HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով 108 միլիոն մարդ Չինաստանում հայտնվել է կարանտինի մեջ

Չինաստանի հյուսիս-արևելքում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով 108 միլիոն մարդ դարձյալ հայտնվել է կարանտինում։ Այդ մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը։

Կարանտին է հայտարարվել Ցզիլին և Լյաոնին պրովինցիաներում։ Մասնավորապես, սահմանափակումների տակ են հայտնվել Ցզիլին (համանուն պրովինցիայի կենտրոնը) և Շուլան քաղաքները։ Վերջինս համարվում է կորոնավիրուսի նոր բռնկման օջախը։

Առողջապահական ոլորտի պետական ծառայողները դեռևս հստակ չգիտեն, թե ինչն է դարձել նոր բռնկման պատճառը, սակայն ենթադրում են, որ վիրուսի աղբյուր կարող էին հանդիսանալ Ռուսաստանից ժամանած քաղաքացիները։ Ցզիլին պրովինցիան, որտեղ գտնվում է Շուլան քաղաքը, սահմանակից է Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասին։ 

Ինչպես հայտնում է «South China Morning Post»-ը, Շուլանում կարանտին է հայտարարվել մայիսի 18-ին։ Այնտեղ սահմանափակվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, մարդկանց փողոց դուրս գալը և քաղաքը լքելը։ Քաղաքային իշխանություններից հեռացվել են 6 պաշտոնյաներ, ներառյալ Չինաստանի կոմկուսի տեղական վարչության ղեկավարը։

Չինաստանի հյուսիս-արևելքում կորոնավիրուսի նոր դեպքերը հայտնաբերվել են մոտ երկու շաբաթ առաջ։ Մայիսի 18-ի տվյալներով՝ Ցզիլին պրովինցիայում հայտնաբերվել է COVID-19-ի 34 դեպք, իսկ Լյաոնին պրովինցիայում՝ 3 դեպք։ Ավելի վաղ, Չինաստանի կառավարության կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով ավագ խորհրդական Չժուն Նանշյանը «CNN»-ին հայտարարել էր, որ Չինաստանի բնակչության մեծ մասը շարունակում է մնալ խոցելի՝ վիրուսի տարածման տեսանկյունից, ինչը մեծացնում է երկրում տարածման նոր ալիքի հավանականությունը։

Աշխարհում կորոնավիրուսի համաճարակն սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքում դեռ անցած տարվա վերջին։ Այս տարվա մարտի վերջին երկիրը հայտարարել էր համաճարակի դադարեցման մասին, սակայն շարունակվել են գրանցվել առանձին նոր դեպքեր։ Մայիսի 18-ի տվյալներով՝ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 84 հազար դեպք, 4 645 պացիենտ մահացել է։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter