HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արագած Ախոյանը մինչ օրս բնակիչներին չի տվել 2012-ին իր ընկերության կառուցած բնակարանների սեփականության վկայականները

Մերի Սարգսյանը Երևանի Հայրիկ Մուրադյան 42/2 հասցեում գտնվող նորակառույց 18 հարկանի շենքի բնակարաններից մեկի գնորդներից է։ Նա բնակարանը գնել է 2012 թվականին 51 հազար դոլարով, բայց մինչ օրս չի տեղափոխվել այնտեղ ապրելու։ Շենքը կառուցել է «Հայկ Արշին» ՍՊԸ-ն։ Այն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին։

Շենքը վերջնական շահագործման հանձնված չի եղել, գնորդները բնակարանը գնելիս վճարված գումարի դիմաց վկայականի փոխարեն ստացել են նախնական գնման ստացական, որտեղ եղել են երկու կողմերի՝ նախնական վաճառողի ու նախնական գնորդի համաձայնությունը հաստատող ստորագրությունները։

«Հայկ Արշին» ՍՊԸ-ի կառուցած շենքի 10 բնակարանն ու 45 ավտոկայանատեղին այս պահին դրված են աճուրդի։

Աճուրդին մասնակից գնորդը բնակարանը գնելու դեպքում իրավասու է նախկին բնակիչներին վտարել բնակարաններից, անկախ նրանից, որ վերջիններս բնակարանի համար տարիներ առաջ գումար են վճարել։

Մերի Սարգսյանը ասում է, որ պայմանագիրը կնքվել է իր հոր անունով, որոշել են, որ երբ արդեն վերջնական կստանան բնակարանի գնման վկայականը, կվերանորոգեն ու կտեղափոխվեն այնտեղ ապրելու։ Բայց գործընթացը երկարաձգվում է արդեն 8 տարի, վերջինիս ընտանիքը բնակվում է վարձով, և չգիտի, կստանա՞ բնակարանի վկայականը, թե ոչ։

«Գիտե՞ք ինչ ահավոր է, ամսական 120 հազար դրամ վարձ ենք տալիս, արդեն 8 տարի։ 100 տոկոսով վստահ չենք, այդ բնակարանը մերը կդառնա վերջնական, թե ոչ, վերջերս իմացել եմ, որ շենքի բնակարաններից 10-ը դրված է աճուրդի։ Ախոյանը ֆինանսական պրոբլեմներ ունի, իր գույքի վրա կալանք է դրված, արդյունքում տուժում ենք մենք, մեր տներն են վտանգի տակ, մենք ոչինչ չենք կարողանում անել, քանի որ բնակարանը մերը չէ, այլ պատկանում է «Հայկ Արշին» ՍՊԸ-ին»,- պատմում է նա։

Մերին նշում է, որ շենքի կառուցման մասին իմացել են դեռ 2009-ից, երբ քաղաքապետարանից «Հայկ Արշին» ՍՊԸ-ն ստացել է շինթույլտվություն։

Այդ ժամանակ արդեն պլանավորել են, որ պիտի նոր կառուցվող շենքում բնակարան գնեն։

«Ախոյանն ունեցել է ֆինանսական խնդիրներ, չի կարողացել վերջնական ավարտել շենքի շինարարությունը, դրա համար էլ շենքը վերջնական շահագործման չի հանձնել, երբ դիմում ենք նրան, մեր բնակարանների մասին տեղեկություն ստանալու համար, ամեն անգամ ասում է, որ շուտով ամեն բան կհարթվի, շուտով կստանանք մեր վկայականները, վստահեցնում է, որ ամեն բան կկարգավորի, բայց արդեն 8 տարի է՝ ոչինչ էլ չի կարգավորվում, դատական պրոցեսների մեջ է նաև վեհափառի՝ Գարեգին Բ-ի հետ, ասում է, որ երբ ստանա գումարները, կկարողանա մեր պահանջներն էլ բավարարել»,- ասում է Մերին։

Արագած Ախոյանը 2018-ին դատական հայց էր ներկայացրել Մայր Աթոռի դեմ: ««Հայկ Արշին» շինարարական ընկերությունն աշխատանքներ էր կատարել Մայր Աթոռի պատվերով, բայց չի վճարվել։ Երբ Մայր Աթոռը կվերադարձնի իմ գումաները ես էլ կկարողանամ բնակարանների հարցը վերջնականապես լուծել»,- մեզ հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը։

Վիկտորյա Ալավերդյանը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, ընտանիքի անդամների հետ որոշել էին Երևանում էլ բնակարան գնել, որպեսզի Հայաստան վերադառնալիս հիմնական բնակության վայր ունենան։ 2009-ին Հայաստանում բնակվող ազգականի միջոցով տեղեկացել է, որ «Հայկ Արշին» ՍՊԸ-ն շենք է կառուցում, Վիկտորյային վստահեցրել են, որ ընկերությունն առաջատարներից է, ու կարելի է վստահել, երբ արդեն սկսվել է բնակարանների նախավաճառքը Վիկտորյան ու իր ազգական Մխիթար Սարգսյանը շենքում 2 բնակարան են գնել, այս պահին երկու բնակարաններն էլ, ըստ «Ազդարար»-ի,  տվյալների դրված են աճուրդի։

«Ես ինչքան զանգել եմ, հարցրել եմ, Ախոյանն ասել ա շուտով ամեն ինչ կկարգավորվի, լավա լինելու, հանգիստ եղեք, բայց էսպես մինչև ե՞րբ, ես արդեն կորցրել եմ հույսս, որ որևէ բան լավ կլինի, նախորդ տարի՝ 2019-ին, երբ Հայաստան էի եկել, գնացի իր գրասենյակ, խոստացավ, որ  մինչև 2020 թվական ամեն ինչ կարգավորված կլինի, վստահեցնում էր, որ անհանգստանալու կարիք չկա, բայց ո՞նց չանհանգստանաս»,- ասում է Վիկտորյան։

Շենքի մեկ այլ բնակիչ Վիգեն Ենգոյանը նշում է, որ 2018 թվականին շենքի բնակիչները գրավոր դիմում-բողոք են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որտեղ նշել են, որ շենքը վերջնական շահագործման հանձնված չէ, չնայած որ 2012-ից գնորդների մի մասն արդեն բնակվում է շենքում, գրավոր բողոքում նշել են, որ շենքն ունի ջրամատակարարման, հոսանքի խնդիր․ շենքը սնուցվում է շինարարության փուլում ժամանակավորապես միացված ենթակայանից։

«Գրեթե բոլոր ստորգետնյա ավտոկայանատեղիները այս պահին «Յունիբանկում» գրավի տակ են, հետևաբար բնակիչները, որոնք դրա դիմաց վճարել են, չեն կարողանում իրենց մեքենաներն այնտեղ կայանել»,- նշված է եղել շենքի բնակիչների՝ քաղաքապետարան ուղարկած բողոքում։

Վիգենի խոսքով՝ բնակիչները պատասխան են ստացել, որ խնդիրը քաղաքապետարանի տիրույթում չէ։

Վիգենն ասում է, որ Արագած Ախոյանի հետ բոլոր բնակիչները մշտական կապի մեջ են, Ախոյանը բոլորին միշտ հուսադրող պատասխաններ է տալիս, բայց դեռ ոչինչ չի արել։

Արագած Ախոյանը, ինչպես բնակարանների գնորդներին, այնպես էլ մեզ վստահեցրեց, որ ամեն ինչ շուտով կհանգուցալուծվի։

«Անհանգստանալու կարիք չկա, քանի որ մենք հիմա «Յունիբանկի» հետ փորձում ենք համաձայնության գալ, մի քանի տարի է՝ դատական պրոցեսների մեջ ենք, բայց ամեն բան շուտով հարթվելու է, իրենց ոչ ոք տներից հանել չի կարող, քանի որ բնակարանները նրանցն է, մարտ ամսին դիմել ենք Վերաքննիչ դատարան, մարտ ամսվա աճուրդի գործընթացը կասեցվել է, ամեն ինչ շուտով հարթվելու է»,– ասում է Արագած Ախոյանը։

Ախոյանը հայտնեց նաեւ, որ հասկանում է բնակիչների անհանգստության պատճառը, և ինքն անձամբ է պատասխանատու բնակիչների բնակարանների համար, նշեց նաև, որ մարտին կայանալիք աճուրդը չեղարկվել է, քանի որ Վերաքննիչ դատարան հայց է ներկայացվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter