HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Ես լավ եմ, դուք ձեզ նայեք». հեռավար զրույց հորս հետ

Երկու ամիս է՝ հորս հետ հեռախոսազրույցում առաջին բառերն են՝ պապ, չափե՞լ  ես ջերմությունդ, իսկ ձեռքերդ, ձեռքերդ ախտահանու՞մ ես, դիմակ, ձեռնոց....

Հայրս աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում։

Արտակարգ դրություն հայտարարելուց, երկրի սահմանները փակելուց հետո  կառավարությունը քաղաքացիներին հորդորում է տանը մնալ եւ դուրս գալ միայն հատուկ թույլտվությամբ։ Թույլտվություն ունի նաեւ հայրս։ Մոսկվայում կառուցվող գինեկոլոգիական կենտրոնում ինժեներ է։ Վարակի տարածմամբ պայմանավորված՝ կենտրոնը վերածվել է կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցի։

«Մենք հիվանդներին չենք տեսնում, ուղղակի սպիտակ շորերով բժիշկներն են տարածքում երեւում»,- ասում է հայրս։

Վարակվածները գտնվում են կենտրոնի մի մասնաշենքում, հայրս աշխատում է մյուսում, որի շինարարությունը դեռեւս ավարտված չէ։ Կարելի է ասել, որ նա ամեն օր գնում է դեպի «կրակի բերանը»։

Ամեն անգամ վախով եմ զանգահարում հորս (հիմնականում տեսակապով ենք միանում). հանկարծ չլսեմ, որ վարակվել է կորոնավիրուսով։

Իսկ հայրս ամեն անգամ հանգիստ տոնով ասում է, որ ամեն ինչ լավ է, պահպանում է սանիտարահիգիենիկ պահանջները։

«Ամեն օր պահակը ջերմաչափում է, նոր ենք մտնում մասնաշենք։ Շինաշխատողներս եւ բուժանձնակազմը տարբեր մուտքերով ենք ելումուտ անում մասնաշենքեր»,- հանգստացնում է հայրս։

Իմ եւ մորս հարցերի շարանն ամեն օր ավելանում է՝ կարողանում եք ախտահանվել, դիմակ, ձեռնոց կրո՞ւմ եք։ Գրիպ չես, չէ՞, քո շրջապատից վարակակիրներ չկա՞ն.... որոնց էլ հաջորդում է մորս հորդորը՝ զգույշ եղի'ր, ուշադի'ր, հետիդ աշխատողների նկատմամբ էլ ուշադիր եղիր։

Հայրս երբեմն կատակում է, ասում է, որ այնքան եմ լսել մորս, որ ես էլ եմ նրա նման արդեն հեռավար խորհուրդներ տալիս։

Հետո հայրս հեռախոսի տեսախցիկին է մոտեցնում թեյի բաժակը, որում խառնված են բաղադրիչները՝ կոճապղպեղ, դարչին, լիմոն, ասում է՝ իմունիտետն է բարձրացնում։ Պատմում եմ եղանակից, իմ նյութերից, հոդվածներից, մորս աշակերտների եւ հեռավար դասերի մասին, քաղաքի փողոցների դատարկությունից։

«Այս օրերին Մոսկվայում եւս կյանքը կարծես կանգ է առել, մետրոյի վագոններում մի երկու հոգի են, փողոցներում քիչ են, էն ինչ տարվա էս եղանակին հսկիչները մետրոյի դռները հազիվ էին փակում, էնքան շատ մարդ էր լինում»,- զրույցի ընթացքում ասում է հայրս։

Մոսկվայի խանութներում եւս լռություն է. հաճախորդները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն։

«Տղերքը քանի անգամ էկան, ասացին, որ խանութներում ապրանք չի մնացել, սաղ առել են, բայց ես ինչքան մտել եմ, կարողացել եմ իմ ուզածը գտնել»,- պատմում է հայրս։

Մենք էլ հայտնում ենք նրան, որ մեր այգում գործ ենք արել, մի քանի թուփ կարտոֆիլ ցանել, հայրս ժպտում է։ Գոհ է։

Զրույցի վերջում էլ խորհրդատուն հայրս է լինում եւ խոսքը եզրափակում է. «Ես լավ եմ, դուք ձեզ նայեք»....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter