HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում կորոնավիրուսից բուժծառայողների մահացությունը 16 անգամ ավելի բարձր է, քան կորոնավիրուսով առաջատար մյուս երկրներում

Ռուսաստանում կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ, մահացել է 186 բուժծառայող, ինչը նշանակում է, որ COVID-19 կորոնավիրուսից մահացած բուժծառայողների թիվը միջինում 16 անգամ ավելի բարձր է, քան վարակվածության համանման ցուցանիշներ ունեցող այլ երկրներում։ Այդ մասին գրում է «Медиазона»-ն։

Որպես հիմք լրագրողներn ընդունել են «Список памяти» նախագիծը, որը կազմել են ռուս բժիշկները։ Այստեղ ներառված են այն բուժաշխատողների անունները, որոնք մահացել են կորոնավիրուսի համավարակի արդյունքում։ Մայիսի 18-ի դրությամբ ցանկում ներառված է եղել 222 անուն, իսկ մեկ օր անց՝ արդեն 241։ «Медиазона»-ն ցանկից բացառել է 19 դեպք․ այլ երկրներից 6 բժշկի, 7 բուժծառայողի, որոնք չեն աշխատել կորոնավիրուսի համավարակի պայմաններում և վեց այլ բժշկի, որոնց մահը կապված չէ կորոնավիրուսի հետ։ Մնացած 203 դեպքերի պարագայում լրագրողները հաստատել են, որ COVID-19 կորոնավիրուսից մահացել է 165 բուժծառայող, 38-ի մասին տեղեկատվություն չի հայտնաբերվել։

Մասնավորապես, նախագծի կայքից պարզ է դառնում, որ միայն Դաղստանում կորոնավիրուսից մահացել է 34 բուժծառայող։ Հանրապետության առողջապահական գերատեսչության ղեկավար Ջամալուդին Հաջիիբրահիմովը հայտարարել է, որ թոքաբորբից և կորոնավիրուսից Դաղստանում մահացել է ավելի քան 40 բուժծառայող, այդ իսկ պատճառով «Медиазона»-ն Դաղստանի բոլոր դեպքերը համարել է հաստատված։ Այդուհանդերձ, Ռուսաստանի կազմում գտնվող հանրապետության առողջապահության նախարարությունը պնդում է, որ ավելի քան 40 բուժծառայող մահացել է ոչ միայն թոքաբորբից և կորոնավիրուսից։ Լրագրողները գտել են տեղեկատվություն ևս 8 ռուս բժշկի մասին, որոնք ավելի վաղ չեն եղել ցուցակում։

Բուժծառայողների մահացության ցուցանիշներով առաջին չորս հորիզոնականները զբաղեցնում են Մոսկվան, Մերձմոսկվան, Դաղստանը և Սանկտ Պետերբուրգը։ Մահացածների կեսը կրտսեր և միջին օղակի բուժանձնակազմի ներկայացուցիչ է։ Ամենից հաճախ կորոնավիրուսից Ռուսաստանում մահանում են բուժքույրերը և բուժեղբայրները։ Միայն մայիսի 18-ին մահացել է 38 բուժծառայող։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 2 772 մարդ։ Ստացվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած յուրաքանչյուր 15-րդ անձը բուժծառայող է, ինչը կազմում է մահացածների ընդհանուր թվի 7 %-ը։ Այս թիվը միջինում 16 անգամ ավելի բարձր է, քան Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Իրանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Իսպանիայում, որոնք վարակվածության ցուցանիշներով մոտ են Ռուսաստանին։

Վերջին տվյալներով` Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 299 941 դեպք։ Մահացածների թիվը հասել է 2 837-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 76 130-ի։

Լուսանկարը՝ «Bloomberg» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter