HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանում հրապարակվեց Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի նամակագրությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, տևական ընդմիջումից հետո այսօր շարունակվեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այս փուլում դատարանում հրապարակվում են գործում առկա ապացույցները։

Այսօր հետազոտվեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի միջև առցանց նամակագրությունը, որում արծարծվում  են հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի, այդ գործընթացին ՊՎԾ պաշտոնատար անձանց մասնակցության, հեմոդիալիզի սարքավորումների գնման գործընթացում մենաշնորհի վերաբերյալ հարցեր։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանն, ըստ մեղադրանքի, տեղյակ լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Սամվել Ադյանը փաստացի կառավարում է տարբեր առևտրային կազմակերպություններ, որոնք ներգրավված են պետական գնումների գործընթացում, անտեսելով օրենսդրական արգելքը՝ վերջինիս նշանակել է Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնատարի պաշտոնում՝ այսպիսով, փաստացի, թույլ տալով, որ Ադյանը վերահսկողական լիազորություն իրականացնի իր կողմից կառավարվող կազմակերպությունների տնտեսական գործունեության ոլորտում։ Այնուհետև, Սամվել Ադյանի միջնորդությամբ ՊՎԾ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի կողմից Գևորգ Խաչատրյանը նշանակվել է նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար։ Ըստ մեղադրանքի՝  2018-2019 թվականների ընթացքում Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայողական շահերին հակառակ և ապօրինի կերպով միջամտել վերահսկվող օբյեկտներ հանդիսացող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և « Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին։ Դավիթ Սանասարյանն, ըստ քրեական գործի, Սամվել Ադյանից տեղեկանալով, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին ներկայացրած պահանջները չեն ապահովել Ադյանին փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը, կատարել է Ադյանի խնդրանքն ու բժշկական կենտրոնի ծառայողներին պատժելու նպատակով տվել այնտեղ ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ հանձնարարագիր։

Դատարանում հրապարակված նամակագրության հրապարակումից պարզ դարձավ, որ Արսեն Թորոսյանը Սանասարյանից հետաքրքրվել է, թե ՊՎԾ աշխատակիցներն ի՞ նչ լիազորություն ունենալով են հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի համար հայտարարված մրցույթում տեխնիկական բնութագիր փոխել։

«Մենք կորցրել ենք դիալեզի սարքերը սպասարկելու հնարավորությունը և կասկածելի որակի ապրանքներ են կրել, որը ուղիղ ձևով անդրադառնալու է պացիենտների կյանքի և առողջության վրա: Ես մանրամասները չեմ իմացել, որ ձերոնք տեխնիկական պայման են փոխել տվել, թե չէ չէի թողնի, այսուհետև տենց ա լինելու, եթե մեր ենթակայության տակ գտնվող կամ առողջապահահության որևէ հիմնարկում փորձ արվի միջամտել ներքին գործերին: Նույնիսկ ես չեմ տիպային բնութագիր տալիս իմ հիմնարկներին»,-գրել է Արսեն Թորոսյանը։

Ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանը նշել է, որ դիալեզի պարագաների գնման ոլորտում միշտ մենաշնորհ է եղել, և այս ոլորտ որևէ մեկը չի կարողացել մուտք գործել։ Սանասարյանը նշել է, որ իրենք ընդամենն առաջարկում են ոչ խտրական մրցույթ ապահովել։

«Դիալեզի շուկայի վերլուծության արդյունքներով՝ շուտով 2 ընկերության վերաբերյալ նյութեր ուղարկվելու են դատախազություն, չարաշահումների չափը, ըստ նախնական հաշվարկի, գերազանցել է 1 մլն ԱՄՆ դոլարը։ Ավելին, այս պահին մրցույթները շարունակվում են կազմակերպել խտրական, մեկ ընկերության համար: Օրինակ՝ Վանաձոր բ/կ-ի մրցույթը նորից խտրական էր: Պացիենտների առողջության մասով էլ մտի Մասիվի բժշկական կենտրոն ու նայի՝ ի՞նչ պայմաններով են հիվանդները դիալեզ ստանում»,- պատասխանել է Սանասարյանը։ Վերջինս նաև նշել է, որ դիալեզի պարագաների գնման մրցույթին 7 ընկերություն է մասնակցել, և «Ֆրեզեն» ընկերության առաջարկած գները մի քանի ամսվա պարագաների համար շուրջ 6 մլն դրամ ավելի թանկ է, քան մրցույթին մասնակցած մյուս ընկերությունների առաջարկած գները։ Նշենք, որ «Ֆրեզեն»-ն այն ընկերությունն է, որի սեփականատերը պնդում է, թե իրենից պետական մակարդակով բիզնես են խլում։

«Սա առաջին ոչ խտրական մրցույթն է, ու հետագայում հիմքեր են ստեղծվում մեծ գումարներ տնտեսելու համար: Ինձ համար հարց է, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը մինչեւ հիմա, եւ ինչ է նախատեսում հիմա շուկան մրցակցային ներկայացնելու համար: Խտրական բոլոր մրցույթները կասեցվելու են, իսկ չենթարկվողների վերաբերյալ նյութերը հիմքերով ուղարկվելու են դատախազություն: Վերջում մեկ օրինակ բերեմ. դիալեզի պարագաները գնում-վաճառվում են մաքսային արժեքից 2.2-3.8 անգամ թանկ գներով, դու իմ ընկերն ես, բայց ես չեմ կարող  պարտականություններս չիրականացնել, եթե խոչընդոտ եղավ, իրավական ընթացք տալու ենք»,- շարունակելով՝ Թորոսյանին պատասխանել է Սանասարյանը։

Արսեն Թորոսյանն ի պատասխան ասել է, որ խոսքը հիվանդների կյանքի մասին է։ Թորոսյանը նաև խոսել է այն մասին, որ հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացում կատարվել են փոփոխություններ, որպեսզի հաղթի «Զորաշեն» ՍՊԸ-ն։

Սանասարյանը պատասխանել է, որ չգիտի՝ «Զորաշենն» ի՞նչ կազմակերպություն է, չի համաձայնել Թորոսյանի այն պնդմանը, որ իրենց առաջարկած տիպային տեխնիկական բնութագրով գնման գործընթաց կազմակերպելու դեպքում որևէ հիվանդի կյանք է վտանգվում։

«Իրականում երկու կլանի մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոն է, մյուսը՝ Լֆիկը: Օրինականությունը, ամեն դեպքում, պիտի պահվի, ցավդ տանեմ»,- ասել է Սանասարյանը։

«Այդ երկու կլանները աշխարհի լավագույն երկու ֆիրմայի ապրանքն են բերում՝ ի դեպ, 50-100 հզ  դրամանոց սարքերը նվեր տալով»,- պատասխանել է նախարարը։

«Բայց էն մյուսն էլ աշխարհում 17 միլիոն տոկոս ծածկ ունի, նենց չի, որ վատն ա, ապեր: Նենց չի՝ նվեր ա․ տալիս են, որ իրենցն օգտագործվի, բեր նստենք, խոսենք իրար հետ»,- շարունակել է Սանասարյանը։

«Համ չգիտես՝ ում ֆիրման ա, համ գրում ես, որ աշխարհում 17  մլն ծածկ ունի… Լավ, Դավ ջան, դե կապի մեջ»,- գրել է Թորոսյանը։

Հետագայում Սանասարյանը գրել է Թորոսյանին ու տեղյակ պահել, որ ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոններում։

«Ուր ուզում եք, մտեք, Դավ ջան, դուք շուկա չեք կարող ուսումնասիրել, կարող եք միայն պետական գնումներ ուսումնասիրել: Հուսով եմ՝ տուբերկուլյոզի կենտրոն մտնելուն պես քո աշխատողները աշխատանքներին չեն խոչընդոտի»,- պատասխանել է Արսեն Թորոսյանը։

Վերը նշված նամակագրությունը դատախազը մեկնաբանեց ի շահ մեղադրանքի՝ պնդելով, որ այն հիմնավորում է Սանասարյանի և մյուսների մեղադրանքը։ Սարգսյանը նկատեց, որ երբ  նախարար Թորոսյանը խոսել է «Զորաշեն» ՍՊԸ-ի օգտին ՊՎԾ աշխատակիցների ենթադրյալ անօրինական գործողությունների մասին, Դավիթ Սանասարյանը դրան չի արձագանքել, մինչդեռ, ըստ Գևորգ Սարգսյանի, ՊՎԾ պետին առաջին հերթին դա պիտի հետաքրքրեր։

Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ նշեց, որ խոսակցությունից ակնհայտ է, որ Սանասարյանը պետական շահով է առաջնորդվել։

Նամակագրությունը հետազոտելուց հետո մեղադրող Գևորգ Սարգսյանը նշեց, թե հետագայում կանդրադառնան հարցին, թե ով էր Սանասարյանի համար գրել այդ նամակը, որն էլ վերջինս ուղարկել էր Արսեն Թորոսյանին։

Սանասարյանը, արձագանքելով, նշեց, որ ինքը Սամվել Ադյանին խնդրել է մասնագիտական պատասխան գրել, քանի որ վերջինս ավելի լավ է տիրապետում Թորոսյանի արծարծած հարցերին, և նախարարին պատասխանելիս, այո, գրել է նաև այն ամենն, ինչ Ադյանն է ուղարկել։

Սամվել Ադյանն ԱԱԾ քննիչի հետ առանց փաստաբանի երեք առանձնազրույց է խնդրել, ապա Սանասարյանի վերաբերյալ ցուցմունք տվել

Դատարանում հրապարակված փաստաթղթերից պարզ դարձավ, որ նախաքննության ընթացքում Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Սամվել Ադյանը երեք անգամ գրություն է հասցեագրել ԱԱԾ քննիչին՝ հայտնելով, որ ցանկանում է առանց փաստաբանի ներկայության առանձնազրույց ունենալ նրա հետ։ Մեկ դիմում էլ Ադյանը հասցեագրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին՝ այս անգամ արդեն հայտնելով, որ փաստաբանի ներկայությամբ ցանկանում է ինքնախոստովական ցուցմունք տալ, ինչպես նաև անկեղծորեն ներկայացնել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի առնչությունն ու մասնակցությունը մեղադրանքում նշված դեպքերին։

Սամվել Ադյանը դեռևս ցուցմունք չի տվել դատարանում, չհրապարակվեց նաև նրա նախաքննական ցուցմունքը։ Թե կոնկրետ ինչ բովանդակությամբ ցուցմունք է նա տվել, այս պահին մեզ հայտնի չէ։ Դատական նիստի ավարտից հետո Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադյանը գրել է, թե «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ առնչություն ունենալու մասին ինքը՝ Սանասարյանը, տեղյակ է եղել։

Անդրադառնալով Ադյանի կողմից ԱԱԾ քննիչին հասցեագրված դիմումներին՝ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց, որ այդ երևույթն իրենց մեջ ողջամիտ կասկած է առաջացնում, որ տեղի է ունեցել գործարք կամ ճնշում։

Նշենք, որ գործի քննության ընթացքում Դավիթ Սանասարյանը բազմիցս խոսել է այն մասին, որ Սամվել Ադյանին ճնշումների են ենթարկել՝ իր դեմ ցուցմունք ստանալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter