HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դավիթ Անանյան. «Մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին»

Պետական եկամուտների կոմիտեն այս տարի բյուջեի թերակատում է սպասում, սակայն ՊԵԿ նախագահը վստահեցնում է, որ պետությունը պատրաստ է բոլոր զարգացումներին. այս պահին ամենաշատ տուժող բիզնեսները օժանդակություն կստանան։

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի բյուջեի ծրագրված եկամուտները կգերակատարվեն. նախատեսվածից ավելի շատ գումար է հավաքագրվում։ Սակայն, եկող ամիսներին թերակատարում է սպասվում։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ 

«Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ այս տարվա նույն եռամսյակում բյուջեի եկամուտների 15-16% աճ կունենանք, իսկ գումարային առումով աճը կկազմի 40-45 մլրդ դրամ»,- նշեց ՊԵԿ նախագահը։ Նրա խոսքով՝ այս աճը 2019 թվականի վերջերից և այս տարվա սկզբից իներցիոն թափի արդյունքներն են, որոնք չեն պահպանվել մարտից սկսած՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով, որն ազդում է տնտեսության վրա։ Իսկ այդ ազդեցությունները, ըստ Դավիթ Անանյանի, զգացվում են ամեն օր։

«Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե ինչքան, ես այս պահին պատրաստ չեմ ասել։ Եվ ոչ ոք պատրաստ չէ դա ասել։ Մենք անում ենք ամեն ինչ, որ հարկային վարչարարության և հարկատուների վարքագիծը չփոփոխվի և այն լավ փոխհարբերությունները, որ կան հարկ վճարողների և հարկային մարմնի միջև, պահպանվի։ Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք։ Կան ֆինանսական միջոցներ ներգրավելու թե՛ աղբյուրներ, թե ՛ հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության առաջիկայում  սպասվող դժվարությունները»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը։

Ըստ նրա՝ այսօր ցուցանիշներն այնքան արագ են փոփոխվում, որ դժվար է կանխատեսումներ անելը։

Հարկային արձակուրդներ չեն լինի. բիզնեսին օժանդակությունը հասցեական կտրամադրվի

Դավիթ Անանյանը նշում է, որ ստեղծված համաշխարհային իրավիճակում, ուսումնասիրելով միջազգային փորձը, Հայաստանի կառավարությունը եկել է եզրահանգման, որ տնտեսվարողների աջակցելու լավագույն ձևը ոչ թե հարկային արձակուրդներ կամ հարկային արտոնություններ տրամադրելն է, ինչպես անում են շատ երկրներում, այլ՝ հասցեական սուբսիդիաներն և օժանդակությունները։

«Ելնելով թե՛ տնտեսության, թե՛ հարկ վճարելու ձևավորված մշակույթի մեր առանձնահատկություններից ու դեռևս ոչ այնքան գոհացուցիչ մակարդակից՝ մենք ձեռնպահ մնացինք հարկային արտոնություններ և հարկային արձակուրդներ տրամադրելու ձևով աջակցություն ցուցաբերելուց, որ չունենանք հարկ վճարողների վարքագծի փոփոխություն։

Որոշեցինք, որ կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ և օժանդակություններ։ Հարկային հետաձգումներ չեն լինելու, լինելու են օժանդակություններ այն ծրագրի շրջանակներում, որն այսօր քննարկվում է»,- նշեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ օժանդակությունները լինելու են մի քանի փուլերով։

Անանյանը կարծում է, որ արդեն արդեն կկարողնան հստակեցնել օժանդակության մեխանիզմները և հասցեատերերին։

Ներկայում ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են առավելապես զբոսաշրջությունը, հանրային սնունդը, հյուրանոցային տնտեսությունները, որովհետև առավելապես խոցելի են հենց նրանք։ Նրանց համար նախատեսվում են անտոկոս փոխառություններ, սուբսիդիաներ։

«Դա շատ ավելի կարևոր է, քան այն հարկային արտոնությունները, որոնք կարելի էր տրամադրել։ Հանրային սննդի, զբոսաշրջության և հյուրանոցային տնտեսության ոլորտում գործող տնտեսվարողների քանակն այսօր 3851 է, որոնք միասին 2019 թվականի արդյունքներով պետական բյուջե են վճարել 10-12 մլրդ դրամ։ Հիմա, ենթադրենք, իրենց 30-40%-ն այսօր վճարելու դժվարություններ ունեն և եթե նրանց համար հարկերի վճարման ժամկետի հետաձգման արտոնություն կիրառվի, դա շատ ավելի փոքր օժանդակություն կլինի, քան օրինակ՝ այն 25  մլրդ դրամի օժանդակության փաթեթը, որ կառավարությունը տրամադրելու է մանր ու միջին ձեռներցությանը։ Մենք կարծում ենք, որ այս օժանդակությունը շատ ավելի էֆեկտիվ է, քան հարկերի հետաձգումը։ Մենք ավելի խորքային ու բովանդակային օժանդակություն ենք առաջարկում»,- համոզված է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Հիշեցնենք՝ Կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար բիզնեսին 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերվի։ Այսօրվա կառավարության նիստին հստակեցվել է, որ բիզնեսին 25 մլրդ դրամի աջակցության փաթեթը կդրվի հանրային քննարկման․ պատրաստվում է 25 և 80 մլրդ դրամանոց աջակցության երկու այլ փաթեթ։

Մնացած 20 մլրդ դրամն էլ՝ պահուստային միջոցներ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter