HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տանը կազմակերպված հարսանիքներ՝ կորոնավիրուսի օրերին

Սոնա Հովակիմյանն ու Տիգրան Բաղդասարյանն ապրիլի 26-ին պատրաստվում էին հարսանեկան մեծ խնջույք կազմակերպել։ Սակայն արտակարգ դրությունը նրանց երկար սպասված պլանները փոխեց։ Զույգը հարսանյաց հանդեսն արեց տանը՝ մի քանի հարազատների և ընկերների մասնակցությամբ։

«Միշտ ունենում ես մտքումդ, թե ոնց կուզենայիր հարսանիքդ կազմակերպել ու անել։ Բայց հանկարծ նման փոփոխություն է լինում ու հասկանում ես՝ որևէ բան չես կարող անել, պարզապես պետք է հարմարվես ստեղծված իրավիճակին ու փորձես անել նվազագույնը։ Նախատեսել էինք գնալ Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնուհետ խնջույք կազմակերպեինք։ Բայց դրանցից որևէ մեկը չկարողացանք իրականացնել, որոշեցինք այդ օրը գոնե մտերմիկ շրջապատում նշել։ Բայց ինչպես պլանավորել էինք՝ արդեն տեղափոխվել ենք միասին ապրելու»,- ասաց Սոնան։

Տանը կազմակերպված հարսանիքին նույնիսկ զույգի ծնողները չեն մասնակցել՝ պահպանելով մեկուսացման կանոնները։ Իսկ նրանց որոշ ընկերներ հարսանյաց արարողությանը միացել են «Zoom» ծրագրի միջոցով, ոմանք իրենց նվերներն առաքել են նորապսակների հասցեով։ 

«Երբեք չէինք մտածի, որ արտակարգ պայմաններում հարսանիք կկազմակերպեինք կամ չէինք կազմակերպի։ Որովհետև մեր արած հարսանիքն ավելի շատ չանել էր, քան անել։ Բայց ինչ-որ տեղ չէինք կարող չանել, որովհետև արդեն տունը վարձել էինք, պետք է միասին ապրեինք, և անորոշություն կար։ Չգիտեինք, թե երբ կկարողանանք, ի վերջո, հարսանեկան արարողությունն անել»,- պատմում է Սոնան։

Արտակարգ դրության ավարտից հետո զույգը ցանկանում է հարսանյաց արարողություն կազմակերպել, ինչպես նախատեսել էին. հարազատների և ընկերների հետ գնալ եկեղեցի, երեկոյան էլ՝ խնջույք։

«Բայց որքան անցնում է կարանտինը, և ամեն ինչ անորոշ է դառնում, մենք էլ չենք կողմնորոշվում, թե ինչպես և երբ պլանավորենք։ Նույնիսկ նորից հարսանիք կազմակերպելու հոգեբանական այդ ոգևորվածությունն է անցնում, բայց մյուս կողմից էլ կա այդ ցանկությունը, որ ինչ-որ սիմվոլիկ նշելու կարգը իրականացնենք»,-ասում է նա։

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ամուսնական որոշ զույգեր որոշեցին հետաձգել իրենց հարսանիքները, ոմանք մտերիմների հետ տնային պայմաններում նշեցին իրենց միությունը, ոմանք էլ ամուսնությունը միայն «զագսի» միջոցով օրինականացրին։

Ինչպես վկայում է պաշտոնական վիճակագրությունը, անգամ արտակարգ դրության պայմաններում ամուսնություններ են գրանցվել։

Արտակարգ դրության շրջանում՝ մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանում պետական գրանցում է ստացել 1211 ամուսնություն։ 2015 թվականից սկսած (մարտ-ապրիլ ամիսներ)՝  նման ցածր ցուցանիշ դեռևս չէր գրանցվել։ Օրինակ՝ 2020 թվականին գրանցված ամուսնությունների թիվը, 2015-2019 թվականների համեմատությամբ, նվազել է 2-2.5 անգամ։ Այս տվյալները «Հետքին» տրամադրել է Արդարադատության նախարարությունը։ 

Տնային պայմաններում ամուսնացել և հարսանիք են կազմակերպել նաև Սարգիս Բալդարյանն ու Նարինե Զոհրաբյանը։

Սարգիսը «Հետքին» պատմեց, որ ամուսնացել են մայիսի 10-ին՝ ինչպես նախապես ծրագրել էին, սակայն հարսանիքն արդեն այլ ձևաչափով է կայացել։

Սարգիսն ու Նարինեն մայիսի 10-ին պլանավորել էին և՛ հարսանեկան արարողություն, և՛ ամուսնական ճանապարհորդություն։ Սակայն, դրանց իրականացման անհնարինությունը նրանց ստիպեց հավաքվել միայն նեղ ընտանեկան կազմով ու նշել ամուսնությունը՝ հենց ընտրված խորհրդանշական օրը։ 

«Այս արտակարգ պայմաններում ամուսնական ճանապարհորդությունը դեպի Իտալիա փոխարինեցինք հայաստանյան մի գողտրիկ վայր ուղևորությամբ։ Ե՛վ մեր բնությամբ հիացանք, և՛ ներգնա տուրիզմը մի քիչ զարգացրինք այս դժվար ժամանակներում»,- ասաց Սարգիսը։

Հարսանիքն անցել է առանց քավորի, քանի որ Նիդերլանդներում բնակվող քավորը փակ սահմանների պատճառով չի կարողացել Հայաստան ժամանել։ Սակայն, նա ամուսնական զույգի համար անակնկալներ է պատրաստել, նվերներից բացի՝ երաժիշտների խումբ է ուղարկել տանն անցկացվող հարսանիքին։ Փոխադարձ կենացները «WhatsApp» հավելվածի միջոցով են ապահովել։

Արտակարգ դրության ավարտից ու իրավիճակի կայունացումից հետո զույգն անհամբեր սպասում է քավորի ժամանմանը։ Նրանց հետ ևս կնշեն իրենց ամուսնությունը, բայց, ինչպես Սարգիսն է ասում, հայկական ընկալումներով մեծ հարսանիք չի լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter