
Կառավարությունը դրամաշնորհ կհատկացնի մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին
Գործադիրի այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը, որը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին։ «Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, Կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դրանով Կառավարությունը խրախուսում է այդ ընկերություններին:
Կառավարության ղեկավարը հայտնել է, որ այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ ու շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձ։
«Բանկային համակարգն այս ընթացքում վարկային արձակուրդներ է տրամադրել մոտ 460 հազարը գերազանցող ֆիզիկական և 15500 իրավաբանական անձանց: Դա շատ ծավալուն թիվ է, և բանկերը շարունակում են իրենց շահառուների հետ աշխատել»,- ասել է վարչապետը՝ արձանագրելով, որ բանկերն են այդպիսի որոշումներ կայացրել:
Մեկնաբանել