEIC ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՓԱԿԵԼՈւ Ու ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՄԵԿՈւՍԱՑՆԵԼՈւ ԿՈՉ ՉԷ

PHEIC հայտարարելը տեղեկացման/տեղեկատվության գործողություն է[13], որը տագնապում է համաշխարհային հանրությանն այլ պետությունների համար հանրային առողջության վտանգի վերաբերյալ՝ հիվանդության միջազգային տարածման միջոցով, ինչը համապատասխանաբար պահանջում է համակարգված միջազգային արձագանք[14]: Այս հայտարարությունից հետո ԱՀԿ-ը ստանձնում է արտակարգ իրավիճակների լիազորություններ և երկրներին տալիս է ժամանակավոր ցուցումներ[15] (temporary recommendations), որոնց միջոցով նա համակարգում է պետությունների արձագանքը, և վերջիններս պետք է պատրաստվեն՝ հետևելով այդ ցուցումներին:

Այնուամենայնիվ, PHEIC հայտարարելուց անմիջապես հետո պետությունները մեկնարկում են սահմանները փակելու գործընթացը: Հայաստանի Հանրապետությունն անմիջապես PHEIC հայտարարելուց հետո 2020թ. հունվարի 31-ին չեղարկեց Չինաստանի հետ ազատ վիզային ռեժիմը, իսկ փետրվարի 25-ին, երբ վարակի դեպքեր էին գրանցվում Իրանում, ՀՀ կառավարությունը փակեց Իրանի հետ սահմանը ևս: Չնայած, որ այս գործողությունները հակասում էին ԱՀԿ-ի ցուցումներին և խախտում էին IHR-2005-ի որոշ դրույթներ, այդուհանդերձ, արդարացված քայլեր էին:   

ԱՀԿ-ը տրամադրում է ոչ միայն «ճանապարհորդական ցուցումներ» (travel recommendations), որոնք տվյալ պահին կարելի է համարել չարդարացված: Այն նաև տրամադրում է տեխնիկական ցուցումներ, որոնք COVID-19-ի դեպքում բավականին շատ էին: Այդ ցուցումները և պետություններին տրամադրվող աջակցությունն իրականացվում է ԱՀԿ-ի և ԱՀԿ-ի ներքո գործող գործընկեր կազմակերպությունների համատեղ ուժերի ներգրավմամբ, ինչպիսին է «Գլոբալ բռնկումների զգուշացման և արձագանքման ցանցը» (Global Outbreak Alert and Response Network- GOARN), որի կազմում են գտնվում ավելի քան 250 տեխնիկական ինստիտուտներ իրենց անձնակազմով՝ 2500 փորձագետներ 90 երկրներում։ Այս ցանցում ներգրավված փորձագետները տրամադրում են հեռավար աջակցություն տուժած երկրներին, ինչպես նաև իրականացրել են թվով 43 արագ արձագանքման թիմերի այցելություններ տարբեր երկրներ COVID-19 համավարակի ծավալման ընթացքում:

ԱՀԿ-ն իրականացնում է մեծածավալ ծրագրեր պետություններին աջակցելու համար, և ենթադրաբար չարդարացված «ճանապարհորդական ցուցումներ» տրամադրելը չպետք է պատճառ հանդիսանա մնացած ցուցումներն անտեսելու կամ թերահավատությամբ վերաբերելու համար։ Որևէ պետություն չունի բավականաչափ հնարավորություններ իրականացնելու թեկուզ այն գործողությունները և հետազոտությունները, որն անում է GOARN-ի ցանցը և ԱՀԿ-ը։ Պետությունների և ԱՀԿ գործողությունները հիմնվում են ինչ-որ պահին հասանելի տեղեկատվության վրա, և նոր տեղեկատվության ի հայտ գալու դեպքում ԱՀԿ-ը և պետությունները ձեռնարկում են համապատասխան լրացուցիչ գործողություններ։

ՆՈՐ ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆՆԵՐՆ ԱՆԽՈւՍԱՓԵԼԻ ԻՐՈՂՈւԹՅՈւՆ ԵՆ

 Աշխարհը բազմիցս բախվել է համաճարակների ու համավարակների: Անցյալում խոլերան, ժանտախտը, բնական ծաղիկը (օսպա), պոլիոմելիտը, գրիպը (Influenza), մալարիան և տուբերկուլյոզը խլել են միլիոնավոր մարդկանց կյանքեր: Այս հիվանդություններից շատերը հնարավոր է եղել վերահսկողության տակ վերցնել կամ արմատախիլ անել՝ շնորհիվ բարելավված հանրային սանիտարական վիճակի, անձնական հիգիենայի, վեկտորով ծնված հիվանդությունների ուժեղացված հսկողության և պատվաստանյութերի առկայության։ Կարող ենք հիշել բնական ծաղիկի դեպքը, որն արմատախիլ արվեց[16], կամ պոլիոմելիտը, որը վերացման գործընթացում է[17]: Սակայն որոշ հիվանդություններ վերահսկելի դարձնելու կամ վերացնելու հաջողությունից հետո, պայմանականորեն անվանենք դրանք «ավանդական հիվանդություններ», մեկ այլ գործոն առաջ եկավ, որոնք «նորահայտ» կամ «նոր հիվանդություններն» են (emerging diseases): Զիկան, Էբոլան, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, Թռչնագրիպը, 2003թ. Ծանր սուր շնչառական համախտանիշ կորոնավիրուսը (SARS CoV), Խոզի գրիպը համարվել են նոր հիվանդություններ: Այսպիսով, նոր հիվանդությունների առաջացումը զարմանալի չէ: Ընդհակառակը, պետությունները և հասարակությունները միշտ պետք է պատրաստ լինեն դրան։

 Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք հստակորեն մատնանշում են նոր հիվանդությունների առաջացման պատճառները: Դրանց թվում են՝ ժողովրդագրությունը և մարդկային վարվելակերպը, տեխնոլոգիաները և արդյունաբերությունը, տնտեսական զարգացումը և հողի օգտագործումը, միջազգային ճանապարհորդությունները և առևտուրը, միկրոբային ադապտացիան և փոփոխությունները, ինչպես նաև՝ հանրային առողջության միջոցառումների խափանումը (Բուլգեր, 1992թ.)[18]: Մեկ այլ հետազոտություն, ի հավելումն այս գործոնների, նշում է մարդկային զգայունությունը վարակներին, կլիմայի փոփոխությունը, փոփոխվող էկոհամակարգերը, աղքատությունը և սոցիալական անհավասարությունը, պատերազմը և սովը (Սմոլնիցկի, 2003թ.)[19]: Կարող ենք մի քանի օրինակներ դիտարկել: Շրջակա միջավայրի փոփոխությունները, ինչպիսիք են անտառահատումը կամ գլոբալ տաքացումը, կարող են հաճախակիացնել մարդկանց կոնտակտը կենդանիների հետ, որոնք կրում են անհայտ վարակ, և դրանով հանդերձ մեծացնել առերեսումը մարդկությանը նախկինում անհայտ միկրոօրգանիզմների հետ[20]: Կան բազմաթիվ հիվանդությունների օրինակներ, որոնք կապված են այնպիսի գործողությունների հետ, ինչպիսիք են սննդակարգը, վայրի մսի օգտագործումը[21]: Ինչպես նշվում է հետազոտության մեջ, կարող են տեղի ունենալ տարբեր էկոլոգիական փոփոխություններ, որոնք ապահովում են նոր հնարավորություններ հիվանդությունների առաջացման և փոխանցման համար[22], մինչդեռ մարդկանց և ապրանքների նկատելի շարժն իր դերն է խաղում այդ պաթոգեններն աշխարհի տարբեր անկյուններ տեղափոխելու համար:

ՊԵՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ՊԱՅՔԱՐԵԼՈւ ՆՈՐ ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԴԵՄ

Աշխարհի բոլոր երկրները ձգտում են լրացուցիչ կարողություններ ստեղծել COVID-19-ի դեմ պայքարում, մինչդեռ այդ կարողությունները պետք է ստեղծած լինեին մինչև 2012թ., քանի որ նրանք ստանձնել են պարտավորություններ ԱՀԿ-ի առջև՝ Միջազգային առողջապահական կանոնների ներքո (2005թ.)[23]: Այս վերջնաժամկետը պետությունների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով երկարաձգվել է մի քանի անգամ: COVID-19 համավարակի ժամանակ պետությունները լրացնում են այն բացերը, որոնք տարիներ շարունակ անուշադրության էին մատնված իրենց իսկ կողմից,  իսկ առողջապահական գերատեսչություններն աշխատում են  իրենց իրական կարողությունների սահմանից դուրս՝ շնորհիվ բուժաշխատողների նվիրվածության։ 182 պետությունների կարողություններին անչվող վերջին հետազոտության մեջ նշվում է, որ բարելավվել են վարակիչ հիվանդությունները հայտնաբերելու, կանխելու և վերահսկելու կարողությունները, այնուամենայիվ, պետությունների կողմից առկա է զգալի բաց և պարտավորությունների չկատարում 2020թ.[24] – առաջին ժամկետից 8 տարի անց[25]: Այն պետությունները, որոնք COVID-19-ի ի հայտ գալուց առաջ ստեղծել էին կարողություններ, ևս հայտնվեցին բավականին բարդ իրավիճակում․ հոսպիտալացման շատ բարձր մակարդակը տապալեց առողջապահական ենթակառուցվածքները (օրինակ, Իսպանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն): Այս իրավիճակը հնարավոր է առաջացած լինի պետությունների միջազգային արտակարգ իրավիճակին ուշ արձագանքելու հետևանքով, մարդկանց տեղաշարժի և այլ հանգամանքների պատճառով։

2011թ. հանրային առողջապահության ոլորտում աշխարհի լավագույն փորձագետներից կազմված «Վերանայման հանձնաժողով» (Review Committee) էր կազմավորվել, որը դիտարկել էր Միջազգային առողջապահական կանոնների աշխատանքը և գլոբալ արձագանքը Խոզի գրիպի համավարակին։ Հանձնաժողովը հանգել էր եզրակացության, որ գրիպի ծանր համավարակի կամ նմատանիպ այլ գլոբալ, երկարատև և հանրային առողջությանը սպառնացող վարակի արձագանքելուն աշխարհը վատ է պատրաստված, և անխուսափելի իրականություն է, որ սուր համավարակի դեպքում տասնյակ միլիոնավոր  մարդիկ մահվան սպառնալիքի տակ կլինեն, և նշել էին, որ համաշխարհային անհրաժեշտության և համաշխարհային ունակությունների միջև առկա բացը պետք է լրացվի[26]: Թվում է՝ մինչև այժմ այդ բացը դեռևս լրացված չէ: Ի հավելումն հիմնական կարողությունների ստեղծմանն արագացնելուն՝ Վերանայման հանձնաժողովը խորհուրդ տվեց ստեղծել ավելի ընդարձակ գլոբալ, հանրային առողջապահական պահուստային աշխատուժ, որը կտեղակայվի աշխարհի ցանկացած երկրում՝ հաջակցություն ազգային կառավարությունների, ինչպես նաև սահմանեց այլ հույժ կարևոր ցուցումներ (ընդհանուր թվով՝ 15):

Այդուհանդերձ, դասեր չքաղվեցին, և մեկ այլ Վերանայման հանձնաժողով, որը 2016թ. ուսումնասիրեց համաշխարհային արձագանքը և Միջազգային առողջապահական կանոնների կիրառումը 2014թ. Էբոլայի բռնկման պարագայում, որը մի պահ դուրս էր եկել վերահսկողությունից, իր զեկույցում նշեց, որ Էբոլային արձագանքման բացերն արտացոլում են Խոզի գրիպի արձագանքման բացերը և հորդորեց կիրառել նախկին ցուցումները և ներկայացրեց 12 հավելյալ ցուցումներ թե՛ ԱՀԿ-ին և թե՛ նրա անդամ երկրներին[27]։  Վերանայման հանձնաժողովը դիտարկել էր, որ 2016թ. դրությամբ 193 երկրներից միայն 63-ն են հայտարարել, որ ձևավորել են իրենց հիմնական կարողությունները, մյուս 84 երկրները խնդրել էին ժամկետի երկու տարով երկարաձգում, իսկ 44 պետություններ ԱՀԿ-ին չէին ներկայացրել խնդրո առնչությամբ իրենց մտադրությունները[28]: Հիմնական կարողությունների ստեղծման պարտավորությունների չկատարումը հետևանք էր քաղաքական կամքի կամ ինստիտուցիոնալ կամքի, ֆինանսական, մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների անբավարարության, ինչպես նաև հետևանք էին Միջազգային առողջապահական կարգավորումների ընկալման և տեղեկացվածության պակասի[29]:

Վերանայման հանձնաժողովը կառավարություններին հորդորեց առաջնահերթություններ սահմանել 8 ոլորտներում և ստեղծել կարողություններ հետևյալ ոլորտներում. 1) վերահսկողություն, ռիսկերի գնահատում և արձագանքում; 2) կենդանաբանական հիվանդություններ և կենդանիների առողջության ոլորտի հետ համագործակցություն; 3) լաբորատորիաներ, վարակների կանխարգելում և վերահսկում; 4) վտանգների հաղորդակցություն; 5) տարածաշրջանային պլանավորում և պատրաստավածություն; 6) հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների արձագանքման կարողություն; և 7) շարունակական կարողությունների զարգացման մոնիտորինգ և գնահատում[30]: Սրանք այն հիմնական կարողություններն են, որոնք պետք է ձևավորի յուրաքանչյուր պետություն:

Անբավարար հիմնական կարողությունների օրինակ կարող է լինել վտանգների վերաբերյալ հաղորդակցությունը, որը COVID-19 համավարակի ընթացքում պետությունների ուժեղ կողմ չի եղել: Սոցիալական ցանցերը և այլընտրանքային լրատվական աղբյուրները կարողանում են տարածել մեծաքանակ ապատեղեկատվություն, ինչպիսին է դավադրության տեսությունների առաջ քաշելը կամ հիվանդությունը սովորական մրսածության հետ համեմատելը, ինչը ստեղծում է  «կեղծ անվտանգության» միջավայր մարդկանց համար, ովքեր մյուսներին էին վտանգի տակ դնում: Երբեմն որոշ կարծիքներ են հնչեցվում նույնիսկ պետական պաշտոնյաների կողմից, ինչը ևս հասարակության շրջանում վտանգների ընկալման վնասակար ազդեցություն կարող է ունենալ: Ինչպես մի հեղինակ նշել է՝ COVID-19 համավարակը ոչ միայն վիրուսային է, այլև թվային, և տեղեկատվական հոսքը մարդկության պատմության մեջ հասել է աննախադեպ մասշտաբների[31]: Չստուգված տեղեկատվության զանգվածային տարածումը, ինչպես նաև դավադրության տեսությունների ժողովրդականությունը պարզորեն ցույց են տալիս, որ ունակությունների հիմնական տարրը՝ վտանգների մասին հաղորդակցությունը, երկրների մեջ այնքան էլ կայացած չէ: Եթե հանրությունը չի վստահում պետական հաստատություններին, ապա նա դժվար թե հետևի որևէ բժշկական խորհրդի կամ ընթացակարգի, կամ այլ ցուցման, իսկ դավադրության տեսությունների տարածմամբ մարդիկ ավելի հավանական է, որ բացասական վերաբերմունք կձևավորեն կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ՝ համարելով դրանք ոչ անհրաժեշտ[32]: Այսպիսով, կառավարությունները պետք է մշտապես բարելավեն ռիսկի հաղորդակցման քաղաքականությունը, որը կհասնի յուրաքանչյուր քաղաքացու:

ՆՈՐ ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈւՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈւՄ ԵՆ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ. ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՐԵՆ ԱՋԱԿՑԵՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆՆԵՐԻՆ

Նոր վարակիչ հիվանդությունների վերահսկողությունը, որոնց դեմ որևէ դեղամիջոց հայտնաբերված չէ, բավականին բարդ առաջադրանք է: ԱՀԿ-ը և նրա անդամ երկրներն աշխատում են անորոշության մթնոլորտում և կարիք ունեն հավաքել տեղեկություններ, կանխատեսումներ անել և ցուցումներ տալ ու նախաձեռնել միջոցառումներ, որոնք որոշ դեպքերում կարող են արդյունավետ չլինել և վերանայման կարիք ունեն ավելի շատ տեղեկության հասանելիության պարագայում: Դեղամիջոցների բացակայության պարագայում պետություններն այլընտրանք չունեն, քան դիմել, այսպես կոչված, պայքարի «հանրային առողջապահական միջոցառումներին», ինչպիսիք են՝ հիվանդության վերահսկողությունը, հիգիենայի միջոցառումները, օրինակ, համայնքի հիգիենայի և հիվանդանոցային վարակների վերահսկումը, սոցիալական հեռավորություն պահելը, ճանապարհորդական սահմանափակումներ մտցնելը, կարանտինը և դեպքի մեկուսացումը, կոնտակտավորների հայտնաբերումը և մեկուսացումը և այլ գործողություններ:

Հանրային առողջության միջոցառումները շատ հաճախ կոչվում են «միջամտության ոչ-բժշկական մեթոդներ» (non-pharmaceutical methods of intervention), և տվյալ միջոցառումների ու դրանց արդյունավետության շուրջ ծավալվող հետազոտությունները բավական շատ են գրականության մեջ[33]: Այս միջամտություններն ունակ չեն ամբողջովին դադարեցնելու վարակի փոխանցումը, սակայն կարող են դանդաղեցնել համաճարակի կամ համավարակի ընթացքը և կարող են ժամանակ շահել բժշկական հակազդման միջոցների մշակման համար, ինչպիսիք են՝ պատվաստանյութի մշակումը՝ միաժամանակ նպաստելով, որ առողջապահական համակարգը չծանրաբեռնվի[34]:  Այս մեթոդների կիրառման հիմնական խնդիրը պետությունների կողմից դրանց կիրարկման խստության և սոցիալական պատասխանատվության խթանումն է:

COVID-19-ը ևս դասվում է նոր վարակիչ հիվանդությունների շարքին, որի համար դեռևս պատվաստանյութ չկա, և բոլոր երկրները կիրառում են հանրային առողջապահական միջոցառումներ: COVID-19-ի դեպքում այս միջոցառումներն ամենառադիկալն են՝ պետությունների ամբողջական արգելափակում: Դեռևս հարց է, թե պետությունները որքան ժամանակ կարող են դիմակայել այս մեկուսացման տնտեսական հետևանքներին և փակ պահել տնտեսությունը: Պետությունների ֆինանսական ռեսուրսները նվազում են, մինչդեռ հիվանդությունը շարունակում է տարածվել:

Սահմանափակումների մեղմացումից հետո քաղաքացիները և իրավական անձինք պետք է խստորեն հետևեն կառավարությունների ցուցումներին, որպեսզի հնարավոր լինի հիվանդությունը պահել վերահսկողության տակ։

 

ԱՄՓՈՓՈւՄ

Ինչպես աշխարհի բոլոր երկրները, Հայաստանը COVID-19 հիվանդության տարածումը կանխելու նպատակով կարող է ձեռնարկել միայն հանրային առողջապահական միջոցառումներ։ Այս միջոցառումներն ամբողջապես չեն դադարեցնի հիվանդության տարածումը, այդուհանդերձ, կարող ենք ժամանակ շահել: Պետությունը պետք է ձեռնարկի խիստ միջոցառումներ սահմանափակումներ կիրառելու մասով (սոցիալական հեռավորության պահպանում, կարանտին, մեկուսացում, ինքնամեկուսացում և այլն): Միևնույն ժամանակ հասարակությունը պետք է ցուցաբերի բացառիկ սոցիալական պատասխանատվություն և հետևի պետական մարմինների կողմից ներկայացված ցուցումներին։ Չնայած որոշ առումով Հայաստանը պատրաստված էր վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանը, այուամենայնիվ, կան բացթողումներ ևս: Պետություններն ամեն տարի զեկուցում են հիմնական կարողությունների ստեղծման վերաբերյալ։ Երբ դիտարկում ենք Հայաստանի զեկույցը, 2018թ. Հայաստանը 100 բալանոց գնահատման սանդղակով հիվանդացությունների դեպքերի կառավարման կարողությունները գնահատել էր 60 բալ, ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կարողությունները՝ 60, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և պլանավորման մեխանիզմները՝ 60[35]:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ

 

[1] World Health Organization (‎2008)‎. International health regulations (‎‎2005)‎‎, 2nd ed., World Health Organization (hereinafter IHR 2005)

[2] Center for Diseases Prevention and Control of United States

[3] MERS situation update, June 2019

[4]IHR 2005 Annex 2 left column

[5] World Health Organization. “WHO Guidance for the Use of Annex 2 of the International Health Regulations (2005): Decision Instrument for the Assessment and Notification of Events that may Constitute Public Health Emergency of International Concern”, p. 15

[6] Annelies Wilder Smith, Calvin J Chiew, Vernon J Lee (2020), “Can We Contain the COVID-19 Outbreak with the Same Measures as for SARS?” The Lancet Infectious Diseases, Volume 20, Issue 5, pages E102-E107 ISSN 1473-3099

[7] World Health Organization, Statement by WHO Director General Margarette Chan, 25 April 2009

[8] World Health Organization, Statement on the 1st meeting of the IHR Emergency Committee on the 2014 Ebola Outbreak in West Africa, August 8, 2014 

[9] World Health Organization, Statement on the Meeting of the International Health Regulations Emergency Committee Concerning the International Spread of Wild Poliovirus, May 5, 2014

[10]  World Health Organization, Statement on the First Meeting of the International Health Regulations (2005) (IHR 2005), Emergency Committee on Zika Virus and observed increase in neurological disorders and neonatal malformations, February 1, 2016

[11] World Health Organization, Statement on the Meeting of the International Health Regulations (2005) Emergency Committee for Ebola Virus diseases in the Democratic Republic of Congo, 17 July 2019

[12] Marc Ecceleston Turner (2020) “COVID-19 Simposium: The Declaration of Public Health Emmergency of International Concern in International Law” in Opinion Juris. Org

[13] Pedro A. Villarreal (2020), Responses to the COVID-19 Crisis: The Exposed Limitations of the International Health Regulations”, Global Health Law Groningen

[14] IHR-2005 definition of Public Health Emergency of International Concern

[15] IHR-2005 art 15 (1)

[16] World Health Organization, “WHO Commemorates the 40th Anniversary of Smallpox Eradication” , December 15, 2019

[17] World Health Organization Polio Eradication Initiative

[18] Institute of Medicine (US) Committee on Emerging Microbial Threats to Health; Lederberg J, Shope RE, Oaks SC Jr., editors. Emerging Infections: Microbial Threats to Health in the United States. Washington (DC): National Academies Press (US); 1992 ,  doi: 10.17226/2008

[19] Institute of Medicine (US) Committee on Emerging Microbial Threats to Health in the 21st Century; Smolinski MS, Hamburg MA, Lederberg J, editors. Microbial Threats to Health: Emergence, Detection, and Response. Washington (DC): National Academies Press (US); 2003 doi: 10.17226/10636

[20] Institute of Medicine (US) Forum on Microbial Threats. Microbial Evolution and Co-Adaptation: A Tribute to the Life and Scientific Legacies of Joshua Lederberg: Workshop Summary. Washington (DC): National Academies Press (US); 2009. 5, Infectious Disease Emergence: Past, Present, and Future

[21] Ibid

[22] Ibid

[24] Kandel, N., Chungong, S., Omaar, A., & Xing, J. (2020). Health security capacities in the context of COVID-19 outbreak: An analysis of International Health Regulations annual report data from 182 countries. The Lancet, 395(10229), 1047-1053

[25] World Health Organization, IHR States Parties Self-Assessment Annual Reporting (SPAR)

[26] World Health Organization, “Report of the Review Committee on the Functioning of International Health Regulations (2005) and on Pandemic Influenza (H1N1) 2009, p.119

[27] World Health Organization, Report of the Review Committee on the Role of International Health Regulations (2005) in the Ebola Outbreak and Response, p. 8

[28] Ibid p. 15 (20, 21,22)

[29] Ibid p. 20

[30] Ibid, p. 24

[31] Chiolero, A. (2020). Covid-19: A digital epidemic. BMJ, 368, BMJ, 2 March 2020, Vol.368

[32] Abaido, Ghada. (2020). Covid-19: Virus or Viral Conspiracy Theories?

[33] Aledort, J.E., Lurie, N., Wasserman, J. et al. Non-pharmaceutical public health interventions for pandemic influenza: an evaluation of the evidence base. BMC Public Health 7208 (2007)

see also: World Health Organization (2019), “Non-pharmaceutical public health measures for mitigating the risk and impact of epidemic and pandemic influenza”, Global Influenza Program

see also: Hatchett RJ, Mecher CE and Lipsitch M, ‘Public Health Interventions and Epidemic Intensity during the 1918 Influenza Pandemic’ (2007) 104 Proceedings of the National Academy of Sciences 7582, for some initial assessment on COVID-19 see Benjamin J Cowling, Allison E Aiello, Public Health Measures to Slow Community Spread of Coronavirus Disease 2019, The Journal of Infectious Diseases, , jiaa123 

[34] Institute of Medicine (US) Forum on Microbial Threats. Ethical and Legal Considerations in Mitigating Pandemic Disease: Workshop Summary. Washington (DC): National Academies Press (US); 2007. 3, Strategies for Disease Containment

[35] World Health Organization, Strategic Partnership for International Health Regulations (2005) and Health Security, State Parties: Self-Assessment and Annual Reporting

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter