HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Զվարթնոցի» հնարավոր անվանափոխությունը հակասում է գործող օրենսդրությանը

Վերջին օրերին համացանցում քննարկվում է «Զվարթնոց» օդանավակայանը շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու հարցը: Մի մասը կողմ է, որ Հայաստանի գլխավոր օդային դարպասները կրեն հայազգի գործչի անունը, մի մասն էլ դա ճիշտ չի համարում:

Այս տարվա հունվարին Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրն է եւ հոգաբարձուների խորհրդի նախագահը, նամակով դիմել է վարչապետ Փաշինյանին: Մայիսի 18-ին հիմնադրամը ներկայացրել է իր եւ Ն. Ազնավուրի դիրքորոշումը քննարկվող հարցի շուրջ, որն առաջին անգամ բարձրացվեց 2018-ին՝ մեծ շանսոնյեի մահից հետո: Ահա հատված այն նամակից, որը Ն. Ազնավուրն ուղարկել է Ն. Փաշինյանին:

«2018 թվականին, երբ հայրս հեռացավ կյանքից, մենք տեղեկացվել էինք այն մասին, որ անվանափոխությանն ուղղված մեծ արշավ է սկսվել, եւ «Ազնավուր» հիմնադրամն էլ բազում նամակներ էր ստանում դրա հետ կապված։ Մեր ընտանիքը սգի մեջ էր, եւ այդ օրերին մենք որեւէ կերպ չենք արձագանքել նմանօրինակ նամակներին ու հայտարարություններին։ Վերջերս, սակայն, տեղեկացանք, որ հունվարի 11-ից նույն նախաձեռնության նոր ալիք է բարձրացել. լրատվամիջոցներում եւ սոցիալական մեդիայում բուռն քննարկվում է առաջարկը ու քվեարկության դրվում՝ պարզելու հանրության վերաբերմունքն այդ հարցի շուրջ։ Ուսումնասիրելով լրատվամիջոցների հրապարակումները, քննարկումներն ու այլ հայտարարություններ հարցի շուրջ՝ մեզ համար պարզ դարձավ, որ մարդիկ շատ դրական են վերաբերվում անվանափոխությանը, բայց ունեն նաեւ համակրանք եւ մեծ կապվածություն «Զվարթնոց» անվան հետ։ Այդ իսկ պատճառով կարծում ենք, որ լավագույն տարբերակը կարող է լինել օդանավակայանը կոչել «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան»։ Աշխարհում նման ձեւաչափով անվանակոչման բազում օրինակներ կան, մասնավորապես՝ Փարիզի Շառլ դը Գոլը, Շերեմետյեվոյի Պուշկին միջազգային օդանավակայանը, Հռոմ-Ֆյումիչինո «Լեոնարդո դա Վինչի» միջազգային օդանավակայանը, Վարշավայի Ֆրեդերիկ Շոպեն օդանավակայանը, Ռիո դե Ժանեյրոյի Անտոնիո Կառլոս Ջոբիմ/Գալեաո միջազգային օդանավակայանը, Հումբերտո Դելգադոյի անվան Լիսաբոնի օդանավակայանը, Բարսելոնայի Ժոզեֆ Թարադելլասի օդանավակայանը եւ այլն»,- հայտնել է Նիկոլա Ազնավուրն ու հավելել, որ իր ընտանիքի անդամները՝ որպես Ազնավուրի անվան հեղինակային իրավունքի կրողներ, պատրաստակամ են աջակցել օդանավակայանի անունը շանսոնյեի անունով համալրելու նախաձեռնությանը:

«Մենք վստահ ենք, որ նոր անունն է՛լ ավելի մեծ միջազգային հետաքրքրություն կբերի Հայաստանին՝ օգնելով աշխարհում Հայաստանի առաջխաղացմանը»,- եզրափակել է Ազնավուրի որդին, իսկ «Ազնավուր» հիմնադրամը շեշտել է, որ Նիկոլա Ազնավուրը ոչ թե դիմել է օդանավակայանը անվանափոխելու կոչով, այլ հայտնել է ընտանիքի դրական դիրքորոշումն այդ հարցի շուրջ: «Ազնավուր ընտանիքը կարեւորում է հանրային կարծիքը եւ ցանկանում շեշտել, որ նման հարցի լավագույն հանգուցալուծումը կլինի հին անվանման զուգակցումը նորի հետ՝ միջազգային փորձին հետեւելով»,- հայտնել է հիմնադրամը:

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր հերթին մայիսի 18-ին ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ կառավարությունը դիմել է ՀԽ-ին՝ «Զվարթնոցի» անվանումը Ազնավուրի անունով համալրելու հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու համար: Սաֆարյանը նշել է, որ ՀԽ անդամներից զատ՝ միաժամանակ կարեւոր է լսել հանրության տեսակետը թեկուզ սոցցանցերի օգնությամբ: Արձագանքները բազմաթիվ են՝ դրական, բացասական, չեզոք:

Եթե մի կողմ թողնենք զգացմունքային կողմը, որով գրեթե յուրաքանչյուր հարցի շուրջ հեղեղված է ամբողջ սոցիալական հարթակը, եւ անդրադառնանք փաստական կողմին, ապա պետք է ասենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը անվանափոխելուց առաջ (անվան համալրումը օրենսդրության տեսանկյունից եւս անվանափոխություն է) անհրաժեշտ է հետեւել օրենսդրության պահանջներին:

Ի՞նչ է ասում օրենսդրությունը

Միանգամից նշենք, որ այս առումով ՀՀ օրենսդրությունը որոշակի շփոթություն է առաջացնում: Այսպես՝ գոյություն ունի «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքը, որը հստակ նշում է, թե ինչ ասել է աշխարհագրական օբյեկտ: Այդպիսին են համարվում, մասնավորապես՝

-երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները եւ այլ ինժեներատեխնիկական կառույցները,
-փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները եւ այլ պատմաճարտարապետական կառույցները եւ ներբնակավայրային օբյեկտները:

«Զվարթնոցը» տեղավորվում է թե՛ առաջին, թե՛ երկրորդ կետի մեջ, քանի որ որպես օդանավակայան եւ՛ ինժեներատեխնիկական, եւ՛ պատմաճարտարապետական կառույց է, մյուս կողմից՝ այն նաեւ ներբնակավայրային օբյեկտ է, քանի որ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով մտնում է Երեւան քաղաքի վարչական տարածքի մեջ: Իր հերթին օրենքն ասում է, որ չի տարածվում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի վրա: ՏԻՄ-երն առաջնորդվում են կառավարության 2005 թ. որոշմամբ, որը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ քաղաքային եւ գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչմանն ու անվանափոխմանը: Բայց այս որոշման սկզբում էլ նշվում է, որ այն սահմանում է բնակավայրերում պողոտաների, փողոցների, նրբանցքների, անցուղիների, փակուղիների, հրապարակների, ինչպես նաեւ հասարակական օգտագործման տարածքների՝ զբոսայգիների, պուրակների, ծառուղիների (այսուհետ` ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ) անվանակոչման, անվանափոխման կարգը: Ինչպես տեսնում ենք, օդանավակայան բառն այստեղ չկա, չնայած «Զվարթնոցը» աշխարհագրական օբյեկտ է ու Երեւանի շրջագծում է:

Անկախ նրանից՝ «Զվարթնոցի» անվանափոխությունը կարող է կատարվել օրենքով, թե կառավարության որոշմամբ, դրանցում պայմանները նույնն են: Աշխարհագրական օբյեկտների անվանափոխումը թույլատրվում է 3 դեպքում. ա) դրանց պատմական անունները վերականգնելիս, բ) օտար, անբարեհունչ եւ կրկնվող անունները վերացնելիս, գ) դրանց անվանումները կանոնավորելիս: Հասկանալի է, որ «Զվարթնոցին» Ազնավուրի անունն ավելացնելը չի տեղավորվում օրենսդրության այս պահանջներում:

Եթե «Զվարթնոցն» ընդունենք որպես ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ, ապա կառավարության որոշումն ասում է, որ ականավոր որեւէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 10 տարի հետո: Ազնավուրը մահացել է 2 տարի առաջ: Ընդ որում՝ մինչեւ 2005-ին կառավարությունը կընդուներ այս որոշումը, Ազնավուրի անունով նրա կենդանության օրոք (2000-ականների սկզբին) հրապարակներ են անվանակոչվել Երեւանում ու Գյումրիում: Իսկ եթե ընդունենք, որ օդանավակայանն, այդուհանդերձ, ներբնակավայրային օբյեկտ չէ, ապա «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքն անվանակոչման համար նշում է առնվազն 5 տարի ականավոր անհատի մահվանից հետո: Բնականաբար, մեկը կարող է ասել, թե խոսքը ոչ թե անվանակոչման, այլ անվանափոխության մասին է (ինչպես ասացինք, անվան համալրումը, ինչն առաջարկվում է անել, նույնպես անվանափոխություն է): Բայց «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքը նշում է, որ աշխարհագրական օբյեկտների անվանափոխումները պետք է բավարարեն անվանակոչման մասին կետերի պահանջներին, այն է՝

-անվանակոչումը կատարվում է տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային եւ այլ տեղական պայմանները հաշվի առնելով,
-աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել դրանց հայտնաբերման, ուսումնասիրման, յուրացման կամ հիմնադրման գործում մեծ ավանդ ներդրած առանձին անհատների անունները: Տվյալ աշխարհագրական օբյեկտի հետ առնչություն չունեցող նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների անունով կարող են անվանակոչվել անանուն աշխարհագրական օբյեկտները («Զվարթնոց» օդանավակայանն անանուն չէ):

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ օդանավակայանի՝ աշխարհագրական օբյեկտի անվանափոխությունը թե՛ օրենքով, թե՛ կառավարության որոշմամբ հստակ կանոնակարգված է, եւ Ազնավուրի անունը դրան ավելացնելը առկա օրենսդրությանը չի համապատասխանում: 

Բնականաբար, մեծ ցանկության դեպքում կարելի է փոխել օրենսդրությունը (այլ կերպ ասած՝ այն հարմարեցնել ցանկություններին), սակայն մեկ կամ մի քանի դեպքի համար դա անելը մեղմ ասած ճիշտ չէ, ու դա կլինի նախադեպային արատավոր պրակտիկա:

«Զվարթնոցի» փոխարեն՝ «Շիրակ»

«Հետքը» փոքր հարցում է անցկացրել ավիատորների եւ ավիացիայով հետաքրքրվող անձանց միավորող ֆեյսբուքյան խմբերից մեկում՝ հարցնելով, թե արդյոք օգտատերերը կողմն են, որ «Զվարթնոցը» կոչվի Շառլ Ազնավուրի անվան: «Ոչ» տարբերակի օգտին քվեարկածները կրկնակի շատ են: Դատելով Հանրային խորհրդի գրառման տակ առկա մեկնաբանություններից՝ Հայաստանի գլխավոր օդանավակայանի անունը որեւէ կերպ չփոխելու/չհամալրելու կողմնակիցները ավելի շատ են, քան այդ գաղափարի օգտին արտահայտվողները:

Զուգահեռ շրջանառվել է տարբերակ, թե եթե խոսքը միջազգային հետաքրքրության ու հանրահռչակման մասին է, ապա ավելի լավ է Ազնավուրի անունով կոչել Գյումրու «Շիրակը», որը ՀՀ երկրորդ միջազգային օդանավակայանն է: Բայց նկատենք, որ այս դեպքում էլ օրենսդրական նույն պահանջներն են գործում, ինչ «Զվարթնոցի» դեպքում:   

Եթե մի պահ վերանանք օրենսդրության պահանջներից, ապա անվանափոխությունն ինքնին սարսափելի բան չէ, բայց այն պիտի ունենա կոնկրետ նպատակ: «Զվարթնոց» անունը միջազգային բրենդ է դեռ 1980-ականներից եւ այն հանրահռչակման կարիք իսկապես չունի: Գուցե նույնը չկարողանանք ասել Գյումրու «Շիրակի» մասին, սակայն նախկինում «Լենինական», ապա «Գյումրի» կոչվող օդանավակայանը, որը 1995-ից կրում է «Շիրակ» անունը, իրականում ոչ թե անվանափոխության, այլ առաջին հերթին ենթակառուցվածքային առումով ժամանակակից պահանջներից հետ չմնալու խնդիր ունի, գումարած դրան՝ ավիափոխադրողների համար Գյումրին գրավիչ կետ կետ դարձնելու հարցը, որը մինչ օրս գործնական լուծում չի ստացել:      

Եթե շատ հեռու չգնանք ու անդրադառնանք մեր հարեւաններին՝ Վրաստանին ու Ադրբեջանին, պիտի ասենք, որ, օրինակ, Վրաստանը նոր անուններ է տվել իր 3 հիմնական օդանավակայաններին: Թբիլիսիի կառույցը, որը գլխավորն է Վրաստանում, կրում է հայտնի մտածող, գրող Շոթա Ռուսթավելու անունը, Քութայիսի օդանավակայանն ստացել է Դավիթ Շինարար թագավորի անունը, իսկ Բաթումի օդանավակայանը կրում է ազգությամբ վրացի ամերիկացի հայտնի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Քարթվելիի անունը: Ադրբեջանն իր հերթին անվանակոչումն արել է ոչ թե պատմական հիմքով ու ժառանգությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ: Բաքվի «Բինա» օդանավակայանը 2004-ին անվանափոխվել է՝ ստանալով նախագահ Իլհամ Ալիեւի հոր՝ նախկին նախագահ Հեյդար Ալիեւի անունը: Ավելին՝ IATA-ի համակարգում փոխվել է նաեւ օդանավակայանի BAK կոդը՝ դառնալով Հ. Ալիեւի անունով՝ GYD: Կոդի փոփոխությունն, ի դեպ, մեծ պրոցես է, քանի որ դա նշանակում է, մասնավորապես, փոփոխություններ այդ օդանավակայանին առնչվող բոլոր չվացուցակներում:

Ինչպես ծնվեցին «Զվարթնոց» եւ «Էրեբունի» անվանումները 

1971-1987 թթ. քաղավիացիայի հայկական վարչության պետ Դմիտրի Աթբաշյանն իր անտիպ գրքում պատմում է, թե ինչպես Երեւանի 2 օդանավակայաններն ստացան իրենց ներկա անունները: Ավիատորը հիշում է, որ պարբերաբար վարչությունը բողոքներ էր ստանում այլ քաղաքների բնակիչ ուղեւորներից այն մասին, որ ուշացել են իրենց թռիչքներից շփոթության պատճառով, ինչը, մասնավորապես, հանդիպում էր տաքսիստների շրջանում: Շփոթությունը հետեւանք էր նրա, որ օդանավակայանները աշխարհագրական անուններ էին ստացել՝ «Արեւմտյան» ու «Հարավային»: Երեւանցիները դրանք նաեւ կոչում էին «Փարաքար» ու «Հին»/«Փոքր»: Աթբաշյանը դիմել էր Հայաստանի կոմկուսի կենտկոմին՝ օդանավակայաններն անվանափոխելու համար: Երեւանի առաջին օդանավակայանի՝ «Հարավայինի» համար առաջարկվել էր մայրաքաղաքի հին անունը՝ «Էրեբունի», իսկ «Արեւմտյանի» դեպքում կար 3 տարբերակ՝ «Փարաքար», «Արբաթ» եւ «Զվարթնոց»: Առաջին երկուսը օդանավակայանի հարեւան գյուղերն էին, երրորդը՝ դրա հարեւան պատմական հայտնի հուշարձանը: «Էրեբունու» տարբերակն ընդունվել էր, իսկ երկրորդի դեպքում ընտրվել էր «Զվարթնոց» տարբերակը:

Սակայն ԽՍՀՄ քաղավիացիայի նախարարությունը չէր ընդունել անվանափոխման առաջարկությունը՝ հիմնավորելով, թե դա «թանկ կարժենա»՝ անհրաժեշտ կլինի անվանումները փոխել ոչ միայն թռիչքային քարտեզների վրա, այլեւ չվացուցակներում, տարբեր փաստաթղթերում:

1980 թ. նոյեմբերի 29-ին, երբ շահագործման հանձնվեց «Արեւմտյան» օդանավակայանի ուղեւորային համալիրի (հետագայում հայտնի դարձած որպես «կլոր շենք») առաջին հերթը, Մոսկվայից ժամանել էին նաեւ նախարարության աշխատակիցները՝ առաջին փոխնախարար Պանյուկովի եւ ռեժիմի գծով տեղակալ, ՊԱԿ գեներալ Ռատնիկովի գլխավորությամբ: Աթբաշյանը պատմում է, որ նշվածների եւ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի հետ սպասում էին Կարեն Սերոբիչին կառույցի մուտքի մոտ, որտեղ գրված էր «Արեւմտյան» օդանավակայան: Ըստ Աթբաշյանի՝ Ֆ. Սարգսյանը իրեն նախապես զգուշացրել էր, որ կենտկոմի առաջին քարտուղարը խիստ քննադատելու է իրեն, բայց պիտի դիմանա: Այդպես էլ եղել էր. մեքենայից դուրս գալով՝ Դեմիրճյանը տեսել էր գրությունն ու խիստ վրդովվել. «Ի՜նչ անուն է՝ «Արեւմտյան», լավ է «Western» չես անվանել... քաղաքականապես ճիշտը «Հյուսիսայինն» է. հյուսիսում Ռուսաստանն է՝ Հայաստանի ընկերը... քաղաքականությունից ոչինչ չես հասկանում»:

Հետո նախարարի տեղակալները Աթբաշյանից հետաքրքրվել էին, թե ինչու էր զայրացել Դեմիրճյանը, իսկ վերջինիս գնալուց հետո խնդրել էին իրենց ցույց տալ Զվարթնոց հուշարձանը: Էքսկուրսիայի ժամանակ Ռատնիկովը հարցրել էր, թե ինչ է նշանակում Զվարթնոց անունը, ինչին ուղեկցորդուհին տվել էր կրոնական բացատրություն: Աթբաշյանը պատմում է, որ աթեիստ Ռատնիկովն այլայլվել էր դրանից, սակայն ինքը միջամտել էր՝ ասելով, թե աղջիկը ճիշտ չի բացատրում, անունը կապ ունի «զվարթ» բառի եւ հայ կնոջ Զվարթ անվան հետ, որոնք ուրախ իմաստ ունեն...

Սրանից մեկ ամիս անց Մոսկվայից թույլտվություն ստացվեց օդանավակայանները անվանափոխել. «Արեւմտյանը» դարձավ «Զվարթնոց», «Հարավայինը»՝ «Էրեբունի»: Այս անունները ամրագրվել են նաեւ ICAO-ի կոդերում: «Զվարթնոցի» կոդը UDYZ է, որտեղ UD-ը Հայաստանի կոդն է, Y-ն՝ Երեւանը, Z-ն՝ «Զվարթնոցը», օդանավակայանը ունի նաեւ IATA-ի կոդ՝ EVN, այսինքն՝ Երեւան: «Էրեբունու» ICAO-ի կոդը UDYE է, որտեղ E-ն նշանակում է «Էրեբունի»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter