
Երևանի մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն
Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես` վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ մետրոպոլիտենում երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Սպասասրահներում նշանակվելու են ուղեւորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը:
Մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։
Եղեք առողջ և անվտանգ:
Մեկնաբանել