Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակված գնդակ հայտնաբերելու դեպքով քրեական գործի վարույթը կասեցվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակված գնդակ հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։
Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ պարզաբանելով, որ հայտնի չէ այն անձը, ով քրեական գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը սահմանում է քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կասեցնելու ընթացակարգը, և ի թիվս այլ հիմքերի կասեցման հիմք է նաև Խաչատրյանի կողմից մատնանշածը։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ոստիկանություն է ահազանգել հունվարի 21-ին և հայտնել, որ իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ։
Թե գնդակը երբ էր հայտնվել ապակիների արանքում և ինչ հանգամանքներում, դատավորի, ինչպես նաև դատարանում աշխատող անձանց համար պարզ չէր։ Նրանք կրակոցի ձայներ չէին լսել, որևէ արտառոց բան չեն նկատել։
Դատավորի ահազանգի հիման վրա քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Դատավոր Գրիգորյանը տեղի ունեցածը չի կապել իր գործունեության հետ, պատկան մարմիններին չի դիմել՝ իր անվտանգությունն ապահովելու հարցով՝ ամենայն հավականությամբ, չանհանգստանալով իր անվտանգության համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել