
10 հազար դրամ տուգանք՝ բացօթյա տարածքում դիմակ չունենալու համար. ԱԺ-ն հետադարձ ուժ տվեց նախկինում կիրառված ակտերին
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով սահմանվում է 10 հազար դրամ տուգանք բացօթյա տարածքում դիմակ չունենալու համար:
Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով՝ սահմանվում է ազատ տեղաշարժի պայմանները խախտելու համար 10 հազար դրամին համարժեք տուգանք, իսկ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու տուգանքի չափը մնում է նույնը՝ 100 հազարից մինչև 250 հազար դրամ:
Փոխնախարարի խոսքով՝ նախագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ժամանակ պատգամավորներից առաջարկներ են ստացվել, որոնք ընդունվել են: Առաջարկվում է հետադարձ ուժ կիրառել նախկինում 100 հազար դրամ տուգանք կիրառված դեպքերի վրա:
«Եռամյսա ժամկետում ոստիկանությունը կվերանայի այդ դատական ակտերը և կսահմանի 10 հազար դրամ վարչական պատասխանատվություն: Անձինք, ովքեր վճարել են սահմանված տուգանքը, նրանց հետ կվերադարձվի տաս հազարից ավելի վճարված գումարը»,- ասաց փոխնախարարը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նախագիծը միտված է սահմանափակումների համաչափ պատժաչափ սահմանելուն:
«Նպատակը ոչ թե այս կամ այն ֆիզիկական անձի գրպանը մտնելն է, այլ համավարակը կանխելը»,- ասաց նա:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն՝ 87 կողմ ձայնով:
Մեկնաբանել