HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Առողջապահության նախարարը լրագրողների հարցումներն «անհեթեթ» է որակում․ դրանց պատասխանելու ժամանակ էլ չունեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեր հարցումները համարում է «անհեթեթ»:

Նա այդպես է գնահատել մեր հոդվածը հրապարակումից հետո: Զարմանալի չէ, որ այսօր կենտրոնացած ենք առողջապահության համակարգի վրա:

Երբ Covid-19 վարակը սկսեց տարածվել, մեր թիմով որոշեցինք տվյալների բազա սարքել: Մենք բժիշկներ չենք, բայց մտածում էինք, որ եթե այդ տվյալները մանրամասն հավաքենք, նույնիսկ հնարավոր կլինի օգնել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել և գործողություններ պլանավորել: Տվյալների բազաների հետ աշխատողները դա շատ լավ պատկերացնում են ու գիտեն, որ առանց տվյալների  պարզապես անհնար է ինչ-որ բան պլանավորել: Ի՞նչ տվյալներ էինք ուզում հավաքել: Կարճ՝ ամեն ինչ. վարակվածները երբ, որ երկրներից են եկել, որն է եղել ելքի երկիրը, որ ավիաընկերության չվերթով են եկել, ուզում էինք պարզել տարիքը, սեռը, ավելի ուշ մտածեցինք իմանալ նաեւ արյան խումբը, բնակության վայրը, մեկուսացման վայրը: Բոլոր այս դեպքերում որեւէ մեկի անձնական տվյալը հայտնելու անհրաժեշտություն չկար, եւ մենք անձնական տվյալ չենք պահանջել մեր հարցումներում: Ընդ որում՝ դա պետք է արվեր ամեն օր, որովհետեւ գիտեինք, որ տվյալներն օր օրի փոխվելու են, եւ հսկայական շտեմարան է դառնալու: Այդ գործը պետք է աներ խմբագրությունում այդ նպատակով ձեւավորված խումբը: Այս ամենը նկարագրում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչքան լուրջ էինք մոտենում հարցին:

Սակայն, այս հարցումների պատասխանները չստացանք, մեր գրություններին իբրեւ արձագանք՝ ասում էին, որ հնարավոր է պատասխանել 30 օրվա ընթացքում: Հասկացանք, որ մեր գաղափարից պետք է հրաժարվենք, նախարարությունն էլ արդեն սկսեց հրապարակել որոշ տվյալներ, որը մեր ստեղծելիք տվյալների շտեմարանի հետ կապ չուներ, իսկ մեր պահանջած տեղեկությունների մի մասը համարեցին անձնական տվյալ, օրինակ՝ վարակվածների սեռը: Հետո ինչ-որ պահից՝ նախարարությունն իր հրապարակած տվյալներում սկսեց նշել նաեւ սեռը։

Որոշ ժամանակ անց տարբեր երկրներում եղան բացահայտումներ այն մասին, որ բժշկական հանդերձանքի, սարքավորումների մեջ կա կեղծ արտադրանք, չեն համապատասխանում մշակված չափորոշիչներին: Նման դեպքեր եղել են նաեւ միջազգային տարբեր կառույցների մարդասիրական օգնություններով տրամադրված բժշկական հանդերձանքների, սարքավորումների, դիմակների պարագայում: Առողջապահության նախարարությանը խնդրեցինք տեղեկություններ տալ, թե որ ընկերություններն են հանդերձանք եւ սարքավորումներ ներկրել Հայաստան, որ երկրների արտադրանք են:

Նման մտահոգություն առաջացել էր այն պատճառով, որ Հայաստանում բուժանձնակազմի շրջանում վարակվածությունը նույնպես բարձր տոկոս է կազմում: Պատասխանեցին՝ նման տվյալներ չունեն, այսինքն՝ չգիտեն:

Մայիսի 9-ին և 12-ին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում այրվել են թոքերի արհեստական օդափոխման սարքեր, որոնց միացված են եղել կորոնավիրուսով հիվանդներ։ Այդ երկու հրդեհների արդյունքում մահացել է կորոնավիրուսով 5 հիվանդ: Մենք որոշեցինք պարզել՝ արդյոք թոքերի արհեստական օդափոխման՝ ռուսական արտադրության այդ սարքավորումներից Հայաստան ներկրվել են, մեր բժշկական կենտրոններում կա՞ն նման սարքավորումներ:

Պատասխանը՝ գույքագրում չեն արել:

Հայաստանում թոքերի արհեստական օդափոխման սարքերի թիվն այդքան մեծ չէ, մի քանի ժամում դա կարելի էր պարզել, որովհետեւ մեզ թվում էր՝ նախարար Թորոսյանի մտքով էլ պիտի անցներ նման բան, եւ ինքը պետք է ստուգեր՝ ունե՞նք այդ սարքավորումներից, թե ոչ:  Բայց նախարարությունում դրանով զբաղվելու ժամանակ ոչ ոք չունի:

Մյուս հարցումը, որ կարևոր էր հարկատուներիս համար. Արտակարգ դրության հայտարարումից հետո Կառավարությունը զգալի միջոցներ է հատկացրել առողջապահության ոլոլոտին: Ու քանի որ բյուջեից զգալի հատկացումներ են արվում, ուզում ենք պարզել՝ ինչպե՞ս են ծախսվում այդ միջոցները: Այդ ուսումնասիրությունը սկսելիս մի տարօրինակ փաստ էինք արձանագրել՝ այս տարվա մարտի 12-ին կառավարության ընդունած որոշման վերջին կետում նշված է, որ օրենքը հետադարձ ուժ ունի եւ վերաբերում է նաև հունվարի 25-ից կատարված գնումներին: Որոշումը վերաբերում է մեկ անձից ձեռք բերված գնումներին, այսինքն՝ առանց մրցույթի: Ուզում ենք հասկանալ, թե ինչու է մարտի 12-ին ընդունված որոշումը տարածվում հունվարի 25-ից կատարաված գնումների վրա, ի՞նչ գնումներ են եղել այդ ժամանակ:

Երբ տարբեր երկրներում վարակն արդեն տարածվում էր, Առողջապահության նախարարն առանձնապես լուրջ  չէր վերաբերվում եւ հրապարակային դրա մասին արտահայտվել է մի քանի անգամ: Ուզում ենք իմանալ, թե հատկապես այդ փուլում ի՞նչ գնումներ են կատարվել, որ պետք է հետին թվով ներառվեն մեկ անձից կատարվող գնումների մեջ: Մինչեւ հիմա էլ չեն հրապարակել, թե ինչ գնումներ են «ընկել» այդ որոշման տակ:

Դժվար է, իսկապես, հասկանալ, թե այս հարցերի խումբն ինչու է անհեթեթ համարում նախարար Արսեն Թորսյանը: Ի՞նչն է հատկապես անհեթեթ: Ու եթե նախարարը նման գնահատական է տալիս, արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ մեր բոլոր հարցումներին խուսափողական պատասխաններ տալու պատճառը հենց նման կանխակալ վերաբերմունքն է:  

Բացատրական բառարանում մեկ անգամ էլ ստուգեցի անհեթեթ բառի իմաստը.  

-տխմար, անիմաստ, անմիտ 

- անճոռնի, այլանդակ 

- անմիտ, սխալ

-անկարգ, խառնաշփոթ 

Արսեն Թորոսյանը, փաստորեն, հավաքական ձեւով վիրավորել է մեր մի քանի լրագրողների: Եթե այդ վիրավորանքն անվանական լիներ՝ ուղղված անձերին, կարելի էր դատական հայց ներկայացնել նախարարի դեմ: Բայց անգամ այդ դեպքում, այս իրավիճակում նման բան անելն անհեթեթ կլիներ, որովհետեւ երկրում թիվ մեկ պաշտոնյան այժմ Առողջապահության նախարարն է, եւ նրա քայլերից, որոշումներից է կախված, թե ինչ զարգացում է ունենալու կորոնավիրուսի համավարակը մեր երկրում, իսկ նրան գործից շեղելը հիմա իսկապես անհեթեթություն կլինի:

Մեկնաբանություններ (1)

Վարդան
Նարարարը իրականում ասելիք չունի: Ինչքան հասկացա նա իր ֆունկցիան պատկերացնում է ժողովրդին վախեցնելու մեջ: Իսկ վախեցած մարդուն ամեն ինչ կարելի է պարտադրել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter