
Եվրոպական միությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի համայնքներին տրամադրեցին 11 մոտոբլոկ
Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ այսօր Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրեր ստացան ընդհանուր առմամբ 11 մոտոբլոկ: Սարքավորումները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում առավել խոցելի արտադրողների կողմից: Այս աջակցությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից Հայաստանին հրատապ օգնության մի մասը` գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու համար: Այս մասին տեղեկացնում է ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը:
ԵՄ առաջին այցը Սարապատ համայնքն էր, որտեղ ընդհանուր առմամբ 5 մոտոբլոկ է տրամադրվել 6 գյուղական բնակավայրերի համար՝ Գոգհովիտ, Սարապատ, Մուսայելյան, Արփենի, Ցողամարգ, Թորոսգյուղ:
Իսկ Ամասիայի համայնքի 9 գյուղական բնակավայր՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Գթաշեն, Ջրաջոր, Հովտուն, Ողջի, Մեղրաշատ, Բյուրակն, ստացան 6 մոտոբլոկ ընդհանուր օգտագործման համար:
Մոտոբլոկերի մատակարարման ժամանակ հուշագրեր ստորագրվեցին Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանի և Ամասիայի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Բացի այդ, շահառուներին ցուցադրվեց, թե ինչպես լավագույնս և արդյունավետորեն օգտագործել նոր սարքավորումները: Բոլոր ներկաների համար սահմանված էին անհրաժեշտ սանիտարական պայմանները և սոցիալական հեռավորության կանոնները:
Հաշվի առնելով խոցելի արտադրողների կարիքները, Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, որն իրականացնում և համաֆինանսավորում է ԵՄ-ի Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA ծրագիր), ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, պայմանավորվեցին Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի համայնքներին տրամադրել փոքրածավալ հողագործական մեքենաներ (մոտոբլոկեր)` մեղմելու ներկայիս COVID-19 ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Միջոցառումներն ուղղված են ծրագրի թիրախային մարզերի առավել խոցելի խմբերին:
ԵՄ-GAIA ծրագրի մասին
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում:
Մեկնաբանել