
Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք, մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարետատան մարտավարությունը և ռազմավարությունը ընդհանուր առմամբ եղել է հետևյալը՝ կորոնավիրուսի առկայությամբ սովորել ապրել բնականոն կյանքով, կամ շատ թե քիչ բնականոն կյանքով, կամ հնարավոր ամենաբնականոն կյանքով:
Ըստ տարածված հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընդհանուր դինամիկային, վարակված անձանց առողջական վիճակին, կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին:
Նշվել է, որ թեստավորման ծավալներն ավելացնելու արդյունքում հնարավոր է դարձել վարակման դեպքերը հնարավորինս վաղ հայտնաբերել, բուժման արդյունքում չթողնելով, որպեսզի հիվանդների մոտ առողջական վիճակի վատթարացում տեղի ունենա:
Նիստում քննարկման առարկա են դարձել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքներին, մասնավորապես, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, վերահսկողության մեխանիզմներին և այլ հարցերի:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղության խիստ վերահսկողության իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ:
Մեկնաբանել