HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անօթևանների կացարանի գվինեացի բնակիչը․ «Ես սիրում եմ Հայաստանն ու ուզում եմ հայ դառնալ»

Վարդաշենի անօթևանների կացարանը մարդաշատ է: Ադբուլը աչքի է ընկնում անմիջապես: Անընդհատ ինչ-որ գործով է զբաղված: «Աբդուլ` օգնիր իջեցնենք սա»: «Աբդուլ, արի իրերը բարձրացրու», «Աբդուլ, սա խոհանոց տար», «Աբդուլ,…»: Աբդուլը բոլորին օգնում է, գլուխ չի պահում, ոչ մեկին չի մերժում:

Սիլա Աբդուլայը, որին բոլորը Աբդուլ են անվանում, 27 տարեկան է: Երկու տարի է Հայաստանում է ապրում` Վարդաշենի անօթևանների կացարանում: 

2018թ. օգոստոսի 8-ին Աբդուլը լքել է հարազատ Գվինեան, հասել Իրան: Այնուհետև, ինչպես ինքն է պատմում, ոտքով անցել է Արաքս գետը և հայտնվել հայկական կողմում:

Բայց մինչ Հայաստան հասնելը Աբդուլի կյանքում ծանր իրադարձություններ են եղել, ինչը դրդել է նրան լքել հայրենիքը:

Աբդուլը պատմում է, որ բազմակնությունը չարիք է իր երկրում, քանի որ հաճախ հոր մահից հետո կանայք և երեխաները համաձայնության չեն գալիս, և սկսում են մեկը մյուսին հալածել ու ոչնչացնել: Հայրը 3 կին է ունեցել, նրա մահից հետո երեք կանայք իրար հետ անհաշտ են եղել, սրված հարաբերություններ են ունեցել նաև երեխաները: Հոր առաջին կինը 4 երեխա ունի, իր մայրը` երրորդ կինն է: Աբդուլը երկու քույր և 1 եղբայր ունի:

Առաջին կնոջ երեխաները փորձել են ստիպել վաճառել իրենց ունեցածքը, այդ թվում՝ հոր թողած փոքր տունը, որտեղ ապրել են իրենք, չնայած առաջին կինն և երեխաներն ավելի մեծ տուն են ունեցել: Աբդուլը մերժել է, և քանի որ տան միակ կրթություն ստացած մարդն է եղել, իր մոտ են եղել տան փաստաթղթերը և ինքն է զբաղվել այդ հարցերով։ Մշտապես վեճերի ու կռիվների մեջ է եղել, հասկացել է, որ կյանքին վտանգ է սպառնում, որովհետև երեք անգամ իր վրա մահափորձ են կատարել: Որոշել է լքել Գվինեան, որպեսզի ավարտվի նաև տան հետ կապված վեճը։

Աբդուլը թողել է հայրական տանը մորը, եղբորը, կնոջն ու երկու երեխաներին (երրորդը ծնվել է իր մեկնելուց հետո): Ընկերոջ հոր միջոցով փորձել է դասավորել փաստաթղթերը և Թուրքիայի վիզա ստանալ, սակայն անձնագիրը ստանալիս տեսել է, որ Իրանի վիզա է փակցված: Կազմակերպիչը խոստացել է Աբդուլին Իրանից հասցնել Թուրքիա, ինչի համար Աբուդլը գումար է վճարել:

Իրանում այն անձը, ով ուղեկցել է Թուրքիա մեկնել ցանկացողների խմբին, գիշերով փորձել է անօրինական անցկացնել սահմանը: Այդ խմբում Բանգլադեշից, Պակիստանից, Աֆղանստանից մարդիկ են եղել, իսկ Աբդուլը` միակ սևամորթը:

«Ասացին` եթե իրենց հետ չշարունակեմ քայլել, ինձ կսպանեն: Շատ էի վախեցած, որովհետև մի խնդիր իմ հետևում թողել էի Աֆրիկայում, հիմա մեկ այլ` նոր խնդրի առաջ էի կանգնում: Ստիպված էի իրենց հետևել, որովհետև` նախ չգիտեի ուր գնալ, մյուս կողմից էլ` ուր վերադառնալ: Շարունակեցինք, և ինչ-որ տեղ հասանք, որտեղ արգելապատնեշտ կար, քայլեցինք, քայլեցինք, հասկացա, որ այդ ճանապարհը, որով գնում էինք օրինական չէ: Առավոտից մինչև գիշերվա 23:00-ն քայլել էինք, մութ էր և լավ չէր երևում շրջակայքը, մի քիչ հետ մնացի, կողքի վրա նստեցի, թողեցի, որ իրենք անցնեն առաջ: Ես այդտեղ էլ նստած գիշերն անցկացրել եմ: Առավոտ 6-ին տեսա, որ գետի ափին մոտ եմ, չուզեցի շարունակել էն ճանապարհով, որ իրենք էին գնացել, ուրիշ ճանապարհ ընտրեցի` օգնություն գտնելու համար, գետի երկայնքով շարունակեցի քայլել և ինչ-որ տեղ, որտեղ խորը չէր, անցա»,- հիշում է Աբդուլը:

Թե կոնկրետ հայ-իրանական սահմանի որ հատվածում է դուրս եկել, Աբուդլը չգիտի: Միայն գիտի, որ մարդկանց է տեսել դաշտում աշխատելիս: Մոտեցել և ուտելու բան է խնդրել, որովհետև նախորդող 2 օրը հաց չէր կերել: Տղամարդկանցից մեկը ժեստերից հասկացել է, որ ուտելու բան է ուզում, ինչ-որ թխվածքներ և ջուր են տվել Աբդուլին և ասել, որ սպասի: «Գաղափար չունեի` որտեղ եմ գտնվում, բայց էլ չէի վախենում»,- հիշում է Աբդուլը: 

Հեռացող մարդը քիչ անց վերադարձել է ոստիկանների հետ: Աբդուլին հարցուփորձ անելուց հետո` սահմանի ողջ երկայնքով ստուգել են` համոզվելու համար, որ այլ անձինք չեն եղել հետը:

«Ասացի, որ եկել եմ օգնություն հայցելու և որ սահմանը դիտավորյալ չեմ հատել, պատահաբար եմ անցել` չիմանալով, որ այդտեղ սահման կա»,- ասում է Աբդուլը:

Աբդուլին տեղափոխել են Երևան, հարցաքննել, ստուգել փաստաթղթերը,  հիվանդանոց ստուգումների տարել, արյան նմուշ վերցրել, և այդ գիշերը նա անցկացրել է հիվանդանոցում: Առավոտյան վերադարձրել են փաստաթղթերը և տեղափոխել Վարդաշենի անօթևանների կացարան, որտեղ մինչ օրս ապրում է Աբդուլը:

Աբդուլը կարծում է, որ իրեն չեն կալանավորել սահմանն ապօրինի հատելու համար, որովհետև հարցազրույցից հասկացել են, որ սահմանը դիտավորյալ չի հատել, պարզապես չի իմացել, որ դա սահման է:

«Հայերն ինձ չէին ճանաչում, ոստիկաններն ինձ չէին ճանաչում, մեր զրույցի արդյունքում, իմ փաստաթղթերը ստուգելուց հետո իրենք համոզվեցին, որ ես դիտավորությամբ չեմ հատել սահմանը, ես լեգալ ձևով էի իմ երկրից դուրս եկել և հասել Իրան: Այդ խմբում մարդիկ կային, որ նույնիսկ որևէ փաստաթուղթ չունեին իրենց մոտ»,- ասում է Աբդուլը:

Աբդուլը մասնագիտություն ունի։ Մաթեմատիկա և ինֆորմատիկա է սովորել Գվինեայի համալսարանում: 7 տարի աշխատել է մեկանգամյա օգտագործման պլաստիկ իրերի պատրաստման գործարանում:

Աբդուլին անօթևանների կացարանը վարսավիություն սովորելու դասընթացների է ուղարկել։ Սովորել, բայց գումար վաստակել չի ստացվել: Աբդուլը պատմում է, որ վարսավիրանոցի պատասխանատուն բոլոր հայ աշակերտներին ուղարկում էր սրահում աշխատելու և փորձառություն ձեռք բերելու, սակայն իրեն չէր ուղարկում, պատճառաբանում էր, որ դեռ ժամանակը չէ, դեռ լեզու չգիտեի և այլն։ Աբդուլը որոշել է դուրս գալ և այլ աշխատանք գտնել, որովհետև երեխաներն իր հոգածության կարիքն են ունեցել:

Այնուհետև բոուլինգի ակումբում է աշխատել: Վատ փորձառություն նույնպես ունեցել է Հայաստանում, երբ աշխատել է, բայց աշխատանքի դիմաց չեն վարձատրել։ Բայց այդ ամենն Աբդուլի համար հիասթափեցնող չի եղել։

«Որտեղից եկել եմ, խնդիրներ ունեմ, իսկ ուր եկել եմ, չնայած դժվարություններին, լուրջ խնդիրներ չկան: Այստեղ ինձ ոչ ոք չի ուզում սպանել, իսկ մնացած խնդիրները փոքր են»,- ասում է նա:

Հիմա աշխատում է Լենինգրադյան փողոցի սուպերմարկետներից մեկում` 80 հազար դրամով: Վաստակած գումարներից նաև մորն է ուղարկում` երեխաների կարիքները հոգալու համար:

Աբդուլն ասում է, որ ընտանիքը թողնելիս չէր մտահոգվել նրանց համար, քանի որ ինքն էր թիրախավորված եղբայրների կողմից: Սակայն իր փախուստից երեք ամիս անց քրոջ վրա են հարձակվել, որից հետո քույրը նույնպես հեռացել է Գվինեայից և մեկնել Եգիպտոս: 2019-ին Գվինեայում քաղաքացիական կռիվներ են սկսվել, ինչի հետևանքով երկրից հեռացել են նաև Աբդուլի մյուս հարազատները։ Երկրորդ քույրը մեկնել է Մարոկո։ Եղբոր գտնվելու վայրը հայտնի չէ։ Մայրն իր երկու երեխաների հետ ապաստանել է Սենեգալում, իսկ փոքր երեխան կնոջ հետ դեռևս Գվինեայում է։

Այս պահին վիճահարույց տանն այլևս ոչ ոք չի ապրում, սակայն դրա սեփականության իրավունքն իրենց ձեռքում է։  

Աբդուլն ուզում է մնալ Հայաստանում, աշխատել և ցանկանում է 2 երեխաներին և մորը տեղափոխել իր մոտ: Պատրաստ է ավելի շատ աշխատել, միայն թե կարողանա ընտանիքին հասցնել Հայաստան։ Այս պահին չգիտե, թե ինչպես է կազմակերպելու նրանց տեղափոխումը, սակայն ասում է, որ պատրաստ է շատ աշխատել, ավելի շատ գումար վաստակել, որ այդ հարցերը կարողանա լուծել:

«Ես ուզում եմ գնամ երկու տեղ աշխատեմ: Բան չունեմ անելու, ուզում եմ գնամ աշխատելու, տուն մնալ չեմ ուզում, միայն գործ լինի, աշխատեմ,- ասում է նա: -Ես կարծում եմ, որ հայերի օգնությամբ կարող եմ էս իրավիճակից դուրս գալ: Ես Հայաստանին պետք է շնորհակալություն հայտնեմ, որովհետև ուր էլ որ գնում ես, երբ դու կիրառում ես քո բազային կրթությունը, քո ծնողների դաստիարակությունը, մարդիկ հասկանում և լավն են վերադարձնում: Ուր էլ որ գնում եմ աշխատելու, ինձ սիրում են, անգամ Վարդաշենի կացարանում, ինձ շատ լավ են վերաբերում»:

Աբդուլն ասում է, որ Հայաստանում 3 ամսով երկարաձգվում է իր դիմումի քննությունը, և ամեն անգամ իրեն պարտավորեցնում են ներկայանալ և համապատասխան փաստաթղթեր ներկայացնել։ Աբդուլը դժգոհ է, ամեն անգամ այդ թղթաբանության պատճառով գործից կտրվում է: Ուզում է գոնե մեկ տարով իրեն կացության իրավունք տան, որ այդ բյուրոկրատական քաշքշուկներից ազատվի և գործից չկտրվի:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը մշտապես ծանուցագիր է ուղարկում նրան՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում ապաստան ստանալու մասին նրա դիմումի վրա հարուցված վարչական վարույթի ժամկետը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Միգրացիոն ծառայության որոշմամբ երկարաձգվել է 3 ամսով։

«Կարող է ծիծաղելի թվալ հայերի համար, բայց ես Հայաստանում եմ և ուզում եմ հայ դառնալ, սիրում եմ Հայաստանը: Եթե անգամ 10 տարի մնամ Հայաստանում անգամ առանց փաստաթղթերի, ոչինչ չի փոխվի: Եթե ինձ այստեղ լավ են վերաբերում, ես կմնամ այս երկրում: Եթե դու փախել ես և քեզ փրկել են, չես կարող երախտամոռ լինել, Հայաստանն ինձ փրկել է: Կուզենայի լավ աշխատանք ունենալ Հայաստանում և օգնել իմ ընտանիքին»,- ասում է Աբդուլը:

Աբդուլն արդեն խոսում է հայերեն, սովորում է գրել և կարդալ։ Սոցիալական ցանցում վերջին հարցուպատասխանի ժամանակ հարցնում եմ, թե ինչպես է դիմակայում կորոնավիրուսային այս իրավիճակին։ Հայերենով էլ պատասխան եմ ստանում․ «Ես միշտ հոգ եմ տանում իմ մասին, որ մենք աղոթենք Աստծուն, որ իմ սիրած Հայաստանի երկրում վիրուսը չավելանա»:

Մեկնաբանություններ (5)

Annie Simonian Totah
This is a very moving story and Armenia has been great to welcome him. Since his background has been cleared, as mentioned in the article, I strongly recommend that his working papers be validated annually instead of quarterly. Also if he wants to live in Armenia, work hard without being a burden on the government and bring his family to join him, Armenia should allow him and help him to do so. Armenia is moving towards being a more democratic nation, and if unemployment is not in crisis mode, then our homeland should open its borders to welcome righteous people, just like Israel does. I also would like to send some finds to Abdul to help him temporarily with his financial needs. Can you please direct me to the proper organization to ensure that my donation goes directly to him and is not lost in the transition. Thank you very much and I look forward to hearing from you.
Tlkatintsi
Wishing him well!
Anna hakobyan
Իհարկե պետք է ապրելու իրավունք տալ երիտասարդին,եթե ոչ ,մենք ուրեմն մարդասեր ազգ չենք ,ինչպես որ խաղում ենք։
Գևորգ Մկրտչյան
Բարի գալուստ ։
Ռիտա
Բարև ձեզ։ ես ուզում եմ օգնեմ սիլա աբդուլային։ նրա հետ կոնտակտի կհան՞եք ինձ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter