HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ` «կանաչ» ֆինանսավորման խթանմանը

Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) հաստատել է Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած  Հայաստանում «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը: Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Կանաչ կլիմայի հիմնադրամը ամենամեծ «կանաչ» հիմնադրամն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) շրջանակներում։ Հիմնադրամի նպատակն է զարգացող երկրներին տրամադրել ֆինանսական մեխանիզմներ կլիմայի փոփոխությունների հետևանքների հանդեպ հարմարվողականության և մեղմման համար։ 

Այս նախագիծը ՀՀ-ում  հիմնադրամի կողմից առաջին դրամաշնորհային ծրագիրն է «կանաչ» ֆինանսավորման ոլորտում և իր ձևաչափով աննախադեպ է։
Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից հատկացվել է մոտ 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ ՀՀ-ում «կանաչ» ֆինանսավորման խթանմանը և  առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանն  աջակցելու նպատակով:

Հայտարարված մրցույթի արդյունքում «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի իրականացնող մարմին է ընտրվել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Վերջինս իրականացնելու է ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումը և դրամաշնորհի միջոցների արդյունավետ տեղաբաշխման վերահսկողությունը:

Դրամաշնորհը ուղղվելու է միջազգային և տեղական լավագույն փորձագետներին և խորհրդատուներին ներգրավելու համար, որպեսզի վերլուծվի Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման արդի իրավիճակը, ուսումնասիրվի միջազգային լավագույն փորձը։ Գործընթացները ներառելու են նաև շահառու ֆինանսական կառույցների փորձի և իրականացված նախագծերի ուսումնասիրություններ։ Ծրագրի իրականացումը թույլ կտա նաև գնահատել ոլորտի կարգավորիչ դաշտն ու դրա արդյունքում ձևավորել համապարփակ ճանապարհային քարտեզ։

«Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի շահառուներ են հանդիսանում Կենտրոնական բանկը, Ֆինանսաբանկային համակարգի մասնակիցները և  ոլորտին առնչվող մասնավոր ընկերությունները: Ծրագրի իրականացման արդյունքում բոլոր շահառուները հնարավորություն կստանան ծանոթանալ ուսումնասիրությունների արդյունքներին, ինչպես նաև էականորեն կբարելավեն իրենց կարողությունները և մեթոդաբանությունը «կանաչ» ֆինանսավորման ոլորտում: Իրականացված ուսումնասիրությունները հնարավորություն կտան ամրապնդել և զարգացնել ՀՀ-ում «կայուն» ֆինանսավորման ուղղությունը և ներգրավված շահառուները  կկարողանան ներգրավել ֆինանսական և տեխնիկական միջոցներ՝ իրենց գործունեությունը նշված ուղղություններով ընդլայնելու համար։

Հաշվի առնելով տվյալ ծրագրի արդյունավետ  իրականացման կարևորությունը բոլոր շահառուների և նաև պետության համար, խիստ կարևորում  ենք բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը ծրագրով նախատեսված միջոցառումներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter