HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմավիրի մարզի դատարանի նախագահն արդարացրել է «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին

 «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր արդարացվել ու անպարտ է ճանաչվել: Տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:

Ասատրյանն, ըստ մեղադրանքի 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի և Արկադի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկու անձանց առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Վերը նշված անձինք Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության նախապատրաստման գործով անցնող ամբաստանյալներն են:

Նշենք, որ դատախազն Արթուր Ասատրյանի համար 5 տարի ժամկետով ազատազրկում էր պահանջել։ Ասատրյանի վերաբերյալ քրեական գործը քննում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը։

Ըստ մեղադրանքի` Արթուր Ասատրյանը տեղեկություններ ստանալով, որ մի խումբ անձինք նախապատրաստական գործողություններ են կատարում իրեն դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, և այդ կապակցությամբ վարձակալել են իր բնակության վայրի հարակից տարածքում գտնվող առանձնատունը, կազմակերպել և իր ղեկավարման ներքո գտնվող, նախնական համաձայնությամբ գործող քրեական գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց հանձնարարել է առևանգել Վազգեն Ղազախեցյանին, Արտակ Այվազյանին և Արկադի Քոչինյանին՝ վերջիններիս տեղափոխելով իր մոտ:

Ըստ մեղադրանքի` 2017թ. մայիսի 20-ին՝ ժամը 20:00-ին,  երբ Արտակ Այվազյանն և Վազգեն Ղազախեցյանն ավտոմեքենայով առանձնատուն են գնալիս եղել, նախնական համաձայնությամբ գործող Ասատրյանի հանցակիցները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, բռնություն կիրառելով՝ նրանց տեղափոխել են իրենց վարած ավտոմեքենան:

«Բացահայտ առևանգելով նրանց՝ Արթուր Ասատրյանի ցուցումով նրանց տեղափոխել են վերջինիս մոտ: Նշված վայրում Արթուր Ասատրյանի ներկայությամբ, վերջինիս ղեկավարմամբ գործող անձինք շարունակել են բռնություն գործադրել առևանգող անձանց նկատմամբ, որից հետո Արտակ Այվազյանը ժամը 21:21-ի սահմաններում Արթուր Ասատրյանի հրահանգով, կիրառված բռնությունների և սպառնալիքների ազդեցության տակ, զանգահարել է այդ ընթացքում իրենց կողմից վարձակալած բնակարանում գտնվող Արկադի Քոչինյանին և հյուրասիրությանը մասնակցելու պատրվակով, Արթուր Ասատրյանի հրահանգով մոլորեցրել է նրան, պայմանավորվածություն ձեռք բերելով իբրև իրենց մտերիմների միջոցով Արկադի Քոչինյանին մտացածին հյուրասիրության վայր տեղափոխելու վերաբերյալ:

Սպառնալիքների կիրառմամբ, Արտակ Այվազյանի միջոցով Արկադի Քոչինյանին մոլորեցնելու արդյունքում Արթուր Ասատրյանի ղեկավարմամբ գործող դեռևս չպարզված անձինք, խաբեությամբ, Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 1Ա հասցեում տեղակայված առանձնատնից նույն օրն առևանգել են նաև Արկադի Քոչինյանին և կրկին տեղափոխել Արթուր Ասատրյանի մոտ»,- ասված է Ասատրյանի մեղադրանքում:

Ըստ գործի նյութերի` վերը նշված գործողություններից հետո Արթուր Ասատրյանի ղեկավարմամբ, նախնական համաձայնությամբ գործող հանցակիցները, շարունակելով առևանգված անձանց նկատմամբ բռնության գործադրումը, վերջիններիս տեղափոխել և պահել են Էջմիածին քաղաքի և հարակից տարածքներում գտնվող 3 տարբեր վայրերում, որոնցից Արթուր Ասատրյանի փաստացի բնակության վայրի՝ Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի 81-րդ տան կամարաձև մուտքի աջակողմյան հատվածում գտնվող պահակակետի նկուղային հարկում առևանգված անձանց պահելու ժամանակահատվածում՝ 2017թ. մայիսի 21-ին՝ ժամը 10:08-ի սահմաններում, Արտակ Այվազյանի կողմից օգտագործվող  բջջային հեռախոսով վերջինս կատարել է 3 րոպե 47 վայրկյան ընդհանուր տևողությամբ տեսաձայնագրություն:

Առևանգված անձանց առողջության համար վտանգավոր բռնության գործադրումն, ըստ մեղադրանքի, դրսևորվել է Արտակ Այվազյանի առողջությանը՝ բութ առարկաների օգտագործմամբ գլխի շրջանի սալջարդ վերքի, քթոսկրի կոտրվածքի, քթի երկու կողմերից վերին և ստորին կոպերի, աջից գոտկային շրջանի արյունազեղումների, քթի և ձախ արմնկահոդի շրջանների քերծվածքների ձևով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով, Արկադի Քոչինյանի առողջությանը՝ ծակած կտրած վերքերը՝ սուր ծակող կտրող գործիքի, իսկ մնացած վնասվածքները՝ բութ առարկաների ազդեցությամբ՝ աջից քունքային և ձախից այտային շրջանների սալջարդ վերքի, ձախ ազդրի շրջանի ծակած կտրած վերքերի, աջից քունքային, ձախից՝ վերին և ստորին կոպերի, այտային, ձախ ուսագոտու ազդրի շրջանների և ակնագնդի արյունազեղումների և աջից հոնքի շրջանի քերծվածքների ձևով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու ձևով, իսկ Վազգեն Ղազախեցյանի առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ճակատի շրջանի ճանկռվածքի, աջից ծոծրակային, ձախից վերին կոպի, ականջախեցիների և կրծքավանդակի ձախ կեսի արյունազեղումների, ձախից ծոծորակային և հոնքի շրջանների սալջարդ վերքերի, պարանոցի, ստորին ծնոտի ձախ կեսի և ձախ նախաբազկի շրջանների քերծվածքների ձևով»,- ասված է մեղադրանքում:

2017թ. մայիսի 24-ին, ըստ մեղադրանքի, կրկին գործելով Արթուր Ասատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, վերջինիս հանձնարարությամբ, հանցավոր գործունեությանը ներգրավված անձինք Արտակ Այվազյանին, Արկադի Քոչինյանին և Վազգեն Ղազախեցյանին ավտոմեքենայով տեղափոխել են նրանց վարձակալած տուն՝ փաստացի ազատ արձակելով վերջիններիս:

Նշենք, որ Արթուր Ասատրյանը նախաքննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, սակայն ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter