HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջուր կա, բայց պոմպը չի աշխատում. 35 հա հող մնացել է առանց ոռոգման

Ոռոգման սեզոնը նոր է սկսվել, սակայն Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի հողատերերն արդեն չեն կարողանում ոռոգել իրենց մոտ 35 հա հողատարածքները և լուրջ վնասներ են կրում:

Գյուղի հողամասերի մի մասը ոռոգվում է պոմպակայանների միջոցով: Ապրիլի կեսերին «Էջմիածին» ՋՕԸ-ի աշխատակիցները միացրել են 2-րդ պոմպակայանը, սակայն, մոտ մեկ ժամ աշխատելուց հետո շարժիչը տաքացել է: Աշխատակիցները շարժիչն անջատել ու հեռացել են՝ խոստանալով նոր շարժիչ տեղադրել: Գյուղացիները մոտ մեկ ամիս է՝ սպասում են նոր շարժիչի տեղադրմանը:

Հողամասերից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող ջրանցքից նույնիսկ չեն կարողանում ջուր վերցնել:

«Այս տարի մենք ջուր չենք ստացել: Նասոսը ոնց դրել են, ըտենց էլ մնացել ա: Միացրել են, ջուր չհանեց, անջատեցին ու գնացին»,- ասում է Պավլուշ Հովհաննիսյանը և ձեռքի ափի մեջ ցույց տալիս արդեն թառամած առվույտը:

Զրուցակիցս պատմեց՝ գյուղացիներին որոշ չափով «օգնել» է անձրևը, հակառակ դեպքում, թե' ցորենի, թե' առվույտի դաշտերն ամբողջությամբ կչորանային: Նա դույլով է ջրում խաղողի նոր տնկած վազերը, որպեսզի փրկի չորացումից:

«Ես դույլով ինչքա՞ն այգի ջրեմ: Հեսա կգա փողերը հավաքելու ժամանակը, իրար հետևից կգան գյուղ, բայց հիմա մեկը չի գալիս, չի հարցնում՝ գյուղացի, պոմպ չունես, ո՞նց ես հողդ ջրում»,- հավելեց Պ. Հովհաննիսյանը:

Նշենք, որ նույն պոմպակայանը տարիներ շարունակ փաստի առաջ է կանգնեցրել գյուղացիներին: «Հետք»-ը դեռ նախորդ տարի էր գրել այդ մասին: Մեկ տարի անց, դարձյալ նույն վիճակն է: Այդ տարածքում գյուղացիների մի մասը հրաժարվել է հող մշակելուց՝ ոռոգման ջրի պատճառով:

«Էջմիածին ՋՕԸ»-ի տնօրենի պաշտոնակատար Արման Ղալեչյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր իմանալով՝ տարիներ շարունակ նույն պոմպն է աշխատել և նույն հզորությամբ: 

Գյուղացիները հակադարձում են, թե ամեն տարի պոմպը փչանում է, նոր շարժիչ են բերում ու կրկին վատը: Պավլուշ Հովհաննիսյանը ցույց տվեց, որ եռակցման միջոցով ՋՕԸ-ի աշխատակիցները նույնիսկ ավելի փոքր տրամաչափի խողովակ են կցել, որպեսզի ջուր քիչ դուրս գա, պոմպը դիմանա, բայց էլի անօգուտ:

«Ես ցանկացել եմ խնդրին հիմնովին լուծում տալ՝ փոխենք և պոմպը, և շարժիչը միաժամանակ: Արտակարգ դրության պայմաններում, պահեստները փակ են եղել, չենք կարողացել նորը գնել»,- ասում է Արման Ղալեչյանը:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ արդեն գտել են վաճառողին, ով անհատ է, պայմանավորվել են գնել պոմպը, սակայն մտածում են, թե ինչպես ձևակերպեն գնումը, որպեսզի խախտում չլինի:

Ա. Ղալեչյանի խոսքերով՝ այդ տարածքում մոտ 45 հա անմշակ հող կա, և պոմպը փոխելով ուզում են նաև չմշակվող հողերը մշակովի դարձնել:

«Արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, մոտ 2-3 օրվա ընթացքում նոր պոմպը կտեղադրենք»,- հավելեց Ա. Ղալեչյանը:

Մինչ ՋՕԸ-ում մոտ մեկ ամիս մտածում են, թե ինչպես հարցը կարգավորեն, ֆինանսապես կայուն վիճակում գտնվող գյուղացիները որոշել են ինքնուրույն հարցը լուծել՝ հույս չդնելով ՋՕԸ-ի վրա: Նրանցից մի քանիսը փոքր պոմպեր են տեղադրել, երկար խողովակներով ջուրը հասցրել իրենց հողատարածքներ։ Սակայն, ոչ բոլորը նման հնարավորություն ունեն, և այստեղ դարձյալ տուժում են ֆինանսապես վատ վիճակում գտնվողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter