
«Գաղտնիության խնդիր ունենք». հետախուզության նախկին պետը չցանկացավ պատասխանել հարցերի
Զինված ուժերի հետախուզության վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի դռնփակ հանդիպումը ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովում շուրջ երկու ժամ տևեց: Այս հանդիպումը Արշակ Կարապետյանի` հանձնաժողով երկրորդ այցն էր:
«Քանի որ ինձ վերաբերող բոլոր հարցերը մի քիչ գաղտնի են, դրա համար ինձ կներեք, ես ոչ թե չեմ ուզում ձեզ հետ շփվեմ, այլ ուղղակի չեմ կարող»,- հանդիպման ավարտին սպասող լրագրողներին ասաց Կարապետյանը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված իրեն երկրորդ անգամ հանձնաժողով հրավիրելը, Կարապետյանն արձագանքեց.
«Ճշտելու հարցեր ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի»:
Հարցին, թե արդյոք իր ու պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի պատասխաններում հակասություններ եղել են, Կարապետյանն ասաց, թե տեղյակ չէ՝ Սարգսյանն ինչ պատասխաններ է տվել:
«Գաղտնիության խնդիր ունենք, որովհետև Ադրբեջանի համար կարևոր է իմանալ` հետախուզությունն իմացել է, թե չէ, երկու պատասխանն էլ շատ կարևոր է, եթե իմացել ենք, դա էլ է կարևոր, չենք իմացել, դա էլ է կարևոր, մենք չենք կարող դա իրենց ասել»,- ասաց Կարապետյանը` հեռանալով խորհրդարանի շենքից:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով` Արշակ Կարապետյանի` երկրորդ անգամ հանձնաժողով գալը բավականին օգնել է իրենց:
«Հատկապես այն տեսանկյունից, որ մինչև պարոն Կարապետյանի գալը մենք լսել էինք պաշտպանության բանակի նախկին հրամանատարին, որը շատ կարևոր էր: Մեր հանդիպումները պատահականության սկզբունքով չեն, այն տեղավորվում է անվտանգության ձևաչափի մեջ, որը վերաբերում է ապրիլյան պատերազմին»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ հանդիպումից հետո հանձնաժողովն այն եզրակացության էր եկել, որ բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման, այս հանդիպումից հետո արդյոք պարզվել է, թե որքանով է հետախուզությունը թերացել կամ արդարացրել իրեն, Քոչարյանն ասաց.
«Հետախուզությունն ամեն ինչ չէ, որ կարող է անել: Մեր երկիրը մի օր պիտի ունենա այնպիսի հետախուզություն, որ ունեն շատ երկրներ, և որոնք կանխում են շատ նմանատիպ ավանտյուրաներ, ինչպես ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունն է: Լուծվելիք խնդիրներից մեկն է` հետախուզությանը տալ հեռանկար, որ ապագայում օր առաջ տեղեկացված լինենք հնարավոր վտանգների մասին»:
Քոչարյանի խոսքով` այժմ հանձնաժողովն ունի բազմաթիվ հարցերի վերաբերող հստակ տեղեկատվություն, որոնց հնարավոր կլինի ծանոթանալ հանձնաժողովի կատարած եզրակացության մեջ` կախված գաղտնիության աստիճանից:
ԱԺ աշնանային նստաշրջանին հանձնաժողովը հանրության դատին կներկայացնի ապրիլյան պատերազմից կարևոր դրվագներ, որոնք հետաքրքրում են հանրությանը:
Հանձնաժողովի հաջորդ հրավիրյալը Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է:
«Նա տվել է համաձայնություն, որ կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, ձևաչափի ուղղությամբ աշխատում ենք: Ժամկետն էլ երևի կամ 26-ը կամ 27-ը կլինի: Հստակ է, որ պարոն Նալբանդյանը մասնակցելու է հանձնաժողովի աշխատանքներին»,- ասաց Քոչարյանը:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել