HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծխի մեջ

Սառը ու մռայլ ապրիլյան օր է, քայլում եմ Մուշ թաղամասի մոտ գտնվող դաշտով։

Տեղանքը խորդուբորդ է, ոտքերիս տակ խոտի ծիլերը նոր-նոր են դուրս գալիս տարիների ընթացքում կուտակված կենցաղային աղբի մնացորդների և ժանգոտած երկաթե կտորների արանքից։

Հանդիպում են շենքերի խորը բետոնե հիմքեր, որոշները լի են շինարարական աղբով։ Մի քանի լքված տուն կա։ Ճանապարհի կեսին երևում է մաշված զինվորական համազգեստը հագին մի ծեր հովիվ, մռայլ հայացքով հետևում է ինձ։

Մի քանի բլրաձև բարձունքներ հաղթահարելուց հետո վերջապես դիմացս բացվում է տեսարանը՝ ծխացող քաղաքային աղբավայրը։

Բարձունքի վրա գտնվող Գյումրու բաց քաղաքային աղբավայրը քաղաքի հյուսիս-արևմտյան մասում է, այն հիմնվել է 1960-ականներին։ Մոտավորապես 9 հեկտար զբաղեցնող տարածքը Մուշ և Բուլվարնի կոչվող թաղամասերի մեջտեղում է։ Այստեղից հստակ երևում է Հայկավան գյուղը, իսկ շատ մոտ, բարձունքի հենց ներքևում Ախուրյան գետն է հոսում։

Գլխավերևումս աղմկում և սլացիկ պտտվում են հարյուրավոր ագռավներ և որորներ։ Գարշահոտն ու ծուխը կարճ ժամանակ անց սկսում են այրել շնչուղիներս, երկուսը միասին դառնում են անտանելի, ստիպված բաճկոնովս փակում եմ քիթս։

Խիտ, տեղ-տեղ դեղին ծուխն առաջանում է բռնկումների հետևանքով, գազի հավաքման կայանների բացակայության պատճառով դրանք չեն դադարում նույնիսկ անձրևի ժամանակ։

Հայաստանում դժվար է գտնել մի աղբավայր, որը կհամապատասխանի դեռ 2009 թվականին Քաղաքաշինության կոմիտեի ընդունած աղբավայրերի նախագծման և շահագործման տեխնիկական պահանջներին։

Ըստ փաստաթղթերի՝ աղբավայրերն «ապահովում են մթնոլորտի, հողի, մակերևութային և ստորերկրյա ջրերի պահպանությունը աղտոտումից, կանխարգելելով կամ նվազեցնելով մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ներգործությունը», իսկ գործնականում ճիշտ հակառակն է։

Սովորաբար տարեցտարի ավելացող աղբը գլդոններով կամ տրակտորներով միահարթում են և լավագույն դեպքում վրան լցնում հողի շերտ։ Ծխի մեջ հեռվից տեսա հենց այդ տեսարանը՝ աղբի վրայով դանդաղ սողացող մի տրակտորի և բահերով աշխատող տղամարդկանց ուրվապատկերը։

Աղբավայրից Մուշ թաղամաս ուղիղ գծով ընդամենը 800 մետր է, իսկ Ռանչո կոչվող թաղամասը հենց աղբավայրի մոտ է։ Մուշում բնակելի շենքեր են, իսկ Ռանչոյում՝ սեփական տներ։

Այստեղ հանդիպեցի Վիկտորյա Ադամյանին։ Նա իր ամուսնու հետ արդեն 20 տարի է ապրում է Ռանչոյի միահարկ տներից մեկում։ Ասում է, որ ծուխը վերջին հինգ տարիների ընթացքում շատացել է։

 « Ամռանը հնարավոր չէ դռները ու պատուհանները բաց թողնել, եթե քամին փչում է այս կողմ, ծուխն ու հոտը լցվում է տուն, չենք կարող շնչել, խեղդվում ենք»,-ասում է Վիկտորյան։

Նրա կարծիքով, ծուխն արդեն հնարավոր չէ կանգնեցնել։ Թաղամասի բնակիչներով մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան, բայց պատասխան են ստացել, որ ծխի առնչությամբ ոչինչ չեն կարող անել, իսկ բռնկումները կառավարելի են։

«Աղբավայրի պատճառով թափառող շները շատացել են, երկու անգամ աշխատանքից վերադառնալիս մոտ 15 շուն հարձակվեցին ինձ վրա, մի կերպ հասա տուն»,-ասում է Վիկտորյան։

Ռանչոյում բնակվող Արան, որի տունը հենց աղբավայրի մոտ է, ասաց, որ նախկինում ձմռանը ծուխը քիչ էր, բայց հիմա աղբավայրի տարածքն ընդլայնվել է, նույնիսկ եղանակն արդեն էական չէ՝ աղբավայրը անդադար ծխում է։ Մուշ թաղամասից էլ են շատերը բողոքել, բայց անօգուտ։

Գյումրի համայնքի ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանի խոսքով՝ վերջերս քաղաքապետարանը գնել է թրթուրավոր տրակտոր, այն կօգտագործվի աղբավայրը հողով ծածկելու նպատակով եւ կնվազեցնի ծուխը:

«Թե ինչ պարբերականությամբ է արվում, կամ արվում է, թե ոչ, չեմ կարող ասել: Ենթադրում եմ՝ սահմանափակվում են հարթեցման աշխատանքներով, ինչը, իհարկե, բավարար չէ»,- ասաց Արմենուհի Վարդանյանը՝ խոստանալով հարցը բարձրացնել ավագանու հաջորդ նիստի ժամանակ։ Ինչն էլ արեց մի քանի օր անց։

Սամվել Բալասանյանը, որը Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից, պատասխանելով տիկին Վարդանյանի հարցին՝ նշեց, որ Բենիամին համայնքին հարող տարածքում նոր աղբավայրի կառուցման հավանականություն կա։

Բալասանյանի խոսքով, Երևանում և Աբովյանում արդեն իրականացվում է կոշտ թափոնների կառավարման ծրագիր (խոսքը, ըստ երևույթին, Երևանում և Կոտայքում Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տրամադրած վարկային ծրագրի մասին է)։

 « Երևի թե մեզ էլ մի օր հերթը կհասնի, էդ աղբավայրը կփակենք... Բենիամինում կլինի... Ինձ թվում է, որ հաջորդը Գեղարքունիքի և Շիրակի մարզերում են անելու, այսինքն՝ ոնց որ թե կա տեսլականում և ծրագրի մեջ»,-ասաց քաղաքապետը։

«Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահ, բնապահպան Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ Բենիամին համայնքում մարզային աղբավայր ստեղծելով խնդիրը չի լուծվի, քանի որ ներկայում գործող մոդելով նոր աղբադաշտ ստեղծել և շահագործելը հետադիմական քայլ է։

«Ամբողջ աշխարհում մեծ գումարներ են ծախսում աղբի ծավալները քչացնելու վրա։ Օգտահանման ենթակա բոլոր թափոնները հանում են, այսինքն՝ ոչ մի պլաստիկ շիշ, ալյումինից, փայտից, ապակուց առարկա, որը հնարավոր է վերամշակել, չեն տանում աղբավայր։ Արդյունքում մնում են օրգանական թափոնները, որոնց տեղում կոմպոստացումը անվտանգ է և չի ենթադրում ծխի անջատում»,- ասաց Պետրոսյանը։

Արբանյակից նկարած այս պատկերներում երևում է, թե որքան է մեծացել աղբավայրի ընդհանուր մակերեսը։ Ձախ կողմում 2002 թվականին արված նկարն է, իսկ աջում՝ 2018-ին։

Գյումրիում աղբահանությամբ զբաղվում է «Գյումրու կոմունալ ծառայություն» Համայնքային հիմնարկը։ Կառույցի ղեկավար Վարդգես Սամսոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նոր տրակտոր ձեռք բերելուց հետո ավելի հաճախ են հարթեցման և հողապատման աշխատանքներ անում։

Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ անցյալ տարի աղբավայրում ստուգումներ է իրականացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Եկան և ստուգեցին՝ արդյոք ծուխը բնակիչների համար վտանգ ներկայացնում է, թե ոչ։ Պարզեցին, որ նորմերը ցածր են, վնասակարության նորմերին համապատասխան»,-ասաց Սամսոնյանը։

Սակայն, Սամսոնյանի նշած ստուգումների մասին մեր հարցմանը Ընդերքի տեսչական մարմինը տվեց այլ պատասխան։

 « Տեսչական մարմնի կողմից աղբավայրում իրականացվել է մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի նմուշառում և պարզվել է, որ թվով երեք վնասակար նյութեր գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները՝ մասնավորապես թերայրումից անջատված ածխածնի օքսիդ, ֆենոլ և ամոնիակ: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքային աղբավայրի կառավարումը վերապահված չէ որևէ կազմակերպության»,- ասված է հարցման պատասխանում։

Ասվածից հետևում է, որ աղբավայրից ամեն օր արտազատվող ծուխն, իսկապես, թունավոր է, քանի որ և՛ ֆենոլը, և՛ ամոնիակը չափազանց վտանգավոր են առողջության համար։

Պարզ չէ, թե, օրինակ, Վիկտորյայի, Արայի և նրանց ընտանիքի անդամների վրա որքան է ազդել այս ծուխը, քանի որ նման հետազոտություններ չեն իրականացվել։

Պետրոսյանի խոսքով, եթե մոտ ապագայում Հայաստանում չսկսեն աղբը տեսակավորել և վերամշակել, ապա օրեցօր ավելացող սպառումն ուղղակի ստիպելու է իշխանություններին անընդհատ նոր աղբավայրեր ստեղծել, ինչն էլ խնդրի լուծում չէ։

Մինչ Գյումրու քաղաքային իշխանությունները սպասում են ծրագրերի իրականացմանը, իսկ մասնագետներն ահազանգում են առողջապահական ռիսկերի մասին, Մուշ և Ռանչո թաղամասերում ապրողները, որոնց թիվը, մեր հաշվարկներով, մոտ 5000 է, ամեն օր ստիպված են շնչել թունավոր օդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter