
Առողջապահության նախարարությունը չի հիմնավորում հրատապ գնումների գործարքներին հետադարձ ուժ տալու անհրաժեշտությունը
Կառավարությունը և Առողջապահության նախարարությունն այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչու է կառավարության 2020 թ.-ի մարտի 12-ի թիվ 296-Ա որոշմանը հետադարձ ուժ տրվել, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում: Նշված որոշման հիման վրա, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում, պետական մարմիններն ու ՏԻՄ-երը գնումների գործարքները կարող են կատարել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով նաև հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա, ինչպես նաև բացառիկ դեպքերում՝ առանց վերջիններիս առկայության:
Ապրիլի 14-ի մեր գրավոր հարցումը կառավարությունը մեզ համար անհասկանալի պատճառներով հասցեագրել էր Առողջապահության նախարարությանը, որտեղից 31 օր անց այդպես էլ հստակ տեղեկություններ չտրամադրեցին: Առհասարակ, Առողջապահության նախարարությունը վերջին ամիսներին որդեգրել է հարցումների պատասխանները ձգձգելու և, ի վերջո, չտրամադրելու քաղաքականություն: Նույնիսկ ամենապարզ հարցին պատասխանելու համար, որը հնարավոր է անել 1-2 ժամվա ընթացքում, նախարարությունը խնդրում է 30-օրյա ժամկետ, որի հետեւանքով թեման կորցնում է արդիականությունը: Ենթադրում ենք, որ նախարարությունն այդպիսով ուզում է կանխել անցանկալի հրապարակումները։ Նախարարության գործելաոճի հետևանքով տեղեկատվություն հայցելը դարձել է աննպատակահարմար, զուտ ժամանակի կորուստ:
Հիշեցնենք, «Հետք»-ը գրել էր, որ Հայաստանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում կառավարությունն այս տարվա մարտի 12-ին որոշում է ընդունել, որով հեշտացվել են գնման գործընթացները: Նշված նպատակով իրականացված մեկ անձից գնումներն այլևս չեն սահմանափակվում գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետով՝ 30 օրացուցային օրով, չեն իրականացվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Գործարքները կարող են կատարվել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով նաև հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա, ինչպես նաև բացառիկ դեպքերում՝ առանց դրանց առկայության:
Ուշագրավն այն է, որ կառավարության որոշման պահանջները տարածվում են 2020թ. հունվարի 25-ից ծագած գործարքների վրա: Ըստ էության, կառավարության որոշումը հետադարձ ուժ է ստացել, ինչը, կասկածից բացի, մեծ ռիսկեր է պարունակում
Փաստաբան Արա Ղազարյանը նույնպես ռիսկեր էր տեսնում կառավարության նշված որոշման մեջ, քանի որ դրանով հնարավոր է ինչ-ինչ իրավական գործընթացներ սրբագրել, գուցե նրա համար, որ այլևս հնարավոր չէ post factum հիմնավորել, որ հրատապություն կար, կամ ինչու գնումը կատարվեց մեկ անձից:
Մեր պարզ հարցերին, թե ինչո՞վ է պայմանավորված կառավարության որոշմանը հետադարձ ուժ տալը, ինչու՞ է ընտրվել հենց հունվարի 25-ը, ի՞նչ թվային տվյալներ են հիմք ընդունվել, որով պայմանավորվել է որոշման ընդունման անհրաժեշտությունը՝ տալ հետադարձ ուժ, առողջապահության նախարությունը տվել է «դիվանագիտական» պատասխան՝ ըստ էության չպատասխանելով և ոչ մի հարցի:
«Տարվա սկզբից տարբեր երկրներում կորոնովիրուսային (COVID-19) հիվանդության վարակվածության դեպքերի հայտնաբերումից հետո, առողջապահության նախարարության, հանձինս իր ենթակայության կազմակերպությունների և այլ իրավասու պետական գերատեսչությունների կողմից իրականացվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումներ: ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի թիվ 296-Ա որոշման ընդունումը կարգավորել է մի շարք կազմակերպչական, ֆինանսական հարցեր, որոնք ի հայտ են եկել ՀՀ-ում կորոնավիրուսային(COVID-19) հիվանդության կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ընթացքում»,- գրավոր պատասխանել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը:
Իսկ այն հարցին, թե հունվարի 25-ից մինչև մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում քանի՞ գործարքի վրա են տարածվել կառավարութան թիվ 296-Ա որոշման պահանջները, Վ. Հովհաննիսյանը նշել է, թե Առողջապահության նախարարության ենթակայության կազմակերպությունների կողմից նշված ժամանակահատվածում իրականացված գործարքների թիվը, որոնց վրա տարածվում են կառավարության մարտի 12-ի թիվ 296-Ա որոշման պահանջները, կազմում է 10 գործարք:
Առողջապահության նախարարությունը, խեղաթյուրելով հարցը, մասնակի պատասխան է տվել՝ նշելով միայն իր գնումների մասին: Նախարարությունը չի նշել, որ չի տիրապետում այլ պետական մարմինների և ՏԻՄ-երի գնումների մասին տեղեկատվությանը, պարզապես նեղացրել է շրջանակը, որպեսզի չտրամադրի վիճելի որոշման հիմքում ընկած գործարքների ամբողջական թիվը: Նշենք, որ Կառավարության հիշատակված որոշման համաձայն՝ պետական կառավարման մարմինների ղեկավարները, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարզպետարանների իրականացրած միջոցառումներից հետո Առողջապահության նախարարություն պետք է ներկայացնեն իրականացված փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն, նույնը առաջարկվում է անել նաև Երևանի քաղաքապետին:
Հետաքրքրվել էինք նաև, թե հունվարի 25-ից մինչև մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում ո՞ր գերատեսչությունների (պետական հիմնարկ) գործարքների վրա են տարածվել կառավարության թիվ 296-Ա որոշման պահանջները: Նախարարությունը դարձյալ տվել է «վերացական» պատասխան:
«ՀՀ կառավարության 2020թ. մարտի 12-ի թիվ 296-Ա որոշման պահանջները տարածվել են բոլոր այն պետական մարմինների, ինչպես նաև վերջիններիս ենթակայության այն կազմակերպությունների կողմից իրականացված գործարքների վրա, որոնք իրենց վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում իրականացրել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումներ»,-նշված է պատասխանում:
Արդարադատության նախարարությունից ևս հետաքրքրվել էինք, թե որն է կառավարության որոշմանը հետաադարձ ուժ տալու անհրաժեշտությունը: ԱՆ-ի գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը պատասխանել է, թե Արդարադատության նախարարությունում ուսումնասիրվել է գրությամբ մատնանշված Կառավարության մարտի 12-ին ընդունված թիվ 296-Ա որոշումը և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ որոշումը չի մշակվել Արդարադատության նախարարության կողմից, հետևաբար «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի իմաստով նախարարությունը չի հանդիսանում տեղեկատվություն տնօրինող՝ հայտնում են, որ հայցվող տեղեկատվության վերաբերյալ նախարարությունը դիրքորոշում չի կարող հայտնել։
Մեկնաբանել