HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Facebook-ը 52 միլիոն դոլար կվճարի հետվնասվածքային համախտանիշ ստացած աշխատակիցներին

Ամերիկյան Facebook ընկերությունը և սոցիալական ցանցի աշխատակիցները դատարանում համաձայնել են ընդհանուր 52 միլիոն դոլար փոխհատուցման շուրջ։ 

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, ընկերության յուրաքանչյուր աշխատակից, որի մոտ հայտնաբերվել է հետտրավմատիկ համախտանիշ կամ համանման հոգեկան խանգարումներ, բուժման նպատակներով կարող է ստանալ մինչև 50 000 ԱՄՆ դոլար։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 12-ին հայտնել են հայցվորների փաստաբանները։

Աշխատակիցները, որոնք անընդհատ ստուգում են Facebook սոցիալական ցանցի բովանդակությունը, պարբերաբար ստիպված են լինում տեսնել բռնության և ծաղրի տեսարաններ, որոնք ներբեռնվում են սոցկայքի էջեր։ 2018 թվականի աշնանը սոցիալական կայքի նախկին աշխատակիցներից մեկն ընկերությանը դատի է տվել՝ հայտարարելով, որ բովանդակության վերահսկման 9 ամիս տևած աշխատանքից հետո, իր մոտ հայտնաբերվել է հետտրավմատիկ համախտանիշ։

Կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունը, որը դեռևս պետք է արժանանա դատարանի հավանությանը, տարածվում է Կալիֆոռնիայի, Տեխասի, Արիզոնայի և Ֆլորիդայի ավելի քան 10 000 աշխատակիցների վրա, որոնք 2015 թվականից աշխատում են Facebook սոցիալական կայքում։ Փոխհատուցման նվազագույն չափ է սահմանվել 1500 ԱՄՆ դոլարը։

Ընկերությունը նաև խոստացել է միջոցներ ձեռնարկել բովանդակության վերահսկիչների շրջանում հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ։ Այսուհետ աշխատակիցների համար տեսագրությունները կմիանան առանց ձայնի և սև-սպիտակ երանգներով, իսկ բովանդակության վերահսկիչ ընդունելուց առաջ թեկնածուն կհանձնի հոգեկան կայունության հատուկ թեստ։

Լուսանկարը՝ Martyn Williams-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter