HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ. «Կարեւոր է՝ արտոնյալ վարկերը տրամադրվեն ոչ թե 24, այլ 36 ամսով և առնվազն 12 ամիս արտոնյալ ժամկետով»

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր հանդիպել է տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ, քննարկել են ոլորտում ծագած խնդիրները, որոնք առաջացել են համավարակի պատճառով, առաջարկվող լուծումները։

Հանդիպման մեկնարկին Էնֆիաջյանը նշեց, որ համավարակի պայմաններում ամենազգայուն կամ վնաս կրված ոլորտներից մեկն էլ տուրիզմն է, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի պնդմամբ՝ եթե ցանկանում են զբոսաշրջության ոլորտում Կառավարության միջոցառումները լինեն նպատակային եւ հասցեական, ապա պետք է ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնել։ Նրա պնդմամբ՝ ֆեդերացիան առաջարկներ է փոխանցել Կառավարությանը։ Ապրեսյանը ներկայացրեց առաջարկություններից մի քանիսը։ Իր ելույթի սկզբում նշեց, որ ոլորտի տնտեսվարողները 100 %- ով զրկված են եկամուտներից, սակայն ունեն պարտավորություններ՝ հարկային, վարկային, ունեն բիզնեսը, աշխատատեղերը պահպանելու հրամայական, ինչպես նաեւ պետք է կարողանան օգտվել իրավիճակից ծագող հնարավորությունից։ Անդրադառնալով Կառավարության առաջարկած աջակցության առաջին ծրագրին նա նշեց.

«Եթե դիտարկում ենք Կառավարության կողմից առաջ քաշած միջոցառումները, ապա դրանցից առաջինը, որը թվում էր պետք է լինի օգտակար, ըստ էության՝ զբոսաշրջության համար կարծես թե նախատեսված չէ։ Հիմնական եկամուտների վերականգնումը կլինի հաջորդ տարվա ապրիլից, լավագույն դեպքում այս տարվա ամառվա վերջից կարող են սկսել վերականգնել այցելությունները, սակայն հիմնական եկամուտները չեն ապահովի։ Հետեւաբար եթե մենք օգտվենք էդ վարկային միջոցներից, ապա չենք կարող մարել, որովհետեւ երկու տարի ժամկետը բավարար չէ, եւ կարեւոր է, որ արտոնյալ վարկերը տրամադրվեն ոչ թե 24, այլ 36 ամսով եւ առնվազն 12 ամիս արտոնյալ ժամկետով»,- նշեց Ապրեսյանը։

Երրորդ միջոցառման մասին ասաց, որ դրանում եւս պետք է փոփոխություններ լինեն։ Ըստ նրա՝ լավագույն միջոցառումը կլինի ոչ թե փոփոխությունների տեսքով, այլ նոր աջակցության ծրագրի ներդրմամբ, քանի որ կան այնպիսի բիզնեսներ, որոնք չունեն մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն, օրինակ՝ նոր ստեղծվածները։

«Զբոսաշրջության ոլորտում շրջանառության համար չպետք է որեւէ սահմանափակում լինի», - հավելեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։

Ըստ նրա՝ ներդումներ կատարած մի շարք կազմակերպություններ այսօր սնանկացման եզրին են, եւ բանկերը պետք է իրատեսական վարկային արձակուրդ տրամադրեն, որը կունենա ողջամիտ ժամկետ, մյուս տարբերակն էլ արտոնյալ վարկային միջոցները վարկային պարտավորությունների մարմանն ուղղելն է. «Եթե մենք թույլ ենք տալիս, որ արտոնյալ վարկային միջոցներն ուղղվեն առկա վարկային պարտավորությունների մարմանը, նշանակում է դրանով փրկում ենք զբոսաշրջության ոլորտը եւ բանկային համակարգը։ Սահմանափակում չպիտի լինի արտոնյալ վարկերի օգտագործման համար»։

Նրա պնդմամբ՝ 8-րդ ծրագրի շրջանակում, որպես բազային եռամսյակ, պետք է ընդունել 3-րդ եռամսյակը 4-րդի փոխարեն, քանի որ այն զբոսաշրջության համար ամենաեկամտաբեր շրջանն է, եւ հարկեր եւս շատ են վճարում, ուստի միանվագ օգնության չափը փոքր-ինչ կավելանա։

Քննարկամն ընթացքում ելույթով հանդես եկավ «Անռիվա-տուր» ընկերությունների ղեկավար Հռիփսիմե Ստամբուլյանը, որի պնդմամբ՝ Կառավարության ծրագրերը ողջունելի են, բայց շատերը չեն կարողանում օգտվել, չեն կարողանում վարձավճարները տալ, աշխատատեղերը պահպանել. «Ցավով պետք է ասեմ, որ շատերն արդեն փակվել են, ավիաընկերությունները եւս չեն կարողանում օգտվել աջակցությունից, ցավոք սրտի, հույս չունենք, որ հունիսին եւս թռիչքներ կիրականացնեն»։

Ըստ Ստամբուլյանի՝ լուրջ խնդիր է աշխատատեղերի պահպանումը, քանի որ ոլորտում աշխատողները կարող են զրկվել եւ աշխատողներից, եւ ներդրումներից, եթե չտրամադրվի այնպիսի աջակցություն, որի կարիքն ունի տուրոլորտը»,- նշեց նա։ Հավելեց, որ կարեւոր է, թե ինչպես են կատարվելու թռիչքները, եւ ինչպես են կարգավորվելու գործընթացները, դրանց շրջանակում նաեւ կորոնավիրուսով վարակված ուղեւորի մեկուսացումը։

Իսկ «Ֆայվ սթարս գրուպ» ընկերության ներկայացուցիչ Եղիշե Թանաշյանը խոսեց զբոսավարների մասին, նշեց, որ նրանք ամենից տուժվածներն են։ Ըստ նրա՝ բավականին դժվար է լինելու զբոսավարներին հետագայում այլ ոլորտներից հետ բերելը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter