HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարգացման ճգնաժա՞մ, թե՞ աղքատության վերարտադրում

Կառավարությունը մայիսի 14-ին առաջարկեց արտակարգ դրությունը երկարաձգել ևս մեկ ամսով, և պարետը ներկայացրեց այն ԱԺ-ին՝ հիմնավորելով դրա անհրաժեշտությունը։ Ուղիղ մեկ ամիս առաջ, պարետը մի փոքր թուլացրեց սահմանափակումները, իսկ երկու ամիս առաջ խստագույն սահմանափակումներ դրեց տնտեսվարող սուբյեկտների գործունեության տարբեր տեսակների վրա։

Թողնելով կայացրած որոշման իրավաչափ լինելը, կամ քաղաքական նպատակները՝ անդրադառնամ սոցիալ-տնտեսական և առողջապահական կողմին։

Պարետի ներկայացրած առաջարկը ենթադրում է մի քանի սահմանափակումների վերացում, մասնավորապես՝ նախակրթարանների, մանկապարտեզների, այնուհետև տրասնպորտային միջոցները վերաբացելու, ինչպես նաև մոլերը, փակ հաստատություններում գործունեությունը և այլն։ Կարելի է ասել, նախատեսվում է ամսի 18-ից մեծ մասամբ աշխուժություն երկրի սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներում, իսկ ամսվա վերջից ավելի թեթևացում։

Հանրային տարբեր հարթակներում խոսվում և քննարկվում է սահմանափակումների վերացման, որոշումների ուշացնելու և մյուս կողմից էլ սահմանափակումները մեղմացնելու մտահոգությունների մասին։ Ասել է թե հանրությունը բաժանվել է երկու մասի, այդ թվում նաև կառավարության թևերը սոցիալ-տնտեսական բլոկը ցանկանում է արագ վերադառանալ բնականոն հունի, իսկ անվտանգության և առողջապահական բլոկը՝ կարծես թե ոչ, քանի որ դեռևս տեսնում է մեծ ռիսկ, ու վարակների քանակի կրկնապատկում կամ եռապատկում։

Հիմա փորձենք այս երկու խմբերի մոտեցումներին էլ անդրադառնալ սոցիալ-տնտեսական և առողջապահական հարցերի կառավարման տեսանկյունից՝ ներկայացնելով երկու դեպքում էլ արդյունավետ և անարդյունավետ աշխատանքների ու հնարավոր հետևանքների մասին։

1 Ցանկացած դեպքում, երբ ի հայտ են գալիս ֆորսմաժորային իրավիճակներ, մասնավորապես՝ անվտանգության անկանխատեսելիություն պարունակող գործոններով, ինչը կարող է բերել ահռելի աղետալի հետևանքների, ապա տվյալ երկրի կառավարությունը պետք է շատ արագ արձագանքի և իրականացնի հետևյալ բլից գործողությունները, որը ենթադրում է ճգնաժամային կառավարում՝ 

  • պարզելու թե ինչ տեսակի «ռումբի» հետ գործ ունի, 
  • «ծանոթանա ռումբի» հատկանիշներին և փորձի գտնել «թույլ տեղերը», 
  • «լաբորատոր» պայմաններում փորձարկի որոշակի կանխարգելիչ միջոցներ, 
  • ճանաչի նրա բոլոր փուլերին մինչև հարաբերական «ականազերծումը», 
  • դրա հիման վրա իր ռեսուրսներն ու կարողությունները վերագնահատի ու վերակազմակերպի,
  • մշակի «պրոտոկոլներ» ու դարձնի ցիկլիկ գործընթաց՝ ռիսկը նվազեցնելու և կարճաժամկետ արդյունքներ գրանցելու նպատակով,
  • գնահատի արդյունքները և ցուցանիշների արդյունավետությունը։

Այս տեսանկյունից մեր կառավարությունը նույնպես, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, անմիջապես դրեց խիստ սահմանափակումներ, քանի որ պատասխանատվության բացարձակ կրողն էր, և որի համար մենք իրեն վճարում ենք։ 

Եվ սա արդարացնում է իշխանության գործողությունները, որ նման սահմանափակումների երկաստիճան կամ եռաստիճան շղթան գնում է դեպի նվազման։

2 Մեկ այլ հարց է, որ տվյալ երկրի կառավարությունը որքա՞ն արդյունավետ է կարողացել կազմակերպել վերոնշյալում թվարկված սոցիալ-տնեսական բլոկի և առողջապահական հատվածի բլից աշխատանքները ու կառավարել այդ ողջ փոփոխությունները։ Եվ այդ ճգնաժամային միջոցառումների արդյունավետությունից է կախված, թե որքան կարող է պահպանվել սահմանափակումների ռեժիմը։ Եթե վերցնենք ճգնաժամերի կառավարման արդյունավետ մոդելը փոփոխությունների կառավարման տեսանկյունից, ապա քայլերի հաջորդականությունը պետք է լինի հետևյալում

  • կառավարության սոցիալական, տնտեսական, առողջապահական բլոկների համատեղ ռեզոնանսային խմբի ձևավորումը՝ ներգրավելով ոլորտի փորձագիտական ասոցիացիաներին,
  • սոցիալական գործընկերության շրջանակներում ապահովել կառավարություն-գործատուների և գործարարների ասոցիացիաներ-արհմիություններ-աշխատանքի և առողջապահության տեսչություն-տնտեսվարող սուբյեկտներ կապը,
  • բլից աշխատանքների արդյունքում հավաքագրել յուրաքանչյուր բլոկից եկած SOS արձագանքները, մոդելավորել դրանք ըստ առաջնահերթության, ազդեցության, մասշտաբայնության, և այլ չափանիշների
  • սիներգիան ապահովելով և բաժանելով դերերը ըստ յուրաքանչյուրի գործառույթների գործել ամենօրյա ռեժիմով ու մշակել աջակցության բազմակողմանի սխեմաներ,
  • բաշխել աշխատանքի կատարումը ըստ բլոկի մարզային և լոկալ ներկայացուցիչների շրջանում և ինտենսիվորեն սկսել նյութատեխնիկական, սոցիալ-տնտեսական, ռազմավարական բնույթի աջակցության սխեմաների ներդրումը։

Այս տեսանկյունից մեր կառավարությունը ևս ստանձնեց նման գործընթացների շղթայի կյանքի կոչումը։ Երկու ամիսների ընթացքում մենք տեսանք, որ առնվազն սոցիալ-տնտեսական բլոկում մշակված ծրագրերից շատերում մեթոդաբանությունը կառուցված էր շահառու խմբի ընտրության, այնուհետև դրա հիման վրա նյութական աջակցության սխեմաների վրա։ Այլ երկրների փորձառությունը այլ բան է ցույց տալիս, մասնավորապես՝ սույն հղումով ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր կառավարությունների աջակցման սխեմաները, որոնցից շատերում հստակ երևում է, որ մեթոդաբանության հիմքում ընկած է եղել աջակցության տեսակների որոշումը, որից հետո նոր մշակվել են ինդիկատորներ, թե որ դեպքում ով պետք է օգտվի սույն աջակցությունից։ Մյուս հատկանշական տարբերությունը կայանում էր նրանում, որ այս ցուցակի տարբեր երկրներում կարող ենք տեսնել ոչ միայն նյութական բնույթի աջակցության սխեմաներ, այլ նաև խորհրդատվական, վերապրոֆիլավորման, ինչպես նաև մշտապես առկա ընթացիկ ծրագրերը։ Սրանով կառավարությունները բացում են բոլորի առջև իրենց աջակցության նախկին և ներկա սխեմաները, և դրանով փորձ անում մեղմել մեծ քանակի շահառուների պահանջները, որոնք կենտրոնացած չեն միայն ֆինանսական աջակցության վրա։

Հայաստանի Գործատուների միության վերջերս կատարված ՀՀ 10 մարզերի 213 տնտեսվարողների շրջանում հետազոտության արդյունքների «․․․ձեռնարկությունների 32 տոկոսը COVID-19-ի պատճառով ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը, 48 տոկոսը մասամբ է գործում, 10 տոկոսը գործում է հեռակա կարգով և 10 տոկոսն ամբողջությամբ գործում է: Չգործող ձեռնարկությունների ամենաբարձր մասնաբաժինը կազմում են փոքր ձեռնարկությունները՝ 64.2%, որոնք գործում են տրանսպորտային, տեքստիլ, մանրածախ/ մեծածախ առևտրի ոլորտներում։ Հարցված ձեռնարկությունների շուրջ 11 %-ը հեռացրել կամ նախատեսում է աշխատանքից ազատել իրենց աշխատուժի ավելի քան 10%-ը։ 

Այս ցուցանիշով ձեռնարկությունների զգալի մասը գործում են շինարարության, էլեկտրոնիկայի և էլեկտրոնային սարքավորումների, սննդի և խմիչքների արտադրության, հյուրանոցային տնտեսության, տուրիզմի ոլորտներում։ 

Միևնույն ժամանակ ՀՀ սոցիալական և աշխատանքի փոխնախարարը ապրիլի 8-ին մեջբերում կատարեց, ասելով, որ «Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության ոչ ֆորմալ հարցաշարերի՝ սպասվում է, որ համավարակին հաջորդող ժամանակահատվածում գործազրկությունը Հայաստանում կավելանա 1,3 %-ով՝ 17,7 %-ից հասնելով 19 %-ի։ Արդյունքում կունենանք 40 հազ. հավելյալ գործազուրկ»։

Վերոնշյալ ցուցանիշները հաշվի առնելով և սահմանափակումները շարունակվելու դեպքում գնահատելով հասարակության մեջ ընդվզումներ առաջանալու ռիսկը՝ (օրինակ՝ Վանաձորի Գլորիա գործարանի աշխատակիցները, ուղևորափոխադրող ընկերությունների վարորդները, վարկային ընկերություններից տուժածները և այլն) իշխանությունը որոշում է սահմանափակումները մեղմացնել, չնայած այն բանի, որ վարակվածների քանակի նվազում չի եղել, և ավելին դրանց հարաբերական քանակը ավելանում է։

Աղբյուր՝ ncdc.am

Շատ երկրներ այս օրերին և գալիք ժամանակներում պատրաստվում են մեղմացնել կամ վերացնել սահմանափակումները, և նույնպիսի ռազմավարություն ընտրել է նաև մեր կառավարությունը։ Միջազգային առողջապահական կազմակերպությունը, այդ թվում նաև շատ փորձագետներ շեշտում են, որ կարող է հետևել COVID-19-ի երկրորդ ու անկախատեսելի հետևանքներով ալիքը, ինչը կարող է ավելի մեծ սահմանափակումների վերադարձնել։ 

Ի՞նչ են փորձում անել այլ պետությունների կառավարությունները։ Հստակ է, որ սոցիալ-տնտեսական համակարգը չի կարող նման պայմաններով գոյատևել ևս մեկ ամիս, ինչը աղետալի կարող է լինել և շղթայված հետևանքներ ունենալ շատ զարգացած երկրների տնտեսական համակարգերի համար։ Կառավարությունները որդեգրում են հետևյալ քաղաքականությունը բացել սահմանափակումները, և խստագույն կանոններ սահմանել քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար, կանոնները չպահպանելու դեպքում ունենալ հստակ պատժամիջոցներ։

Այս ռազմավարությունը ենթադրում է, որ կառավարությունները որոշել են կիսել պատասխանատվությունը իրենց երկրների քաղաքացիների հետ, ասել է թե՝ նվազեցնելով նաև բոլոր հնարավոր ռիսկերը հասարակական տարբեր ընդվզումներից։

Սույն մոտեցումը կարծես թե արդար է առաջին հայացքից, բայց ինչ կլինի, եթե իսկապես ըստ WHO-ի և առողջապահական բլոկի կանխատեսումների COVID-19-ի երկրորդ ալիքը ավելի մեծ մասշտաբների հասնի, քան ներկայինս։

Այստեղ պետք է առանձնացնել երկու տեսակի զարգացումներ

1-ին սցենար մայիսի վերջին կամ հունիսի կեսերին դեպքերի քանակը կրկնապատկվում է կամ եռապատկվում, և մենք նորից անցնում ենք խիստ սահմանափակումների ռեժիմին, որի հետևանքով առողջապահական համակարգը չի հասցնում իր ունեցած ռեսուրսներով սպասարկել բոլորին, հատկապես ծանր դեպքերը, և սոցիալ-տնտեսական իրավիճակը թվաբանական պրոգրեսիայից անցնում է երկրաչափական պրոգրեսիայի բացասական թվային արտահայտումների։

2-րդ սցենար մայիս-հունիս ամիսներին ծանր վիճակում գտնվողների քանակը ուղիղ համեմատական է առողջապահական համակարգի ներկայիս հզորություններին և հնարավոր է դառնում առանց խիստ սահմանափակումներին վերադառնալով շարունակել սահմանափակումների դանդաղ տեմպերով վերացումը, որի արդյունքում գրեթե բոլորը վարակվում են ու մեկուսացման կամ մնում ինքնամեկուսացման պայմաններում, և նորից վերադառնում բնականոն աշխատանքի, ասել է թե մինչև տարվա վերջ մեծ մասը վարակվում է COVID-19-ով։

Այս երկու սցենարների դեպքում էլ կառավարությունը պետք է ձեռնարկի հետևյալ գործողությունները

1 ձևավորել ռեզոնանսային խումբ, որը յուրաքանչյուր գերատեսչությունում, մարզային կառույցում և ՏԻՄ-ի մակարդակում կունենա անդամներ, և որոնցից յուրաքանչյուրն էլ իր կառույցում կունենա փոքր ռեզոնանսային խմբեր՝ բաշխելով գործառույթները համապատասխանաբար որոշում կայացնողների և դաշտային աշխատանքը կատարողների։

2 շարունակել այլընտրանքային և վերապրոֆիլավորման աշխատանքներին միտված համակարգված գործողությունները մասնավոր ընկերությունների ասոցիացիաների, արհմիությունների, աշխատանքի և առողջապահության տեսչության, ինչպես նաև կարողությունների զարգացման և զբաղվածության, ինքնազբաղվածության խնդիրներով զբաղվող հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ։

3 ունենալ հստակ մշակված երկու փաթեթային ծրագիր, որոնք ճգնաժամային կառավարման հատուկ պրոտոկոլներ կամ ուղեցույցեր սոցիալ-տնտեսական և առողջապահական բլոկների համար՝ վերոնշյալ երկու սցենարների զարգացման դեպքում, որոնց մշակման գործում պետք է մասնակցեն շահագրգիռ բոլոր կողմերը տնտեսական, սոցիալական, առողջապահական և այլ ոլորտների ներկայացուցիչները կառավարությունից, մասնավոր սեկտորից, հասարակական և միջազգային կազմակերպություններից։

Ցանկացած դեպքում, թե ինչպես կզարգանան դեպքերը, կամ որ սցենարով մենք ստիպված կլինենք առաջ շարժվել, պետք է կառավարությունը 17 աջակցման ծրագրերի նյութաֆինանսական աջակցության տեսակներից անցում կատարի դեպի զարգացմանը միտված ինստիտուցիոնալ մոտեցումների (15-րդ և 17-րդ ծրագրերի օրինակով), և այնուհանդերձ շեշտը դնել ներքին ռեսուրսների օգտագործման վրա՝ ներքին միջոցների մեծ հնարավորությունները հաշվի առնելով 

  • գյուղատնտեսության մեծ պոտենցիալը հատկապես էկոլոգիական և մաքուր սննդի ուղղություններով՝ սպասարկման և ծառայությունների ոլորտի աշխատակիցներին ներգրավելով, 
  • վերամշակող արդյունաբերության հնարավորությունները բոլոր հնարավոր ճյուղերում՝ մարզերում գործող հանրային սննդի և այլ սպասարկման ոլորտի ներկայացուցիչներին մասնակից դարձնելով,
  • շինարարական աշխատանքների վերագործարկումը՝ արտագնա չմեկնած մարդկային ռեսուրսի շահագրգռման միջոցով,
  • արհեստների և արհեստագործական բնույթի աշխատանքի ջատագովումը՝ երիտասարդ գործազուրկների շրջանում
  • բարձր տեխնոլոգիաների ինժեներիայի խթանումը, մասնավորապես առողջապահության բնագավառում՝ ներգրավելով սկսնակ ընկերություններին

Միայն այս մոտեցումը ճգնաժամը կդարձնի զարգացում, և թույլ չի տա վերարտադրել աղքատությունը Հայաստանում։

Կարեն Հ․ Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter