HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը դարձել է երկրորդ պետությունը կորոնավիրուսով վարակվածների թվով

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 899 նոր դեպք։ Այդ մասին գրում է «РБК»-ն։ Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ երկրում COVID-19 կորոնավիրուսի համաճարակի տարածումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 232 000 դեպք։ Այսպիսով, Ռուսաստանը դարձել է կորոնավիրուսով վարակվածների թվով երկրորդ պետությունը։ 

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկիրը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (շուրջ 1,3 միլիոն գրանցված դեպք)։ Ցուցակում Ռուսաստանը շրջանցել է Իսպանիային, որտեղ գրանցվել է հիվանդության 227,4 հազար դեպք։ 

Այդուհանդերձ, ըստ «Worldometers» կայքի տվյալների, Ռուսաստանը գտնվում է երրորդ հորիզանականում։ Ըստ այդ կայքի՝ Իսպանիայում վարակակիրների թիվը կազմում է շուրջ 268 000։ Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ թիվը ներառում է նաև այն անձանց, որոնց մոտ չեն հայտնաբերվել կորոնավիրուսի ախտանիշներ, սակայն կորոնավիրուսի թեստը եղել է դրական։ 

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ևս 107 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 2 116 մարդ։ Այս ցուցանիշներով երկիրը զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։ Վարակակիրների թվի աճը ռուսական իշխանությունները պայմանավորում են նրանով, որ ավելացել է COVID-19 կորոնավիրուսի թեստերի քանակը։ Մոսկվայում գործում են 14 կենտրոններ, որոնք իրականացնում են անալիզների հետազոտություններ։ Փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովայի խոսքերով՝ ամեն օր քաղաքում իրականացվում է մոտ 40 000 թեստ։

Թեստավորման քանակով պայմանավորված վարակակիրների թվի աճը հաստատել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Վերջին ժամանակաշրջանում մենք ուղղակիորեն ավելացրել ենք քաղաքացիների թեստավորման թիվը։ Այն դինամիկան, որը մենք տեսնում ենք, ուղղակիորեն չի վկայում հիվանդության տարածման աճի մասին»,- նշել է Սոբյանինը։ Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում իրականացվել է կորոնավիրուսի մոտ 5,8 միլիոն թեստ։

Լուսանկարը՝ EPA-EFE-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter