HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ օրենք և Սահմանադրություն չի խախտել, Արսեն Բաբայանը պնդեց, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝  նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր մեկնարկեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը:

Արա Բաբլոյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով։ Ըստ մեղադրանքի, նա,  2018 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,  չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արսեն Բաբայանն, ըստ մեղադրանքի 2018 թվականի մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Ի սկզբանե Արա Բաբլոյանը մեղադրվում էր Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, իսկ Արսեն Բաբայանը՝ Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն հետագայում նրանց մեղադրանքը փոփոխվեց։ Սա այն բանից հետո, երբ դատախազությունը երկու անգամ չհաստատեց Սահմանադրական դատարանի լիազրություններին տիրանալու կամ դրան օժանդակալու վերաբերյալ նրանց մեղադրանքները։ Բաբլոյանն ու Բաբայանը չեն ընդունել թե՛ նախկին, թե՛ փոփոխված  մեղադրանքները։

Արա Բաբլոյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրեն մեղադրում են այն բանի համար, որ բժիշկ լինելով՝ դարձել է Ազգային ժողովի նախագահ։

«Ես հասկացել եմ մի բան, որ մեղադրվում եմ  ԱԺ նախագահ ընտրվելու համար, քանի որ ընտրվել եմ՝ բժիշկ լինելով, որովհետև ԱԺ նախագահ լինելով՝ ես մտածել եմ, որ պիտի ԱԺ-ի բնակակոն աշխատանքն ապահովեմ: Բնականոն աշխատանքն ապահովելու համար գոյություն ունի ևս 650 հոգանոց աշխատակազմ, որին պետությունն աշխատավարձ է վճարում, այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները:

Ես փաստաթուղթ եմ ստացել Գարիկ Հարությունյանից և հանձնել եմ իմ աշխատակազմին, աշխատակազմը պատրաստել է պատասխան, որից հետո հայտարարությամբ ես հանդես եմ եկել: Ես ինձ թույլ չեմ տվել իրենց հրահանգել, իրենք արել են այնպես, ինչպես օրենքն է պահանջում: Ակնհայտ, բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել այդ գործընթացին»,- ասաց Արա Բաբլոյանը՝ պնդելով, որ ինքն օրենք և սահմանադրություն չի խախտել։

Դատարանում Բաբլոյանի և Բաբայանի  մեղադրանքը պաշտպանում են երկու դատախազ՝  գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանն ու նույն վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանը։

Այսօրվա դատական նիստին ի սկզբանե որոշված էր թույլատրել միայն զանգվածային լրատվամիջոցների օպերատորների և այն լրագրողների մուտքը, որոնք առանց օպերատորների են աշխատում, սակայն նիստի մեկնարկին գործով ներգրավված փաստաբանները՝ Լուսինե Սահակյանը, Լուսինե Մարտիրոսյանն ու Արամ Վարդևանյանը բարձրացրին լրագրողների՝ նիստին մասնակցելու հարցը։ Նիստն անցկացվում էր Երևանի դատարանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների նստավայրի ամենամեծ դահլիճում, որտեղ դատավարության մասնակիցների և այլ քաղաքացիների միջև ապակիներ են։ Ապակիներից այն կողմ բազմաթիվ ազատ տեղեր կային ու բավականաչափ տարածություն՝ սոցիալական հեռավարություն պահպանելու համար։ Նման պայմաններում դատարանը որոշեց թույլատրել, որպեսզի լրագրողները  նույնպես դահլիճում լինեն։

Դատարանն անդրադարձավ իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցին։ Արսեն Բաբայանը նշեց, որ դատավորից որոշակի պարզաբանումներ է ցանկանում ստանալ՝ կողմնորոշվելու համար՝  ինքնաբացարկ հայտնել, թե ոչ։

«2015 թվականի Սահմանադրական փոփոխության հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձևավորել են քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի կողմից իր կազմից՝ 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով Սահմանադրական դատարան ունենալու կամաարտահայտություն։ Հիշյալ սահմանադրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործման լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել է և չի իրագործվել»,- իր մեղադրանքից մեջբերում կատարեց Բաբայանն, ապա դիմելով դատավորին՝ հարցրեց, թե արդյոք  վերջինս  համարում է, որ իր՝ որպես  ՀՀ քաղաքացու լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել և չի իրագործվել։  Բաբայանը նաև հարցրեց, թե արդյոք դատավորն իրեն  համարո՞ւմ է իրեն և Բաբլոյանին վերագրվող գործողությունների արդյունքում տուժած անձ։

Չնայած մեղադրող կողմը նշեց, որ դատավարության կողմերը դատավորին հարցեր տալու լիազորություն չունեն՝ դատավոր Մանուկյանը հարկ համարեց որոշակի պարզաբանում, այնուամենայնիվ, ներկայացնել։

Դատավորը նշեց, որ ինքն այս գործով դատարանն է ներկայացնում, եթե փաստացի տուժող լիներ, ապա հանդես կգար որպես դատավարության կողմ։

«Լինելով պրոֆեսիոանալ իրավաբան՝ հարկ է նշել, որ անձը որևէ քրեական գործով տուժող համարվելու դեպքում ճանաչվում է տուժող, այսինքն՝ ես համարել-չհամարել չեմ կարող, ես հանդես եմ գալիս որպես դատավոր»,- ասաց Հարություն Մանուկյանը։

Արսեն Բաբայանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը նշեց, որ դատավորի պատասխանը իրենց հնարավորություն չի տալիս կողմնորոշվելու նրան ինքնաբացարկ հայտնել կամ չհայտնելու հարցում:

Սահակյանը նշեց, որ անձը կարող է իրեն համարել տուժող, սակայն այդպիսի դատավարական կարգավիճակ չստանալ, բայց դատավոր Մանուկյանն, ըստ էության այլ տեսակետ չհայտնեց, կրկնեց այն, ինչ արդեն ասել էր։

Լուսինե Սահակյանն արձանագրեց, որ դատարանն իրենց զրկեց հնարավորությունից՝ կողմնորոշվելու ինքնաբացարկի հարցում։ Պաշտպանական կողմը ինքնաբացարկ չհայտնեց դատավորին։

Հետո դատավորը քննարկման առարկա դարձրեց նաև դատախազներին բացարկ հայտնելու հիմքերի առկայնության կամ բացակության հարցը։

Նույն հարցերը, որոնք տրվել էին դատավորներին, տրվեցին նաև դատախազներին։

Դատախազ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ պաշտպանական կողմը այս հարցերի միջոցով քողարկված կերպով փորձում է մեղադրանքի հիմնավորվածությանը կասկածի տակ դնել։ Պետրոսյանը նշեց, որ  քաղաքացին իր կամքն կամքն արտահայտում է՝ ընտրությանը մասնակցելով, ասաց, որ  այն տրամաբանությամբ, որով տրվում են հարցերը,  գուցե հաջորդ հարցը տրվի՝  ինքն «այո» է քվեարկել, թե՞ «ոչ»։ Դատախազը վստահեցրեց, որ եթե բացարկի կամ ինքնաբացարկի կոնկրետ հիմքեր լինեին, իրենք դրա մասին կբարձրաձայնեին։ Դատախազներին նույնպես բացարկ չհայտնվեց։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արսեն Բաբայանը նշեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելուց հետո։

«Ես ոչ թե կասկածում եմ, այլ վստահ եմ, որ ծավալվող գործողությունները վարչապետին քննադատելու համար է»,- ասաց Բաբայանը՝ հիշեցնելով, որ իրեն ձերբակալելուց առաջ երկու հարցազրույց է տվել։

«Ինձ ապօրինի ձերբակալելուց օրեր առաջ  տված երկու հարցազրույցներումս ուղիղ քննադատել  եմ քաղաքական իշխանության ղեկավարի՝ Փաշինյանի ապիկար կառավարումը  և ընդհարապես այն ամենը, ինչը մենք հիմա տեսնում ենք, և իմ համոզմամբ՝ դա դարձավ պատճառ, որ առանց որևէ հիմքի և օդից վերցված փաստաթղթերով ինձ ձերբակալեն, այն հոդվածի հիման վրա, որը գոյություն էլ չուներ»,- ասաց Բաբայանը:

Վերջինս նշեց, որ որևէ քաղաքական ճնշում իրեն չի կանգնեցնելու։

«ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին»,- ասաց Արսեն Բաբայանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter