
Պետբյուջե մուտքագրվող հարկերը նվազում են
Հայաստանի պետական բյուջե հավաքագրվող հարկերը ապրիլից սկսել են պակասել: Ընդ որում՝ նվազում է գրանցվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով:
Այս տարի, կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված, հայկական բիզնեսները մարտից սկսած զգալի վնասներ են կրում: Դա շղթայաբար ազդում է նրանց և առհասարակ բոլոր հարկատուների կողմից վճարված հարկերի վրա: Թեև Պետական եկամուտների կոմիտեն, ի դեմս՝ կառույցի նախագահ Դավիթ Անանյանի, հայտարարել է, որ մեր երկիրը պատրաստ է ցանկացած զարգացումների, սակայն առաջիկայում պետք է սպասել, որ այդ զարգացումները բացասական բնույթ են կրելու և ծանր են արժենալու բյուջեի համար: Ապրիլյան ցուցանիշները արդեն խոսում են այդ մասին:
Այս տարվա ապիլին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներ և պետական տուրքը կազմել են 151.6 մլրդ դրամ: 2019 թվականի նույն ամսվա համեմատ այն 15.1 մլրդ դրամով կամ 9%-ով նվազել է:
Տարեսկզբից (հունվար-ապրրիլին), պետբյուջե է հավաքագրվել 500.7 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 466.4 մլրդ դրամի դիմաց: Այսինքն՝ շնորհիվ հունվար, փետրվար և մարտ ամիսներին արձանագրված աճի, աճել է նաև հունվար-ապրիլի հարկերի ցուցանիշը՝ 34 մլրդ դրամով կամ 7.3%-ով:
Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազում է գրանցվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ՝ բնապահպանական հարկի:
Հարկերի կազմում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող շահութահարկն այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 11.8%-ով, իսկ ավելացված արժեքի հարկի ծավալները՝ 15.8%-ով:
Էական կրճատում է գրանցվել պետական տուրքի մասով՝ 2.6 անգամ:
Մաքսատուրքերի գծով ևս անկումը մեծ է (-46.5%):
Աճ է գրանցվել միայն բնապահպանական հարկերի գծով՝ 60.5%-ով:
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ 2019 թվականին Հայաստանի պետական բյուջե հավաքագրված հարկերի ծավալը կազմել է 1 տրլն 464.3 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 206.2 մլրդ դրամով կամ 16.4%-ով: Հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին է ապահովվել ՀՀ պետական բյուջեի եկամուտների 93.5%-ը: Պետք է նաև նշել, որ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշի վրա նվազեցնող ազդեցություն է ունեցել հարկերի վերադարձված գումարների աճը:
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշն, ըստ Ֆինանսների նախարարության հաշվետվության, 2019 թվականին կազմել է 22.35%, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2018 թվականի համապատասխան ցուցանիշը:
Սակայն, այս տարվա համար արդեն կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության անկում: Ապրիլի 29-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարել է, որ կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 22.1% ցուցանիշը: «Երբ հարկման բազան կրճատվում է, դա նույնիսկ նույն վարչարարության որակի պայմաններում հարկ-ՀՆԱ հարաբերակցության վրա բացասական ազդող գործոն է»,- ասել է նախարարը:
Ընդհանուր առմամբ, Ֆինանսների նախարարությունն այս տարվա համար կանխատեսում է 1 տրլն 433 մլրդ դրամ հարկային եկամուտների հավաքագրում: Մինչև բյուջեի օրենքում կատարված փոփոխությունները 2020 թվականի պետական բյուջեով կանխատեսվում էր, որ հարկային եկամուտների ծավալը կկազմի 1 տրլն 602 մլրդ դրամ:
Մեկնաբանել